«Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին»
(Թարգմանությունը՝ արաբերեն բնագրից, առաջաբանը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Արշակ Փոլադյանի և Լևոն Սարգսյանի)
Լույս է տեսել «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը (Դամասկոս, 2017, Դար ալ-Շարկ հրատարակչություն)։ Արաբերեն բնագրից թարգմանության, առաջաբանի և ծանոթագրության հեղինակներն են արաբագետ-պատմաբաններ՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․Արշակ Փոլադյանը և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․ Լևոն Սարգսյանը։
Գրքում, որը, ի դեպ, Դամասկոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերեն լեզվով հրատարակված առաջին հրատարակությունն է, տեղ են գտել նաև թեմային առնչվող արաբերեն բնագրերը, ինչը շահեկան է դարձնում աշխատանքն արաբերեն ընթերցողի համար։ Բացի այդ, առաջին անգամ արաբերեն բնագրերից արևելահայերենի են թարգմանվել և գիտական շրջանառության մեջ դրվել հայերի մասին Շեյխ Ֆայեզ Ալ-Ղուսեյնի բոլոր հուշագրություններն ու գրառումները, որոնք հիմնականում ամփոփված են հեղինակի «Ջարդերը Հայաստանում» և «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատություններում։
Շեյխ Ֆայեզ Ալ-Ղուսեյնը (1883-1968) սիրիացի փաստաբան է, հայկական ջարդերի ականատես։ Ծնվել է Սիրիայի Հաուրան նահանգում։ Եղել է բեդվինական Սալլութ ցեղի առաջնորդի որդին։ Կ․Պոլսում կրթությունն ավարտելուց հետո երեքուկես տարի աշխատել է՝ որպես Մամուրեթ ալ-Ազիզ (Խարբերդ) վիլայեթի Քյախթայի գավառապետ (կայմակամ)։ Դամասկոս տեղափոխվելուց եղել է Ազգային խորհրդի (խորհրդարան) անդամ։ 1915 թ․ հուլիսին ձերբակալվել է հակաթուրքական քարոզչության մեղադրանքով (ըստ ամենայնի՝ անդամակցել է «Արաբական երիտասարդական ընկերությանը»՝ «Ալ-Ֆաթաթին») և աքսորվել Էրզրում։ 1915 թ․օգոստոսից մինչև 1916 թ․ փետրվար ամիսը պահվել է Դիարբեքիրում, որտեղից դիմել է փախուստի:
Մեծ դժվարություններով հասել է Դեյր Զոր, ապա՝ Բասրա, որտեղից էլ՝ Հնդկաստան։ Հենց այդ դեգերումների ընթացքում Ֆայեզ Ալ-Ղուսեյնը հանդիպել է հայ գաղթականների, ծանոթացել նրանց անօգնական ու ողբերգական վիճակին, հայերի թեմայով զրուցել բազմաթիվ թուրք պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև անվանի մարդկանց հետ։ Հայերի ողբերգությունը ցնցել է Ֆայեզ Ալ-Ղուսեյնին, ում համար անհասկանալի է թվացել հայերի հետ պատահածի պատճառը։
Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը, մասնավորապես՝ «Ջարդերը Հայաստանում» գիրքը, որն առավել ծանոթ է գիտական հանրությանը, տասնամյակներ շարունակ ծառայել է որպես կարևոր սկզբնաղբյուր Հայոց ցեղասպանության հետազոտության ոլորտում, ինչպես նաև արևելագիտական ու պատմագիտական ուսումնասիրություններում։ Նշենք, որ «Ջարդերը Հայաստանում» գիրքը, որը, ի դեպ, թարգմանվել է մի շարք, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներով, անդրադառնում է հիմնականում Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության մեջ հայերի թեմային, հայերի ջարդերին ու տեղահանություններին։
Սա հայերի մասին արաբ մտավորականի վկայություններն են, որոնք, ինչպես ինքն է ասում, նա տեսել ու լսել է ամենահավաստի աղբյուրներից։ Ինչպես նշում են գրքի հրատարակիչները, «Ջարդերը Հայաստանում» աշխատանքը, որը հեղինակն ավարտին է հասցրել Բոմբեյում, 1916 թ․ սեպտեմբերին, առաջին անգամ հրատարակման է ներկայացվել Կահիրեում, տպագրվել 1916 թ․ դեկտեմբերին կամ 1917 թ․ սկզբներին, որից անմիջապես հետո կատարվել են ֆրանսերեն և անգլերեն թարգմանությունները։ 1920-ականներից գիրքն ունեցել է արևմտահայերեն մի շարք թարգմանություններ՝ հիմնականում եվրոպական լեզուներից։
Ինչ վերաբերում է «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատությանը, որը կարևոր նշանակություն ունի Օսմանյան կայսրության արաբական երկրամասերում հակաթուրքական տրամադրությունների և արաբական ազգային շարժման ուսումնասիրման առումով, ապա դրանում հայերի մասին տվյալները շատ դեպքերում դուրս են մնացել ոլորտի մասնագետների ուշադրությունից։ Սույն հատորը, որում, ինչպես նշեցինք, կցված են նաև Ալ-Ղուսեյնի աշխատությունների արաբերեն բնագրերը, մասնավորապես՝ 1991 թ․ Հալեպում տպված «Ջարդերը Հայաստանում» գիրքը, ինչպես նաև՝ հատվածներ 1956 թ․ Դամասկոսում լույս տեսած «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» գրքի առաջին հատորից, լրացնում է այդ բացը։
Նշենք, որ արաբական պատմագիտական միտքը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության մեջ հայերի կոտորածներին։ Ֆայեզ Ալ-Ղուսեյնի աշխատանքը, մաս կազմելով գիտական այդ դիսկուրսին, առավել արժեքավոր է՝ իր աղբյուրագիտական նշանակությամբ։ Բացի վկայություններից, մուսուլման արաբ հեղինակը կոշտ քննադատության է ենթարկում իթթիհադականներին՝ հայերի նկատմամբ կիրառած անմարդկային դաժանությունների համար։ Հետաքրքրական է, որ Ալ-Ղուսեյնն ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ իսլամը որևէ դեր չուներ և չէր կարող ունենալ հայկական ջարդերի կազմակերպման և իրագործման հարցում, ինչն արաբական իսլամական հասարակության ներսից հնչող կարևոր դիտարկում է։
Հարկ է նկատի ունենալ, որ Հայոց ցեղասպանության մասին, մասնավորապես, սիրիական աղբյուրների ուսումնասիրությունն արժեքավոր է Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությունը և Հայոց ցեղասպանությունը նոր լույսի ներքո ուսումնասիրելու տեսանկյունից, եթե նկատի ունենանք նաև մազապուրծ եղած հայ գաղթականների հայտնվելը սիրիական անապատներում և սիրիացիների անմիջական բախումը հայերի ողբերգության հետ։ Այս իմաստով, «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը կարևոր ներդրում է հայ արևելագիտության, ինչպես նաև ցեղասպանագիտության ոլորտում։ Գիրքն ունի թե՛ գիտական և թե՛ քաղաքական կարևոր նշանակություն։ Այն կարող է նպաստել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, աշխատանքը կարևոր է հայ-արաբական պատմական փոխառնչությունների վերհանման, ինչպես նաև՝ արդի փուլում հայ-արաբական համագործակցության ամրապնդման հարցում։
Նշենք, որ գրքում տեղ է գտել նաև սիրիացի անվանի մտավորական, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի «Երախտագիտության» մեդալակիր դոկտոր Նաբիլ Տոմեի առաջաբանը, ով բարձր է գնահատել Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի աշխատանքը՝ այն համարելով մեծ ներդրում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության ոլորտում:
Արաքս Փաշայան
Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ