«Մենք քաղաքական շատ կարևոր քայլ ենք անում, որով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում է՝ որպես աստղագիտական կենտրոն». Արեգ Միքայելյան
Այսօր ՀՀ ԳԱԱ Նախագահությունում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան մեկնարկեց իր պաշտոնական անդամակցությունը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին:
Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի՝ աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։
Թուրքիայի անդամակցության պայմանագիրը կնքելու նպատակով Հայաստանում հյուրընկալվել է աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն արարողությունը մեկնարկեց պաշտոնական հայտարարությամբ.
«Հայաստանը դեռևս 2015 թվականից համարվում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից պաշտոնական կարգավիճակ ունեցող տարածաշրջանային՝ Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական կենտրոն: Այսօրվանից Թուրքիան ևս միանում է մեր կենտրոնին և իր ցանկությունն ու բարի կամքն է հայտնում՝ աշխատել և աստղագիտության զարգացման համար գործունեություն ծավալել նաև մեր կենտրոնի համակարգում: Ինձ համար շատ կարևոր է հայտարարել, որ մենք, ինչ-որ տեղ նաև քաղաքական շատ կարևոր քայլ ենք անում, որով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում է՝ որպես աստղագիտական կենտրոն: Թեև սա սահմանված էր Միջազգային աստղագիտական միության կողմից, բայցևայնպես, հիմա դա տեղի է ունենում պաշտոնապես, և թուրքերը միանում են մեր կենտրոնին»:
Հայաստանում հյուրընկալված աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնում է՝ սա հայաստանյան երկրորդ այցն է.
«Նախկինում Հայաստանի հետ համագործակցությունը տեղի էր ունենում անհատական և նեղ շրջանակներում: Այսօր արդեն Միջազգային աստղագիտական կենտրոնի հիմնադրած տարածաշրջանային գրասենյակը մեզ լայն հնարավորություններ կտա՝ ավելի համակարգված և սերտ հիմքերի վրա դնելու հայ- թուրքական գիտական կապերը: Աստղագիտությունը զարգացած է նաև Թուրքիայում՝ Էրզրումում, որը Հայաստանի հետ նախկինում խորը կապեր է ունեցել: Էրզրումում այս պահին 4 մետր շառավղով մեծ դիտակ է կառուցվում, որը տարածաշրջանում, թերևս, ամենամեծն է: Մենք հենց այս դիտակի շուրջ էլ կարող ենք համագործակցել: Պարսկաստանը հիմա նույնպես նոր դիտակ է կառուցում՝ 3.5 մետր շառավղով, այսպիսով՝ հզորացնելով տարածաշրջանը: 2018 թվականին Էրզրումի ամառային միջազգային դպրոցը նախատեսում է ենթակարմիր աստղագիտությանը նվիրված ընդարձակ դասընթացների շարք, որին մենք նախատեսում ենք հրավիրել նաև հայկական կողմի գիտական ներկայացուցիչների»:
Համաձայնագրի կնքումից հետո Իրանից Հայաստան ժամանած և արարողությանը մասնակցող պրոֆեսոր Բադե Ին ասաց. «Ես պարսիկ եմ, բայց մի փոքր տիրապետում եմ հայերեն լեզվին և ուզում եմ ասել, որ ողջունում և շնորհավորում եմ բոլորին: Սա փաստում է այն մասին, որ գիտնականները կարող են լինել նաև խաղաղության առաքյալներ, որովհետև սա շատ կարևոր է: Որքան էլ երկրները միմյանց հետ տարաձայնություններ և խնդիրներ ունենան, պետք է լինի մեկը, ով կանի առաջին քայլը՝ ինչ-որ բան փոխելու ուղղությամբ: Շատ ուրախալի է, որ այդ քայլերն արվում են հատկապես գիտական աշխարհի ներկայացուցիչների կողմից»:
Տեղեկացնենք, որ Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն են այսօրվանից՝ Թուրքիան, ինչպես նաև՝ Իրանը, Վրաստանը, Ղազախստանը և Տաջիկստանը: Վերջինիս կենտրոնի միացումը զգալիորեն ընդարձակել է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով նախապես «Հարավ արևմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվել է «Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»: