ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաստատման համար թարգմանչական խնդիրների չկան
Հոկտեմբերի 13-ին ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո հայկական մամուլով պարբերաբար հնչում են կարծիքներ համաձայնագրի կնքման հնարավոր հետաձգման վերաբերյալ։
Թարգմանություն
Այս տեսակետները արծարծողների մեծամասնությունը որպես փաստարկ է բերում համաձայնագրի տեքստի թարգմանության հետ կապված տեխնիկական խնդիրները։ Այսպես, օրինակ, ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հոկտեմբերի 19-ին ասել էր, որ Եվրամիության անդամ պետություններ կան, որոնք դեռևս չեն հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը։
Սակայն, շուտով տարածվեցին տեղեկություններ, որ խնդիրը իռլանդերեն տեքստի բացակայությունն է։ Իսկապես, ԵՄ օրենսդրական փաստաթղթերի կայքում՝ հրապարակված են ԵՄ բոլոր լեզուներով համաձայնագրի տեքստի թարգամանությունները՝ բացի իռլանդերենից։ Իռլանդերեն տեքստի բացակայությունը հերթական անգամ տեղի տվեց ենթադրությունների, որ սա տեխնիկական խնդիր է և կարող է խոչընդոտել համաձայնագրի հաստատումը։ Հոկտեմբերի 30-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը այս հարցը բարձրացրել էր անգամ Հայաստանում Ֆրանսիայի նորանշնակ դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Լակոտի հետ հարցազրույցի ընթացքում։ Հերթական անգամ իռլանդերեն թարգմանության բացակայությունը ներկայացվել էր որպես տեխնիկական խնդիր։
Իռլանդերեն
Խնդիրը, թերևս, Իռլանդիայի Հանրապետությունում երկու պաշտոնական լեզվի կիրառումն է՝ իռլանդերենը (իռլանդական գաելերեն) և անգլերենը, ընդ որում՝ անգլերենը այս երկու լեզուներից ամենաշատ կիրառում ունեցողն է։ Իռլանդիայի բնակչության ընդամենը 30%-ն է խոսում իռլանդերեն, և ընդամենը 5%-ն է այն կիրառում որպես իր առաջնային լեզու։ Ավելին՝ թեև Իռլանդիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է 1973թ․, սակայն մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը իռլանդերենը չի համարվել ԵՄ կառույցների աշխատանքային լեզու: Թեև 2007թ․ հունվարի 1-ին այն դարձել է պաշտոնական լեզու, սակայն մինչև 2021թ․ կիրառվելու է որոշակի վերապահումներով, այն է՝ ոչ բոլոր պաշտոնական փաստաթղթերն են թարգմանվելու իռլանդերեն։ Ընդ որում, tert.am-ը անգամ պարզաբանում էր ստացել Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից, որտեղից հայտնել էին, որ «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»։
Ավելին՝ Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ասոցացման համաձայնագրերը ևս չեն թարգմանվել իռլանդերեն։ Հետևաբար՝ Իռլանդերեն տեքստի բացակայությունը չի խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայանագրի ստորագրմանը։ Իսկ, ինչպես նշեցինք, ԵՄ մյուս բոլոր պաշտոնական 27 լեզուներով համաձայնագիրը թարգմանված է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»