Դեպի ո՞ւր է շարժվում Հայաստանը
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2017թ. ամռանն անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց հայ հասարակության տրամադրություններում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ տեղի ունեցած լուրջ փոփոխությունները: Հարցումն անցկացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլն), և դրան մասնակցել է 900 հարցվող: Այդ 900 հարցվողներից 44.7%-ը Երևանից էր, 55.3%-ը` ՀՀ այլ մարզերից: Բացի այդ հարցվածների 55.1% -ը կանայք են, 44.9% -ը` տղամարդիկ:
Հարցման հիմնական նպատակն էր այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ` ԵՏՄ-ը, ՀԱՊԿ-ը, ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության տրամադրությունների ուսումնասիրումը: Հարցաթերթը ներառում էր տասնհինգ հարց, որոնք առաջարկվում էին պատասխանել հարցվողներին: Հարցումն անանուն էր, որպեսզի մարդիկ ազատորեն արտահայտեին իրենց կարծիքը:
Սույն հոդվածում բերենք միայն այդ հարցման որոշ արդյունքներ, որոնք խոսում են վերջին մի քանի տարիներին հայ հասարակության տրամադրությունների մեծամասշտաբ փոփոխությունների մասին: Ինչպես նաև կփորձենք պատասխանել ծագած որոշ հարցերի:
Հարցվածների միայն 34.33%-ն է Ռուսաստանին համարում Հայաստանի ռազմավարական գործընկերը, իսկ այդպիսին չի համարում հարցվողների 30,56%-ը: Հարցվածների 25.67%-ը կարծում է, որ Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, իսկ այդ կարծիքին դեմ է 30,56%-ը: Հարցվածների մոտ 56.33%-ը Ռուսաստանի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա բացասական է համարում, և միայն 40.11%-ն է դրական համարում: Հայաստանի քաղաքացիներն էլ ավելի քննադատական վերաբերմունք ունեն ՀԱՊԿ-ի նկատմամբ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այսպես, հարցվածների միայն 15,78%-ն է կարծում, որ ՀԱՊԿ-ն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, իսկ 41,33%-ն այդպես չի կարծում: Բացի այդ հարցվածների 63,44%-ը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի օգնի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, և հարցվածների միայն 31,22%-ն է հավատում ՀԱՊԿ-ին:
Այս հարցերի պատասխաններից արդեն տեսանելի է, թե որքան քննադատորեն է տրամադրված հայ հասարակությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քաղաքականության նկատմամբ: Մեզ համար այս արդյունքները տրամաբանական են, քանի որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, Հայաստանը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական աջակցություն ստացավ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից: Ակնհայտ է, որ երկրի քաղաքացիները հիասթափված են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քաղաքականությունից, նրանց նման «տարօրինակ» վարքագծից հետո: Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրվելուց հետո Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից արված հայտարարություններն ուշացած էին և բացի այդ հասցեական չէին:
Դեռ ավելին, հենց ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակահատվածում, երբ ադրբեջանցի զինծառայողները, օգտագործելով համազարկային կրակի ռուսաստանյան համակարգերը, սպանում էին հայ զինվորների և քաղաքացիական անձանց, Ռուսաստանի պաշտոնատար անձինք ցինիկաբար հայտարարում էին, որ Ադրբեջանին գերժամանակակից ռուսական զենքի վաճառքն (այդ գործարքն արժեր միլիարդավոր դոլարներ) ընդամենը բիզնես ծրագիր է: Ակնհայտ է, որ նման պայմաններում, երբ ռուսական իշխանությունների կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող քաղաքականությունն այդքան «շահադիտական է», հարցման այլ արդյունքներ ակնկալելը շատ միամիտ կլիներ:
Այս կապակցությամբ բազմաթիվ հարցեր են առաջանում: Առաջինը վերաբերում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին: Ի վերջո, Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարող էր ավելի լուրջ աջակցություն ակնկալել նրանից: Այս պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում ստորագրված տասնյակ երկկողմ համաձայնագրերով, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով (նշենք, որ այդ բազան Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության միակ օրինական վայրն է):
Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1995թ. մարտին` 25 տարի ժամկետով: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետը երկարաձգվել է 49 տարով, ինչպես նաև ընդլայնվել են այդ ռազմաբազայի գործառույթները: Եթե նախկինում ռուսական ռազմակայանը պաշտպանում էր Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները, ապա համաձայնագրի երկարաձգումից հետո բազայի գործառույթների մեջ է մտնում նաև Հայաստանի անվտանգության ապահովումը (այսինքն ղարաբաղյան չլուծված հակամարտության պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման դեպքում ենթադրվում է հնարավոր միջամտություն): Դեռ չենք խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև 1997թ.-ից գործող «բարեկամության և փոխօգնության» և շատ այլ պայմանագրերի մասին, որոնք կողմերին պարտավորեցնում են աջակցել միմյանց ճգնաժամային իրավիճակներում:
Երկրորդը, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն է: Հետևաբար անթույլատրելի է, որ նա, որպես հակամարտության կարգավորման միջնորդ, միաժամանակ նաև զենք է վաճառում հակամարտության կողմերին (թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին. ճիշտ է՝ Ադրբեջանին վաճառում է 20 անգամ ավելի շատ զենք, քանի որ նրանք ավելի շատ ֆինանսական հնարավորություններ ունեն): Սրանով տեղի է ունենում Հարավային Կովկասի ռազմականացումը` ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացմամբ: Հետևաբար, այդ թվում նաև այդ պատճառով է հարցվածների 56,33%-ը Ռուսաստանի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա բացասական համարում, ինչպես ներկայացվեց վերևում:
Հայ հասարակության տրամադրությունների վրա լուրջ ազդեցություն ունեցավ նաև 2015թ. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունից հետո դրական տնտեսական արդյունքների բացակայությունը: Դեռևս 2014թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի Ազգային ժողովում տեղի էր ունենում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցով քվեարկությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև ընդդիմությունը, քվեարկեցին այս ինտեգրացիոն նախագծի օգտին: Հասարակության մեջ կային նաև լուրջ ակնկալիքներ, քանի որ Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ կստեղծվի մի այնպիսի միություն, որը շատ մոտ կլինի ԽՍՀՄ-ի կառուցվածքին, ինչը նշանակում է, որ Մոսկվան կսկսի օգնել Հայաստանին:
Փորձագետների, այդ թվում նաև այս տողերի հեղինակի կողմից բերված փաստարկները, որ այդ հանրապետությունների առջև Ռուսաստանը չի կրելու այն նույն պարտավորությունները, ինչ գոյություն ունեին խորհրդային ժամանակներում, որ Հայաստանը չունի ԵԱՏՄ-ի հետ համատեղ սահման, և, հետևաբար, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ չի լինի, որ Ռուսաստանի համար դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ծրագիր է, որ Ռուսաստանում լուրջ տնտեսական ճգնաժամ է և այլն, և այլն, չաշխատեցին: Սակայն երկուսուկես տարիների ընթացքում, երբ սկսեցին գործել այս ինտեգրացիայի տարբեր հրահանգներ և դրույթներ, որոնք ուղղակիորեն հարվածում են Հայաստանի շարքային քաղաքացիների շահերին, հայ հասարակությունը սկսեց հասկանալ իրավիճակի լրջությունը:
Իսկապես, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ներդրումները ԵՏՄ-ի կազմում լինելու ժամանակահատվածում պակասել են 2,5 անգամ, իսկ հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան և ԵՏՄ-ի երկրներ կազմում է Հայաստանի արտահանման ընդամենը 22%-ը (ինչը նշանակում է, որ երկրում արտադրված ապրանքները հիմնականում վաճառվում են այլ շուկաներում): Լուրջ սահմանափակումների է ենթարկվել Վրաստանի և Իրանի հետ սահմանային առևտուրը, ինչը հարվածել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի հասարակ բնակիչների շահերին, իսկ դա չէր կարող չազդել հասարակական տրամադրությունների վրա: Ըստ այդմ, ԳՏՀՎԿ-ի կողմից արված վերոնշյալ սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հարցվածների մոտ 50.67%-ը բացասաբար է գնահատում երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նշեմ, որ վստահ եմ, որ Կրեմլում քաջատեղյակ են վերջին տարիներին հայ հասարակության մեջ գերիշխող տրամադրությունների մասին: Թվում էր, թե դա կարող է հանգեցնել Հայաստանում իրականացվող աշխատանքի ինչպես մեթոդների, այնպես էլ մոտեցումների փոփոխությանը: Այսպես, եթե Ռուսաստանն ավանդաբար աշխատել է հայկական բյուրոկրատիայի և օլիգարխիայի հետ՝ միաժամանակ օգտագործելով իր քարոզչամեքենան (Հայաստանում գրեթե բոլոր ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են առանց սահմանափակումների), ապա ստեղծված նոր իրավիճակում կարելի էր ակնկալել նաև շեշտերի փոփոխություն նրա քաղաքականության մեջ, օրինակ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կամ անկախ փորձագիտական հանրության հետ ավելի ակտիվ համագործակցությունը, որը լուրջ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքացիների տրամադրությունների վրա, կամ էլ կարելի էր ակնկալել Հայաստանում աշխատանքի անհասկանալի և ոչ թափանցիկ տնտեսական սխեմաներից անցում դեպի տնտեսության մեջ իրական շուկայական հարաբերությունների:
Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռուսական իշխանությունները նախընտրում են օգտագործել աշխատանքի «ավանդական» մեթոդները: Այսպես, վերջին ամիսներին ռուսական և նրան ենթակա հայաստանյան մամուլում ավելի են հաճախակիացել հարձակումները հայկական անկախ ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ), ինչպես նաև հայտնի փորձագետների և իրավապաշտպանների վրա, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերիշխանության հաստատման, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու, ազատ ԶԼՄ-ների համար և այլն:
Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ, քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, որ հայկական այդ հասարակական կազմակերպությունները և փորձագետները ռուս-հայկական բարեկամության թշնամիներ են, և որ նրանք իբր ցանկանում են ապակայունացնել Հայաստանը: Հարձակումների այդ «խմբերգում» լսելի են նաև քիչ հայտնի հայ փորձագետների և կեղծ հասարակական կազմակերպությունների (GONGO) ձայները:
Կարծում եմ՝ դա շատ անհեռատես քաղաքականություն է, որն արդեն կհանգեցնի նրան, որ հայ հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ քննադատական տրամադրությունները կտեղափոխվեն քաղաքական միջավայր: Իսկապես, եթե այսօր Հայաստանի Ազգային ժողովում ինը պատգամավորներից բաղկացած միայն մեկ խմբակցություն («Ելք դաշինք») է հարց բարձրացնում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին և երկրի ապագան կապում Եվրոպական ինտեգրման հետ, ապա արդեն մոտ ապագայում այդ դիրքերում կանգնած կուսակցությունների թիվը զգալիորեն կավելանա:
Այնուհետև կցանկանայի նշել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ հարցման արդյունքները: Այստեղ մենք նույնպես լուրջ փոփոխություններ ունենք մարդկանց հայացքներում: Այսպես, 78,67%-ը սխալ է համարում 2013թ. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը (հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերին՝ նախքան «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովը, Հայաստանի ղեկավարությունը բավականին անսպասելիորեն հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին: Միաժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ ԵՏՄ-ի անդամ): Հետաքրքիր է, որ հարցվածների 88,67%-ն արտահայտվել է ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցության օգտին: Հայաստանի քաղաքացիները բավականին բարձր են գնահատում ԵՄ-ի օգնությամբ Հայաստանում իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումները:
Այսպես, ԵՄ աջակցությունը դրական է գնահատում հարցվածների 35.22%-ը, իսկ 50,44%-ը` մասամբ դրական: Բացի այդ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բարձր են գնահատվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերերը: Այսպես, քաղաքացիների մոտ 35,44%-ը կարծում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը կօգնի խաղաղ ճանապարհով լուծել այդ հակամարտությունը, իսկ 37.00%-ը կարծում է, որ մասամբ կօգնի: Սակայն ԳՏՀՎԿ-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման հիմնական արդյունքն այն է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ապագայի օգտին են արտահայտվել հարցվածների 58.89%-ը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին` մոտ 61,67%-ը:
Ցանկանում ենք նշել, որ Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում մի շարք կազմակերպություններ հայ հասարակության տարբեր տարիքային և սոցիալական խմբերի շրջանում հարցումներ են անցկացրել (տե՛ս, օրինակ): Այդ հետազոտությունները նվիրված էին հայ հասարակության մեջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ տրամադրությունների ուսումնասիրմանը: Եվ դրանցում նկատելի էր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ հայ հասարակության հետաքրքրության կայուն աճը: Այդ իսկ պատճառով Եվրամիությանը (58.89%) և ՆԱՏՕ-ին (61,67%) Հայաստանի անդամակցության ապագայի օգտին մեր կողմից ստացված բարձր տոկոսները մեծ զարմանք չեն առաջացնում: Հայաստանի քաղաքացիները հիասթափված են Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քաղաքականությունից և հենց այդ պատճառով էլ փնտրում են այլընտրանքներ:
Որպեսզի ցույց տանք, թե ստացված արդյունքները որքան ներկայացուցչական են, մեր կողմից տրվել է իրավիճակի հետևյալ գնահատականը՝ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Հայաստանի անդամակցության ապագայի համար ցուցանիշների հնարավոր փոփոխությունը, եթե մեր սոցիոլոգիական հարցման մեջ գյուղական վայրերում ապրող բնակիչների մասն ավելանար 25%-ով (ինչպես հայտնի է, ավանդաբար գյուղական շրջաններում բնակիչների ավելի բարձր տոկոսն է իր ապագան կապում Ռուսաստանի և Եվրասիական միության հետ): Պարզվեց, որ դա միայն 3-5%-ով կկրճատեր Եվրոպայի և եվրատլանտյան ինտեգրացիայի կողմնակիցների տոկոսը Հայաստանում:
Ցանկանում ենք այստեղ մատնանշել նաև այլ գործոններ, որոնք, մեր կարծիքով, լրջորեն ազդում են հայ հասարակության տրամադրությունների վրա: Այսպես, Հայաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիներ ամեն տարի հանգստանում են Վրաստանի սևծովյան ափին: Նրանց գրավում են ինչպես հանգստի գնային մատչելիությունը, այնպես էլ մատուցվող ծառայությունների բազմազանությունը (հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ, ատրակցիոններ, իդեալական մաքուր լողափները և շատ այլ բաներ), ինչպես նաև զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող ոստիկանության հիանալի աշխատանքը:
Եվ քանի որ հայ հասարակության մեջ Վրաստանի հաջողությունները, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում ունեցած հաջողությունները, կապում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարևան երկրի ակտիվ համագործակցության հետ, ապա դա խոր հետք է թողնում Հայաստանի քաղաքացիների հասարակական կարծիքի վրա:
Այս գործընթացում վերջին շտրիխն այս տարվա փետրվարին Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ձեռքբերումն է: Ակնհայտ է, որ զարգացման Վրաստանի մոդելն ավելի գրավիչ է, քան այն, ինչ մենք այսօր ունենք Հայաստանում` անպատժելի կոռուպցիա, ռուսական պետական կորպորացիաների հետ ստվերային տնտեսական և ֆինանսական մեխանիզմներ, հայկական օլիգարխիայի անվերահսկելի գործողություններ և նրանց կողմից փոքր ու միջին բիզնեսին խեղդելը, Ռուսաստանի օլիգարխների սերտորեն համագործակցությունը հայկական բյուրոկրատիայի ու օլիգարխիայի հետ և շատ այլ բաներ:
Իհարկե, մենք կարող էինք վկայակոչել Հայաստանի քաղաքացիների տրամադրություններում լուրջ փոփոխությունների հանգեցրած այլ գործոններ ևս: Օրինակ, մեր քաղաքացիների հաճախակի դարձած այցելությունները եվրոպական երկրներ, որտեղ նրանք հստակ տեսնում են, թե ինչպես են գործում այնպիսի ժողովրդավարական սկզբունքները, ինչպիսիք են օրենքի գերիշխանությունը և իշխանությունների տարանջատումը:
Սակայն դա էլ բավական է հասկանալու համար, թե ինչ է պետք անել` երկրում անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ իրականացնել, ներառյալ կոռուպցիայի դեմ իրական պայքարը, խտրականության, ինչպես նաև ընտանեկան բռնության դեմ օրենսդրության ընդունումը: Կենսականորեն կարևոր նշանակություն ունի 2017թ. նոյեմբերին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ նոր պայմանագրի (ՀԸԳՀ) ստորագրումը: Բացի այդ պետք է վերադառնալ բազմավեկտոր տարածաշրջանային քաղաքականությանը: Միգուցե ճիշտ կլիներ, որ սառեցվեր մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ի մի շարք ծրագրերում և շատ այլ բաներում, որոնք կհամապատասխանեին Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին ու պահանջներին:
Մտահոգության առանձին թեմա է այն, որ Հայաստանի Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) քաղաքական ուժերի դասավորվածությունը ոչ մի ընդհանրություն չունի հայ հասարակության մեջ առկա տրամադրությունների հետ: Ինչպես արդեն նշվեց վերևում, Հայաստանի քաղաքացիների մոտ 59%-ը երկրի ապագան տեսնում է եվրոպական ինտեգրման մեջ, այն դեպքում, երբ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների միայն 8%-ն է (Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից «Ելք» դաշինքի 9 պատգամավորները) կիսում այդ տրամադրությունները: Ակնհայտ է, որ դա լուրջ խնդիր է երկրի համար, երբ խորհրդարանը ոչ մի կերպ չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2017թ. ապրիլին:
Քաղաքական էլիտայի և բյուրոկրատիայի հեռացվածությունը ժողովրդից և նրա ձգտումներից` ահա թե ինչն է մոտ ապագայում քաղաքական լրջագույն լարվածությունների հիմքը: Դրա մասին պետք է մտածել արդեն հիմա՝ ընդհուպ Հայաստանում բազմակուսակցական ընտրական համակարգի վրա հենվող նոր, ավելի թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Իսկ դա արդեն հնարավոր է, որը կօգնի խուսափել երկրում քաղաքական ցնցումներից:
Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)