Բաժիններ՝

«Այս հարցադրումով մենք կտրականապես ռևիզիայի ենք ենթարկում ՀՀԿ-ի նախորդ տարիների գործունեությունը». Միքայել Մելքումյան

«Հարկային օրենսգրքի անարդյունավետ կամ հանրային բացասական հնչողությունը բերելու է նրան, որ մենք՝ պատգամավորներս, առանձին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ու շտկենք, բայց չէ՞ որ մենք Հարկային օրենսգիրքն ընդունել ենք նրա համար, որ երկար ժամանակ խաղի կանոնները  չփոխվեն»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նկատեց, որ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է, իսկ առաջիկայում պետք է որ աճի. «Եթե կանգնելու է, ասեք՝ իմանանք, եթե՝ չէ, այն հարկային բեռը, որ 26-ը դարձնում ենք 28 տոկոս, միջին աշխատավարձ ստացող մարդկանց վրա էականորեն մեծանում է: Այս երկրում նվազագույն աշխատավարձը և թոշակը, ի վերջո, պետք է բարձրանան»:

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ որևէ մեկը չի ասում, որ անխուսափելի է, որ նվազագույն աշխատավարձերը բարձրանան. «Երբ գործազրկությունը սկսում է նվազել, անխուսափելի է բարձրացումը: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ե՞րբ: Մեր քաղաքական թիմն ասում է՝ մենք այսօր ունենք խնդիր լուծելու, դու չես կարող վազել 10 նապաստակի հետևից, պետք է թիրախավորել մեկ կամ երկուսին: Մենք ասացինք, որ կայունացնելու ենք իրավիճակը, 2018-ին ունենալու ենք զարգացման մեկնարկ ու դրանից հետ սկսելու ենք սոցիալական խնդիրները լուծել»:

Մ. Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ սեղմված գազի թանկացումն արդյոք չի՞ բերելու հասարակական տրանսպորտի գների աճին. «Ինչպե՞ս ենք մենք զսպելու դա: Ներդրումներ-ՀՆԱ-ի մասով ասում եք՝ 1.5 տարում կլինեն, այո, իհարկե, համաձայն եմ, որ կախված է, թե որ ոլորտներում են արվելու, բայց համաձայն չեմ, որ այդ ոլորտը միայն շինարարության հետ եք կապում: Նշանակում է՝ այս հարցադրումով մենք կտրականապես ռևիզիայի ենք ենթարկում ՀՀԿ-ի կամ քաղաքական մեծամասնության  նախորդ տարիների գործունեությունը, սրանով մենք ընդունում ենք, որ նախորդ տարիներին լրիվ այլ ուղղությամբ է գնացել տնտեսությունը: Այսինքն՝ մենք հասկանանք, որ քաղաքական մեծամասնությունը նույնն է, կառավարությունը փոխվեց, տնտեսական քաղաքականությունը լրիվ փոխվեց»:

Նախարարը չհամաձայնեց Մ. Մելքումյանի հետ՝ ասելով. «Լրիվ դեմ եմ դրան, պարոն Մելքումյան, հակառակը: Եթե մենք մտածում ենք, որ մենք համաշխարհային զարգացումներից պետք է աղճատված լինենք, դա միայն հարիր է փակ երկրներին: Հիմա, հարց է առաջանում՝ այդ ցնցումների տեսանկյունից՝ արդյոք մենք վարել ենք խելամի՞տ քաղաքականություն և պարտադրվա՞ծ ենք եղել այդպես վարվել, կարճ ասեմ՝ այո: Տնտեսական դոկտրինն էր այդպես պահանջում: Հետճգնաժամային ժամանակահատվածում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Տնտեսական վարած քաղաքականությունը ճիշտ է, բայց որ ունեցել ենք ցնցումներ, դա էլ պետք է հաշվի առնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս