«Դեպի Հայք» հիմնադրամի անդամներն այցելել են Արցախ
«Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամի անդամներն չորսօրյա այցով գտնվում են Արցախում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Գապագյանն ասել է, որ «Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2004 թվականին. ծրագրի նպատակն է՝ սերտացնել և զարգացնել կապերը՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին. նրանք կամավորական աշխատանքի միջոցով իրենց ներդրումն են ունենալու մայր հայրենիքի զարգացման գործին։
««Դեպի Հայք» հիմնադրամը սփյուռքահայ երիտասարդներին առաջարկում է հայոց լեզվի անվճար դասընթացներ, սեմինարներ, բժշկական ապահովագրություն, ճանաչողական էքսկուրսիաներ, հյուրընկալություն հայ ընտանիքներում և այլն: Ծրագրի պահանջն է, որ մասնակիցները լինեն 20-32 տարեկան, անպայման ունենան հայկական ծագում. նրանք պետք է հայրենիքում մնան առնվազը երկու ամիս,-ասել է Ս. Գապագյանը և ընդգծել,- մենք անում ենք ամեն ինչ, որ այսօրվա երիտասարդները կապվեն արմատներին, նրանց մեջ ամրապնդվի հայի իրենց ինքնությունը, մասնակցություն ունենան իրենց պատմական հայրենիքի կառուցմանն ու շենացմանը: Հիմնադրամի անդամները հնարավորություն կունենան նաև իրենց կուտակած փորձը կիրառել տեղական համայնքներում և նման մտածելակերպ տարածել ողջ աշխարհի հայության շրջանում»:
Ս. Գապագյանը ավելացրել է նաև, որ հիմնադրամն ունի 220 անդամ և տարեցտարի անդամների թիվն ավելանում է:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ տարին 2-3 անգամ իրենք այցելում են Արցախ. այս անգամ իրենց խմբում ընդգրկվածներն աշխարհի 15 երկրներից շուրջ 100 հոգի է:
«Մեր ծրագրի շրջանակներում Արցախում են եղել աշխարհի 48 երկրների մոտ 1500 կամավորականներ: Ամեն անգամ Արցախ գալով՝ նրանք մեծ հպարտություն են զգում, որ աշխարհի այս փոքրիկ ու գողտրիկ անկյունում կա հայ ժողովրդի մի հատված, ով կառչած է իր հողին՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու նրա ազատությունն ու անկախությունը: Ոգևորված հերոսական արցախցիներով՝ մեր կամավորականներից շատերն այստեղ իրենց ներդրումն են բերում՝ աշխատելով մասն կազմել Արցախի բարգավաճմանն ու շենացմանը:
Այս այցից հետո մեր կամավորականներից մեկն արդեն որոշել է 1 ամսով մնալ և աշխատել Արցախի վիքի ակումբի երեխաների հետ՝ նրանց իսպաներեն սովորեցնելով համար»,-հավելել է տնօրենը:
Կամավորականները եղել են Շուշիում, Ազոխի քարանձավում, Գանձասարում, ինչպես նաև հանդիպել հայրենիքի սահմանը հսկող զինվորների հետ: