Բաժիններ՝

«ԵՊՀ դասախոս եմ, բայց ինձ ոչ ոք չի ասել՝ «ասուլիս չտաս», կամ ասուլիսից հետո ինձ ոչ ոք չի ասել, թե՝ «ինչո՞ւ ես նման բան ասել»». Սերոբ Խաչատրյան

«Կրթական համակարգում մենք ունենք կուսակցականացման և քաղաքականացման խնդիր, և դա շատ է խանգարում բուհերի զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Նա նկատեց, որ այդ խնդիրն ավելի սուր ձևով առկա է դպրոցական համակարգում. «Տեղի է ունենում ավելի դաժան երևույթ՝ կուսակցական շահագործում: Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, ուր կրթական համակարգին ազատություն է պետք: Կրթության ոլորտին պետք են ազատամիտ, ստեղծագործող դասախոսներ և ուսուցիչներ, որովհետև միայն այդ ձևով նրանք կկարողանան նմանատիպ աշակերտներ ու ուսանողներ ունենալ»:

Խոսելով վերջին զարգացումների՝ տարկետման իրավունքի վերացման համար ուսանողների կողմից տարվող բողոքի ակցիաների մասին, Ս. Խաչատրյանն ասաց, որ ինքը մի քանի օր առաջ ասուլիս է տվել այդ թեմայով, և իրեն որևէ նկատողություն կամ հորդոր չի ուղղել Համալսարանի ղեկավարությունը.

«ԵՊՀ դասախոս եմ, բայց ինձ ոչ ոք չի ասել՝ «ասուլիս չտաս», կամ ասուլիսից հետո ինձ ոչ ոք չի ասել, թե՝ «ինչո՞ւ ես նման բան ասել»: Այս վերջին օրերին ԵՊՀ-ն հայտնվեց թիրախում, բայց եկեք օբյեկտիվ լինենք: Կա՞ Հայաստանում մեկ այլ բուհ, որտեղ գոնե տարակարծություններ կան: Ես ինքս չեմ ընդունում, որ դռներ են փակվում, ներկա-բացակայի առումով մի փոքր խստություն կա վերջին օրերին, բայց, ամեն դեպքում, եկեք տեսնենք, որ այս պահի դրությամբ ԵՊՀ-ն միակ համալսարանն է, որտեղ գոնե ավելի տարակարծություն կա: Ես, օրինակ, չգիտեմ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի կամ Ֆրանսիականի դեկանների կամ դասախոսների մեջ կա՞ն մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում կամ ցույցեր են կազմակերպում:

Իհարկե, դոմինանտ մշակույթը մեր բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, շարունակում է մնալ հարմարվողականությունը: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր դեմ են խոսում, նրանք փոքրամասնություն են, բայց, ամեն դեպքում, ԵՊՀ-ում կան մարդիկ, ովքեր ազատ արտահայտվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս