«Բյուջեի կրճատումը ծառայությունների որակի վրա ազդեցություն չի կարող ունենալ». փոխնախարար
Բարեփոխումների իրականացումն առողջապահական համակարգում պայմանավորված չէ բյուջեի կրճատմամբ, սակայն կօգնի նվազագույնի հասցնել ֆինանսական միջոցների պակասեցման ազդեցությունը մարդկանց վրա: Բյուջեի կրճատումն ազդեցություն կունենա միայն ծառայությունների քանակի, այլ ոչ որակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
«Առողջապահական բյուջեում նախատեսված է մոտ 4.8 մլրդ դրամի՝ 6 տոկոսի կրճատում: Կրճատման արդյունքում որոշ ծառայություններ օպտիմիզացրել ենք: Հիմնականում բոլոր ծրագրերը համամասնորեն կրճատվել են, առանձին դեպքերում ծրագրերում կարող են ավելի լուրջ կրճատումներ և ավելացումներ լինել»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ առաջնայնություն են տվել այն ծրագրերին, որոնք ավելի կենսական են հանրության համար:
Օպտիմալացման արդյունքում փոքր-ինչ կրճատվել է առաջնային ամբուլատոր օղակին տրամադրվող ֆինանսավորումը` ի հաշիվ ավելի օպտիմալ կցագրման կառուցվածքի: Սակայն նույն օղակում կա նաև ավելացում: Մասնավորապես ավելացել է հեմոդիալիզի ծրագրին տրամադրվող գումարը՝ հաշվի առնելով ծրագրի կենսական նշանակությունը և հիվանդների՝ տարեցտարի գրանցվող 10 տոկոս աճը: Stand for life ծրագրում կրճատումներ չեն նախատեսվում: Սրտի վիրահատություններին հատկացվող գումարը չի փոփոխվելու, ավելի թիրախավորվելու և մեծանալու է պետության վերահսկողությունը, մասնավորապես, սոցիալական փաթեթի շահառուների գծով:
Ծառայություններ չեն մատուցվի մի քանի ծրագրերի շրջանակում: Փոխնախարարի խոսքով` սուղ միջոցները նախատեսում են ծախսել ավելի նպատակային ուղղություններով: Օրինակ` երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ստուգումներից հրաժարվում են, քանի որ չկան ապացուցված արդյունավետության գնահատման և չափման գործիքներ:
«Եթե որոշ ծառայություններ հանվել են, ապա հանվել են զուտ բյուջետային տողի մակարդակով: Չի հանվել ծառայությունների էությունը: Երևանում ունեինք ախտահանման ծառայության ծրագիր 78 մլն դրամով, որը պարզապես փակել ենք: Սակայն դա չի նշանակում, որ ծրագիրը չի իրականացվելու: Այն իրականացվելու է մեր համապատասխան ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին: Գտել ենք ավելի օպտիմալ լուծում»,-ասաց Մարգարյանը:
Բյուջեի կրճատումը ծառայությունների որակի վրա ազդեցություն չի կարող ունենալ: Այն ազդեցություն է ունենալու միայն ծառայությունների քանակի վրա: «Իհարկե, ցանկացած ֆինանսական կրճատում ունենում է որոշակի բացասական ազդեցություն, սակայն մենք շարունակելու ենք բարեփոխումները, օպտիմիզացումը՝ բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելու, որպեսզի մինիմալի հասցնենք ֆինանսական միջոցների պակասեցման ազդեցությունը բնակչի վրա»,- ասաց փոխնախարարն ու հավելեց`համակարգում բարեփոխումներ ծրագրավորված էին դեռ 2017-ի սկզբից, և կապված չեն ֆինանսական միջոցների կրճատման հետ:
Օպտիմալացման արդյունքում ներդրվելու են նոր մեխանիզմներ, օրինակ` դեղերի գնման գործընթացի կենտրոնացում: Նախատեսվում է ամբուլատոր դեղերի գծով գնագոյացման, գնման մեխանիզմները կենտրոնացնել նախարարությունում: Ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները կլինեն ոչ թե դեղի գնորդ, այլ ԱՆ-ի կողմից մշակված մեխանիզմով դեղի ֆիզիկական ձեռքբերող և բաշխող: «Սրանով գնային լուրջ խնայողություններ ենք նախատեսում, ինչը կբերի նրան, որ բժշկական կազմակերպություններն ավելի շատ դեղեր կարող են ձեռք բերել և բնակչությանն ավելի պատշաճ ծառայություն մատուցել, տրամադրել ստուգված, ավելի որակյալ դեղամիջոց»,-ասաց փոխնախարարը:
Բարելավվել է սոցիալական փաթեթի ծառայությունների մատուցման բյուրոկրատական մեխանիզմը: Նույնը սպասվում է նաև սոց անապահովների մեծ խմբին՝ 600 հազարից ավելի բնակիչներին: Ծրագրավորում են մյուս տարվա երկրորդ եռամսյակից ծառայությունները մատուցել նույն մեխանիզմով: Բյուջետային միջոցների մոտ 30 տոկոսը բաշխելու են նոր մեխանիզմով: Բյուջեն ոչ մի անգամ բավարար չի լինում: Սակայն այս պահին սա այն կոնսենսուսային գումարն է, որը ստացվել է»,- եզրափակեց Մարգարյանը: