«Փաշինյանը շատ վտանգավոր խաղ է սկսել, որը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար»․ Խալաթյան
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով՝ այն փաստը, որ ՀՀ իշխանություններն ընտրություններից առաջ աջակցության խնդրանքով դիմել են ԵՄ-ին, ցույց է տալիս, որ չնայած իշխանությունների հայտարարություններին, թե իրենց դիրքերն ամուր են, իրականությունն այլ է։
«Փաստացի, դիմում են իրենց եվրոպական գործընկերներին, ասում են՝ կլինի՞ աչքերդ փակեք բոլոր բռնաճնշումների վրա, որպեսզի կարողանանք վերարտադրվել, և դա դիտարկեք որպես պայքար Ռուսաստանի դեմ․ թե՛ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը, թե՛ ընդդիմության դեմ պայքարը։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, և այս անգամվա ընտրությունները տարբերվելու են 2021-ի ընտրություններից։
Այն ժամանակ դեռ ուկրաինական պատերազմը չկար, իհարկե, Ռուսաստան-Արևմուտք մրցակցություն կար, բայց ռուսական կողմը չեզոք դիրք էր զբաղեցրել, չնայած՝ Արևմուտքից ֆինանսավորվող թե՛ լրատվամիջոցներ, թե՛ ՀԿ-ներ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։ Բայց այս անգամ շատ լուրջ հակամարտություն է, հատկապես՝ Ռուսաստան-ԵՄ։

Եվրոպական երկրները բացահայտ խոսում են, որ պետք է պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի, և այս պայմաններում, Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ստանա աջակցություն վերընտրվելու համար, պատրաստ է բացահայտ խաղալ ՌԴ-ի դեմ, ինչը բերելու է նրան, որ ռուսական կողմը նույնիսկ չուզենալով էլ՝ ստիպված է լինելու արձագանքել։
Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու Արևմուտքին տված խոստումները կատարել, և շատ լուրջ զարգացումներ կարող են լինել։ Փաշինյանի քայլերի համար վճարելու է հայ ժողովուրդը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
«Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ է սկսել, որը կարող է ճակատագրական լինել Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- շեշտեց նա։
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, Ռուսաստանն էֆեկտիվ գործիքակազմ չունի՝ այլ երկրների գործընթացներին միջամտելու համար․ «Հայաստանում չկա լուրջ տեղեկատվական ցանց, որոնք ուղղակի ֆինանսավորվում են ՌԴ-ից։ «Սպուտնիկ»-ը աշխատում է, բայց չեմ կարծում, թե շատ ուժեղ դեր է կատարում՝ տրամադրություններ ստեղծելով Հայաստանում, որովհետև չես կարող միայնակ այդպիսի ազդեցության հասնել։ ՀԿ-ների ցանց նույնպես չեմ տեսնում, ընդդիամադիր շատ ուժեր խոսում են, որ ՌԴ հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել, բայց այնպես չէ, որ նրանք ելնում են այն հանգամանքից, որ կապված են ՌԴ հետ, այլ որովհետև ցանկացած գիտակից մարդու համար հասկանալի է, որ Հայաստանը չի կարող վատ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ․․․»։
Հարցին՝ ընդդիմությունն ի՞նչ կարող է անել այս իրավիճակում, նա նշեց, որ Փաշինյանը կգնա որոշ քայլերի, բայց դժվար է կանխատեսել՝ էլ ինչ քայլերի կդիմի նա․ «Փաշինյանը հասկանում է, որ եթե արգելի ընդդիմադիր ուժերին, դա չի նշանակի, որ մարդիկ չեն գնա և ցանկացած ընդդիմադիր ուժի չեն քվեարկի։ Դրա համար, ինձ թվում է՝ նա այսպիսի ծանր դրության առաջ է կանգնելու և վերջին ամիսներին է ամեն ինչը պարզ դառնալու։
Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը, որն այս պահին ցանկություն չուներ ակտիվ մասնակցելու ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որովհետև շատ ավելի կարևոր հարցերով է զբաղված, բայց եթե այսպիսի քաղաքականությունը շարունակվի, ինչպես ԵՄ-ն է Հայաստանը ՌԴ դեմ պայքարի ռազմաճակատ դիտարկում, ՌԴ-ն էլ է Հայաստանը դիտարկելու որպես ճակատ՝ Արևմուտքի դեմ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
