Բաժիններ՝

Հարկե՞լ եկեղեցին, թե՞ ոչ. Կառավարությունն այս մասին չի մտածել

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը վերջերս հրապարակել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումները, որոնք բուռն քննարկումների տեղիք տվեցին։

Ըստ նրա՝ հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող կառույցը չի կարող 100%-ով ստվերում գտնվել և պետք է ամեն տարվա սկզբին հրապարակի նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը, ունեցվածքը պետք է հարկվի, ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար տրամադրեն ՀԴՄ, բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով, իսկ հոգևորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների և ունեցվածքի հայտարարագիր։

Հ.Բագրատյանի հաշվարկներով՝ եկեղեցու տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ-ի 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։ Միաժամանակ՝ եկեղեցու սպասավորներն էլ պնդում են, որ եկեղեցին ամենամեծ հարկատուն է, իսկ եկեղեցու գույքը հայ ժողովրդի հարստությունն է:

Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ։

– Պարոն Արամյան, եկեղեցու ունեցածքն ու գործունեությունը պե՞տք է հարկվի։

– Չեմ կարծում, որ ճիշտ է ներքաշվել այդ դիսկուրսի մեջ: Նախ պետք է նայել՝ ինչ գործունեություն է, որովհետև տարատեսակ խնդիրներ կան: Օրինակ՝ այն գույքը, որ անմիջապես կապված է եկեղեցական գործունեության հետ, հարկազատված է, և նման որոշում կա: Շատ երկրների մոտեցումն այն է, որ եկեղեցուն հարկերից նմանատիպ ազատումներ տալիս են: Պետք է մտածել, թե կոնկրետ ի՞նչ գործունեություն է, պե՞տք է հարկազատվի, թե՞ ոչ, այսինքն՝ պետք է համակարգային դիտարկել: Բայց ես կխնդրեմ ինձ չներքաշել դրա մեջ: Հրանտ Բագրատյանին ես շատ հարգում եմ, որպես տնտեսագետ՝ նա ունի իր թեզը: Եկեղեցականներն էլ, իրենց հերթին՝ հիմնավորումներ ունեն: Ստատուս-քվոն այսօր այնպիսին է, որ կապված մեր հավատքի և կրոնի հետ՝ հարկազատված են:

– Իսկ կա՞ եկեղեցական մի գործունեություն, որ ճիշտ կլիներ հարկել:

– Չեմ մտածել այդ ուղղությամբ, մենք նման վերլուծություն դեռևս չենք արել, մենք անում ենք ընդհանուր տնտեսության մասով վերլուծություններ։ Հարկային օրենսգիրքը նոր է փոխվել, իսկ այն, ինչ դուք ասում եք, քաղաքականության փոփոխություն է: Հիմա, որպեսզի մենք ասենք՝ այս ուղղությունը պետք է փոխենք, պետք է տնային աշխատանք անենք: Օրինակ` գույքահարկի մասով փոփոխությունների գնալու ենք:

– Եկեղեցու գույքահարկի դեպքում ասվում է, որ դա ժողովրդական հարստություն է, բայց բազմաթիվ ծառայություններ են մատուցում, որ գուցեև ճիշտ է հարկելը։

– Նման մոտեցման դեպքում նույնկերպ կարելի է մտածել՝ կրթությունը պե՞տք է հարկել, թե՞ ոչ, առողջապահական որոշակի ծառայություններ կան, պե՞տք է հարկել, թե՞ ոչ։ Նույն ձևով «կողմ» և «դեմ» փաստարկներ կարող ենք ասել կրթության կամ առողջապահության դեպքում։ Սովորաբար ինչպե՞ս են որոշում կայացնում։ Միշտ վերցնում ենք «կողմ» և «դեմ» փաստարկները, կշռում ենք, դրանից հետո որոշում ենք կայացնում՝ նաև հաշվի առնելով հանրության ընկալման և մնացած այլ էֆեկտների ազդեցությունը։ Այս պահի դրությամբ որոշումն այն է, որ այդպիսին է մեր հարկային քաղաքականության շրջանակը։ Եթե մենք գնալու ենք հարկային քաղաքականության որևէ փոփոխության, սկզբում մենք պետք է տնային աշխատանքը կատարած լինենք։

Օրինակ՝ գույքահարկի հարցը համալիր ուսումնասիրել ենք, և կարող եմ ասել, որ պետք է գնանք այն ուղղությամբ, որ արդարացի հարկում լինի՝ ելնելով գույքի շուկայական արժեքից։ Եթե մարդու գույքի կադաստրային արժեքն անգամներով ցածր է իրական շուկայական արժեքից, բայց չէ՞ որ տվյալ գույքի համար կամ տվյալ մարդուն պետությունը ծառայություններ է մատուցում՝ ոստիկանական, անվտանգության և այլն, և ռիսկը նվազեցնում է, և ինքը պետք է արդարացի մասնաբաժինը տա, օրինակ՝ եթե իր գույքի արժեքը 1 մլն դրամ է, պետք է դրանից տա, ոչ թե կադաստրային արժեքից՝ 400 հազար դրամից, որովհետև իր ռիսկը 1 մլն դրամի չափով է գնահատվում։

– Եկեղեցու հարկման միջազգային փորձին ծանո՞թ եք։

– Ոչ։

– Իսկ մեր բյուջեից եկեղեցուն հատկացումներ արվո՞ւմ են։

– Ուղղակի՝ ոչ, ծրագրերի ներքո՝ այո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս