Ի՞նչ նոր «պլան» է առաջարկելու ՌԴ թիվ 1 դիվանագետը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ժամանել է Հայաստան։ Նա Երևան է եկել Բաքվից, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ՝ Լավրովն ասել է, որ չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Մինսկի խմբում ռուս-ամերիկյան գործակցությունը չի տուժել, և Մոսկվան Ղարաբաղյան խնդրում ունի նույն դիրքորոշումը, ինչ և Փարիզն ու Վաշինգտոնը: Միաժամանակ, Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը շատ ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում։ Այժմ հայկական փորձագիտական շրջանակները փորձում են գուշակել՝ Երևանին ի՞նչ նոր «պլան» է առաջարկելու ՌԴ թիվ 1 դիվանագետը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Զուրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում նկատեց, որ Ռուսաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները, մասնավորապես՝ այն երկրները, որոնք ամբողջությամբ չեն անջատվել իրենից, և այդ պրոցեսը շարունակվում է։ «Ողջունելի է, որ մենք լսել ենք մտքեր, որոնք, կարծում եմ, բավականաչափ դրական են, այսինքն՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Ադրբեջանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, միևնույն ժամանակ նշել է, որ որևէ պարտադրանք չկա։ Եթե տողատակը դիտարկենք, սա կարելի է գնահատել, որ Արցախի շուրջ գործարքը, որպես այդպիսին, չի կարող պայման հանդիսանալ ԵԱՏՄ-ին Բաքվի մաս կազմելու համար»,- նշեց Ա.Զուրաբյանը։

Նա ողջունելի է համարում նաև Ռուսաստանի վերահաստատումը, որ պահպանում է ՄԽ համանախագահների կողմից տարվող գիծը։ Նա նշեց, որ երևանյան այցի ընթացքում ավելի պարզ կդառնա, թե կոնկրետ ինչ խնդիրների շուրջ է եղել խոսակցությունը Բաքվում։ Ա.Զուրաբյանը չբացառեց, որ Բաքուն, հաշվի առնելով, որ նոյեմբերի 24-ին ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրելու, կփորձեր դա օգտագործել որոշակի ուղղությամբ Հայաստանին խոչընդոտելու կամ իր կշիռը բարձրացնելու առումով. «Սակայն, ես կարծում եմ, որ ամսի 24-ին կնքվելիք համաձայնագրի հետ կապված՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը ՌԴ-ի հետ ունի հստակ պայմանավորվածություններ, և չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կարող է փոխվել։ Ուստի որևէ անակնկալ չեմ սպասում»։

Մեր երկիր Լավրովի այցից անակնկալ կամ ինչ-որ նոր պլան չի ակնկալում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Այն պլանները, ինչ եղել են, դրանց մասին արդեն նախօրոք նախագահները հանդիպումների ժամանակ որոշումներ կայացրել են, նոր անակնկալներ, չեմ կարծում, որ կլինեն»,- ասել է նա։

Վ.Բաղդասարյանը բնական է համարում, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ դրա մեջ ներգրավելով նաև Ադրբեջանին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը չի ուզում բաց թողնել Ադրբեջանին, քան որ համոզված է, որ մի օր հակամարտող կողմերի միջև հաշտություն է լինելու. «Եթե ձեզ թվում է, թե ամբողջ Ռուսաստանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պետք է ապրի միայն Հայաստանի պրոբլեմներով, ես այդպես չեմ կարծում։ Նրանք մտածում են, որ վերջիվերջո այս հանգուցալուծումը պետք է լինի, գնալու են հաշտության, ինչի՞ բաց թողնեն Ադրբեջանին, նա էլ կարող է ԵԱՏՄ-ի մեջ լինել, քանի որ նաև պոստսովետական երկիր է։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Բայց այլ բան է ցանկությունը, այլ բան է՝ իրականացումը»,- ասել է Վ.Բաղդասարյանը։

Սակայն, ըստ նրա, այս փուլում, քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ անդամ. «Ես այդ խնդրի լուծումը չեմ տեսնում, որովհետև դուք գիտեք, որ, եթե այդ քվեարկություններին որևէ երկիր դեմ է լինում, նա չի կարող մասնակցել»։

«Ինչո՞ւ է Լավրովը նախ Բաքու այցելել, ապա նոր միայն Երևան» հարցին Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ ԱԳ նախարարը կամ ՄԽ համանախագահները նման շրջայց են կատարում՝ Երևան-Բաքու կամ Բաքու-Երևան։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Լավրովի այցը միտված է լուծելու 2 խնդիր. «Նախ՝ ՌԴ արտգործնախարարն օրերս հանդիպել է Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ, և սա ցույց է տալիս, որ այս այցերն ունեն տարածաշրջանային նշանակություն։ Այդ հարաբերությունները, որ այժմ Ռուսաստանը ստեղծում է Իրանի և Թուրքիայի հետ, այսինքն՝ այդ եռանկյունը, դրա ամրացման ուղղությամբ են ինչ-որ քայլեր արվում, որովհետև ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև համաձայնություն եղավ Սիրիայի հարցով, որը, իհարկե, խնդիրներ ստեղծեց և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար։ Կարծում եմ՝ այս առումով քննարկելու շատ հարցեր կային, ու, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը, այսպես թե այնպես, առնչվում են այդ խնդիրների հետ, հատկապես՝ Ադրբեջանը, բնական է, որ պետք է այցելություն լիներ տարածաշրջանի երկրներ»։

Ղարաբաղյան խնդրի շուրջ ՄԽ համանախագահների հետ նույն դիրքորոշումն ունենալու մասին հայտարարությունը, ըստ Մ.Սարգսյանի, ընդամենը «բոլորի բերանը փակելու» խնդիր է լուծում, և առաջին հերթին՝ Ադրբեջանի, որ որևէ հույս չունենա և առանձին որևէ լուծում Ղարաբաղի հարցով չի լինելու. «Դա ակնհայտ երևաց դեռ 1 շաբաթ առաջ, երբ մեծ անորոշություն կար Վիեննայի որոշումների կատարման հետ, Ժնևևից հետո մեծ աղմուկ բարձրացավ, որ Հայաստանը ետ է կանգնում դրանից, Ադրբեջանը ոգևորված՝ ամեն կերպ ուզում էր աշխատեր, բայց մենք տեսանք, որ Վիեննայում, երբ ԵԱՀԿ մշտական խորհուրդը հավաքվեց, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչները նորից հստակ ասացին, որ խնդիրներից խնդիրը Վիեննայի որոշումներն են։ Դրանով էլ, փաստորեն, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Եվ այժմ էլ Լավրովը երևի վերջին անգամ Բաքվին ասաց, որ բոլորի հետ միասին են որոշում, չի կարող որևէ առանձին որոշում լինել, և խորհուրդ տվեց, որպեսզի մտածեն ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին»։

Տեսանյութեր

Լրահոս