Զինվորը կորցնում է գիտակցությունը, սակայն պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և ուղարկվել զորամաս. Բաց նամակ Վիգեն Սարգսյանին
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Պաշտպանության նախարարին: Բաց նամակում մասնավորապես ասվում է.
«Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ հիվանդությունների ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների և արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Այնուհետև՝ ս.թ. մայիսի 4-ին նույն հարցով հանդես ենք եկել Ձեզ ուղղված բաց նամակով, որի հրապարակումից հետո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ զինվորական դատախազությունից ստացված նյութերի հիման հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, նամակի հրապարակումից հետո Ա. Ղազարյանը տեղափոխվել է N հոսպիտալ, որից հետո որոշ ժամանակ անց՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ա. Ղազարյանը զինվորական ծառայության է զորակոչվել ս.թ հունվարի 27-ին: Զինվորական ծառայության 9 ամիսներից ավելի քան 6 ամիսը նա գտնվել է տարբեր հոսպիտալներում, իսկ զորամասում գտնվելու ժամանակ՝ բուժկետում: Ըստ էության, Ա. Ղազարյանը գեթ մեկ օր զինվորական ծառայություն չի իրականացրել:
Սրանով հանդերձ, ըստ ամենայնի, նրա նկատմամբ թե ԿԿԶՀ-ի համապատասխան եզրակացության, և թե ԿՌԲՀ-ի կողմից ս.թ. հոկտեմբերի 30-ին զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ ընդունվել է դրական որոշում, այն դեպքում, երբ տառացիորեն ԿՌԲՀ-ի նիստից մեկ օր առաջ Ա. Ղազարյանը կորցրել է գիտակցությանը, իսկ արդեն դուրս գրվելուց հետո N հոսպիտալում գտնվելու ժամանակ կրկին անգամ կորցրել է գիտակցությունը, որին հաջորդել է բերանից արյունահոսություն:
Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա է տագնապ ու անհագստություն իրենց որդու առողջական վիճակի առումով: Թեև ըստ հետազոտությունների արդյունքների, նրա մոտ հերքվում է «Էպիլեպսիա» հիվանդությունը, այդուհանդերձ, պարբերաբար գիտակցության կորստի վերաբերյալ որևէ հստակություն այս պահին գոյություն չունի, ավելին՝ տպավորություն է, որ այդ առումով բժիշկները որևէ պատասխան չունեն: Ասել է թե՝ մինչև օրս որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե ո՞րն է Ա. Ղազարյանի գիտակցության կորստի պատճառը:
Բացի այդ, Ա. Ղազարյանը տառապում է թվով հինգ այլ հիվանդություններով, որոնց հանրագումարը հիմք է տալիս պնդելու, որ բավականին վիճահարույց է Ա.Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:
Ավելին, հայտնում ենք մեր տարակուսանքը, որ ավելի քան 9 ամիս զինվորական ծառայության զորակոչված զինծառայողը, ով նշված ամբողջ ժամանակահատվածում գտնվել է հոսպիտալներում և բուժկետերում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար այն դեպքում, երբ շարունակվում է նրա մոտ առկա մնալ գիտակցության կորուստը, որն ուղեկցվում է արնահոսմամբ:
Ա. Ղազարյանին զինվորական ծառայության ուղարկելով՝ մենք վտանգի տակ ենք դնում նրա առողջական առանց այդ էլ ոչ բավարար վիճակը՝ հետագա անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Պնդում ենք, որ նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով:
Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով Ա. Ղազարյանի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս միջնորդում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին պահել բժշկական մշտական հսկողության ներքո, պարզել գիտակցության կորստի իրական պատճառը, որից հետո նոր միայն որոշում կայացնել նրա զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ:
Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք»: