Մի թուղթ էլ Կաթողիկոսի մասին հրապարակ կնետեն, մինչև հասկանան՝ ինչպես են գերի վերցնում. Իշխանյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանություններն, ամենայն հավանականությամբ, մի թղթի կտոր էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վերաբերյալ հրապարակ կնետեն, հետո կանցնեն Մայր Աթոռի նոր գրոհի, մինչև որ որոշեն՝ ինչպես են գերի վերցնում Կաթողիկոսին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ռեժիսոր, «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը՝ խոսելով առաջիկայում սպասվող մարտահրավերների մասին։
Իրավապաշտպանը հիշեց, որ դեռևս Վիքիլիքսի արտահոսքի ժամանակներից շատ հիմնավոր կասկածներ կան Փաշինյանի վարչակազմի տարբեր աջակիցների՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապված լինելու վերաբերյալ, մասնավորապես՝ այդ հիմնավոր կասկածները վերաբերում են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին, որի էլեկտրոնային հասցեն, ինչպես տարիներ առաջ էր հայտնի դարձել, նշված է եղել ամերիկյան «Սթրաթֆոր» հետախուզական ընկերության ֆայլերում՝ ինֆորմատորների ցանկում։ Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի պարագայում՝ բրիտանական հատուկ ծառայությունների հետ կապված լինելու մասին։ Սակայն ԱԱԾ-ն որևէ գործողություն չի իրականացրել նրանց նկատմամբ։

«Դեռևս Վիքիլիքսի արտահոսքի ժամանակներից շատ հիմնավոր կասկածներ կան, որ Արման Բաբաջանյանն ԱՄՆ-ի շպիոն է. իր մեյլի հասցեն ամերիկյան գործակալական ընկերության ինֆորմատորների ցանկում էր։ Որևէ բան ԱԱԾ-ն չի արել դրա հետ կապված։ Նա հետո դարձավ պատգամավոր, հիմա իր կուսակցությունն ունի, շարունակում է ուղեղներ լվանալ։ Որևէ քննություն չի իրականացվել այս մարդու նկատմամբ։
Մյուսը՝ 2019 թվականին մեկ այլ արտահոսք եղավ, և պարզվեց, որ Բրիտանիան ստեղծել է մի կազմակերպություն, որը հավաքագրում է աշխարհով մեկ տարբեր մարդկանց և կազմակերպությունների, որոնք փաստերի ստուգման անկախ հարթակների անվան տակ գործակալական կամ լրտեսական գործունեություն են իրականացնում։ Հայաստանից այդ ցանցի մեջ ներգրավված էր sut.am կայքը, որը պատկանում էր Դանիել Իոաննիսյանին։ Այդ արտահոսքից անմիջապես հետո այդ կայքը վերանվանվեց և դարձավ fip.am՝ փաստերի ստուգման հարթակ։
Նույն ժամանակաշրջանում է եղել անվանափոխությունը։ Այս մարդու նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվում, նրան բերել են՝ սահմանադրական փոփոխություններով է զբաղվում, դիտորդությամբ է զբաղվում, վերջին ընտրություններում էլ ամեն կերպ փորձում էր խանգարել «ՀայաՔվե»-ի դիտորդական առաքելությանը»,- մեկնաբանում է Հովհաննես Իշխանյանը։

Հանրային ակտիվ գործիչն այս թեմայի առնչությամբ անդրադառնում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ իբրև թե խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի («ԿԳԲ») հետ համագործակցության փաստն ապացուցող խիստ կասկածելի փաստաթղթի հրապարակմանը, որն ըստ ՔՊ-ին պատկանող Civic.am-ի՝ տրամադրվել էր ԱԱԾ-ից։
«Քանի որ Կաթողիկոսին պաշտպանելու գործին նաև հակառուսներ են միացել, սրանք մտածել են՝ ոնց անենք, որ այդ սեգմենտները հեռացնենք Եկեղեցու պաշտպաններից, ամենալավ տարբերակը՝ «խաբենք, ասենք, որ ԿԳԲ-ի ագենտ է»։
Բայց ամենավատն այն է, որ «էշի տեղ են դրել» մեր ժողովրդին։ Գիտե՞ք՝ ամենամազալուն որն է, որ սրանք բոլորը հակասովետ են, չնայած որ 1937 թվականի բոլշևիկներին շատ նման են, բայց չգիտեն, որ ԿԳԲ-ի փաստաթղթավորումը ռուսերեն է իրականացվել, կամ էլ գիտեն, ուղղակի ասում են՝ լավ, էկեք մի հատ էլ ղժժանք էս ժողովրդի վրա։ Բայց ավելի հավանական է, որ չգիտեն»,- մեկնաբանեց իրավապաշտպանը։
Հովհաննես Իշխանյանը լեգիտիմ հարց է բարձրացնում՝ Փաշինյանի կողմից հալածվող հոգևորականներն ի՞նչ վատություն են արել Հայաստանին, կամ եթե նույնիսկ արել են, նրա՞նք են ավելի մեծ վնաս հասցրել Հայաստանի անվտանգությանը, թե՞ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը և մյուսները։
«Լավ, ենթադրենք, թե «ԿԳԲ-ի ագենտ է»՝ ինչպես դուք եք ասում, բա Կարեն Դեմիրճյանի արձանն ինչի՞ եք կանգնեցրել։ ԿԳԲ-ի հետ ամենաշատ հաղորդակցված, ԿԳԲ-ի աշխատանքների հետ առնչված մարդկանցից մեկը Կարեն Դեմիրճյանն է եղել, բա իր արձանն ինչի՞ կանգնեցրեցիք։
Բայց մյուս կողմից, եթե ուզում ես ինչ-որ մեկին ցույց տալ, որ նա հավաքագրված գործակալ է, նախ՝ պետք է հավաքագրման պրոտոկոլը լինի, նրա ծածկանունը՝ ինչպես «Օմեգայի» պարագայում, պետք է լինեն օպերատիվ արձանագրություններ, թե ինչ զեկույցներ է ներկայացրել այդ մարդը։ Վերևում նշված երկուսի՝ Արման Բաբաջանյանի, Դանիել Իոաննիսյանի մասին բաց աղբյուրներով մենք ունենք հիմնավորումներ, որ գործակալներ են, բայց ԱԱԾ-ն որևէ գործողություն չի իրականացրել։
Կամ մյուս կողմից՝ Արցախ եք հանձնել, 150 հազար մարդու տուն-տեղից զրկել եք, վերադարձի իրավունքն էլ զեղչել եք, ասում եք՝ չպիտի վերադառնան, ու եկել, ուզում եք՝ 1986 թվականի «ԿԳԲ-ի գործակալ» լինելու հանգամանքով ինչ-որ բան ապացուցե՞լ։
Այդ մարդիկ ի՞նչ վատություն են արել այս երկրին, կամ, եթե նույնիսկ արել են, կարո՞ղ եք համեմատել՝ մեր անվտանգությանն ո՞վ է ավելի վնասել՝ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և մնացածնե՞րը, թե՞ Եզրաս արքեպիսկոպոսը, որն ընդլայնել և մեծացրել է Ռուսաստանում հայերի անվտանգության և համակեցության ցանցը։

Բնականաբար, Եզրաս արքեպիսկոպոսը վնաս է անվտանգությանը, բայց՝ Թուրքիայի և Ադրբեջանի, դրա համար էլ տարածում են իր անվան հետ կապված այս կեղծիքները։ Ամենայն հավանականությամբ, Կաթողիկոսի հետ էլ էսպիսի բան կանեն, մի էդպիսի թուղթ կշպրտեն ջրի երես, երևի այս անգամ՝ ռուսերեն, և նորից այդ գրոհը կկազմակերպեն, մինչև փորձեն հասկանալ, թե ինչպես են գերի վերցնում Կաթողիկոսին։ Իսկ Կաթողիկոսին գերի վերցնելու պահը մենք պետք է հասկանանք՝ երբ է, որպեսզի թույլ չտանք դա անել», հավելեց Հովհաննես Իշխանյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
