«Եթե կա ինվեստիցիոն պոտենցիալ, դա նախևառաջ կներդրվի Ռուսաստանում». Խոսրով Հարությունյան
«Ռուսաստանը նախ ինքն իր տնտեսությունը կարգավորելու խնդիր ունի։ Մենք սպասում ենք, որ այս տարի կլինեն դրական տեղաշարժեր, քանի որ, եթե նախորդ տարի մենք նույնիսկ անկում ունեինք ռուսական տնտեսությունից, այս տարի սպասում ենք, որ այդ աճը կարող է մոտ 2% լինել։ Ամեն դեպքում՝ ցանկացած դրական աճ արդեն դրական է։ Եվ համաձայնեք, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն իր տնտեսությունը վերականգնելու խնդիր ունի, այսինքն՝ իր կապիտալն ավելի շատ իր տնտեսությանը պետք է կապի, քան այլ տնտեսությանը։ Այսինքն՝ եթե կա ինվեստիցիոն պոտենցիալ, դա նախևառաջ կներդրվի Ռուսաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի ժամանակ չխոսվեց ներդրումների մասին, ինչպես նաև՝ խոսք չկա նախկինում հայտարարված ներդրումային հիմնադրամի մասին։
Ըստ նրա՝ մեր խնդիրը ոչ այնքան ռուսական կապիտալը Հայաստան բերելն է, այլ ցանկացած կապիտալ է ձեռնտու, պետք են այնպիսի ներդրումներ, որ կերաշխավորեն բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր, որոնք կերաշխավորեն այնպիսի արտադրանքների արտադրություն, որ արտաքին շուկաներում կլինեն մրցունակ.
«Կարծում եմ՝ մենք բոլոր հավասար պայմաններում նախապատվությունը պետք է տանք արդեն իրենց արտադրանքով միջազգային շուկաներում ճանաչում և սպառման խոռոչ ունեցող գոնե եվրոպական տնտեսական կարողություններին, ընկերություններին։ Երբ ասում ենք՝ օտարերկրյա ներդրումներ, ես ակամայից դրա մասին եմ մտածում և կարծում եմ՝ շատ չեմ սխալվում։ Համոզված եմ՝ դա է ճանապարհը, այլ հարց է, թե որքանով մեզ կհաջողվի դա անել»։
Խ.Հարությունյանի կարծիքով՝ այս առումով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի խանգարում։
Անդրադառնալով ամերիկյան կողմի ակտիվացմանը Հայաստանում ներդրումներ անելու գործում, մասնավորապես՝ օրերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ամերիկյան «The Robbins Company» ընկերության և «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի միջև ստորագրված «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին համագործակցության հուշագրին, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ էներգետիկ ոլորտում ներդրումների հարցում ռուսական կողմը պասիվ չէ։
Ըստ նրա՝ ՌԴ-ն մասնակցում է ՀԱԷԿ-ի ռեսուրսը երկարացնելու աշխատանքին, նաև պատրաստ են այլ ենթակառուցվածքներում ներդրումներ անել։