
Գիտնականները ճարպակալման դեմ պայքարի պարզ միջոց են գտնել

Ասպրոզին հորմոնի պարունակության նվազեցումը, հորմոն, որը պատասխանատու է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի համար, նպաստում է քաղցի զգացման թուլացմանը եւ մարդու կողմից գործածվող սննդի քանակության նվազեցմանը:
Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Medicine հանդեսում։ Կլինիկական դիտարկումների ընթացքում ԱՄՆ-ի Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ անոմալ թույլ ախորժակով որոշ հիվանդներ մուտացիա ունեն FBN1 գենում: Պարզվել է, որ այդ խմբի մարդկանց մոտ բացակայում է սպիտակուցի ոչ մեծ հատված, որից առողջ մարդու օրգանիզմում ձեւավորվում է ասպրոզինը:
Հորմոնի հետագա ուսումնասիրումը ցույց է տվել, որ միացությունը փոխներգործում է հիպոտալամուսի նեյրոնների հետ: Հետազոտության համաձայն՝ ասպրոզինը տարբեր ազդեցություն է գործում երկու տիպի նյարդային բջիջների վրա. AgRP նեյրոնների, որոնք խթանում են ախորժակը, եւ POMOC նեյրոնների, որոնք ճնշում են այն:
Դրա հետեւանքով հորմոնն ուժեղացնում է քաղցի զգացումը՝ օրգանիզմին հարկադրելով ավելի շատ սնունդ պահանջել: Բացի դրանից, գիտնականները հայտնաբերել են, որ մարմնի ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ ասպրոզինի մակարդակը բարձր է: Հետազոտողները նշում են, որ արդեն մշակել են միջոց, որը լիովին չեզոքացնում է հորմոնի ներգործությունը, ինչպես նաեւ կատարել են առաջին կլինիկական փորձարկումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: