«Հայկական բանակը նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներում պետք է գնումներ կատարի հայկական արտադրողներից». «Ելքի» առաջարկը մերժվեց

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն իրականացվեն ՀՀ-ում գործող արտադրողներից: Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս առաջարկը հնչեցրեց Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ յուրաքանչյուր տարի այդ գնումների ծավալները պետք է ավելանան:

«Հայկական բանակը նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներում պետք է գնումներ կատարի հայկական արտադրողներից և լինի տնտեսության զարգացնողը: Սա առաջարկում ենք հստակ պարտավորություն ստանձնել օրենքով, որպեսզի ԱԺ-ն էլ կարողանա հետևել դրան»,- ասաց Է.Մարուքյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նման ամրագրումն օրենքում նպատակահարմար չէ, սակայն ԶՈՒ-ն գերազանցապես գնում է կատարում տեղական արտադրողից՝ բացի սպառազինությունից: Ըստ նրա` սպառազինության դեպքում, որը ՊՆ-ի գնումների գերակշիռ մասն է, առաջնորդվում են գին-որակ հարաբերակցության սկզբունքով, սակայն դա չի նշանակում, որ հետաքրքրված չեն տեղական ռազմական արդյունաբերության զարգացմամբ: Վ.Սարգսյանը նշեց, որ իրենց գնումները տեղական արտադրողներից անգամներով աճելու են, բայց օրենքով սահմանափակում նշանակելը ճիշտ չէ. «Մենք հայ արտադրողների հետ աշխատում ենք՝ որպես գործընկերներ»:

Պաշտպանության նախարարը նկատեց, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները թույլ են տալիս ՊՆ-ին պարբերաբար հարցում անել, թե ինչ զարգացում կա տեղական արտադրողից ձեռք բերելու դինամիկայում: Նա վստահեցրեց, որ այդ դինամիկան շատ լավն է:

Կարդացեք նաև

«Ներկա դինամիկան չի խանգարում, որ նման դրույթ լինի: Մենք շատ ցածր տոկոս էինք ամրագրել և ուզում էինք, որ չլինի որևէ մեկի բարի կամքը: Առավել ևս, եթե դա արվում է, կարելի էր ամրագրել օրենքով»,- դժգոհեց Է.Մարուքյանը:

«Ելքի» առաջարկը դրվեց քվեարկության և մերժվեց` ձայների 2 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս