Բաժիններ՝

«Հիմա մեքենայի տակ ընկած կովն էլ են մարդիկ ուտում»

Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսից ՀՀ-ում անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի: Դրա համար անհրաժեշտ է ավելացնել հանրապետությունում առկա սպանդանոցների թիվը 40-70-ով: Հաջորդ տարի բակային մորթը վերջնականապես վերանալու է:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բազայում գրանցված սպանդանոցներն են՝ Արարատի մարզում առկա «Ոսկե կացին» ՍՊԸ-ն, Արագածոտնի մարզի «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ն, Երևանի «Երևանի մսի կոմբինատ», Կոտայքի մարզի «Կարինե Առաքելյան» ԱՁ-ն, Սյունիքում առկա «Գյուղարտ» ՓԲԸ-ն, Շիրակի մարզում առկա «Տոլիգրուպ» ՍՊԸ-ն, և այլն:

Պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում նախատեսվում է Շիրակի մարզում երեք սպանդանոց կառուցել:

Աշոցքում մեկ սպանդանոցի շինարարություն արդեն իրականացվում է: Այդ նպատակով 35 մլն դրամի չափով ներդրումներ են իրականացվելու:

Կարդացեք նաև

Շիրակի մարզում նախատեսվում է նաև խոզի մսի սպանդանոցի կառուցում: Կառուցող անձը վարկ է վերցրել, իսկ վարկի տոկոսադրույքների մարումն անհրաժեշտ է հետաձգել 6 ամսով:

Վերը նշված հարցերը քննարկելու համար հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանում, կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և ՀՀ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա էին ծառայության նախաձեռնությամբ իրականացվող «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» մասնակիցները՝ սկսնակ գործարարները, ովքեր նախատեսում են տարբեր մարզերում և համայնքներում սպանդանոցային բիզնեսով զբաղվել:

Ծրագրի մասնակիցներին ներկայացվեցին բիզնեսի այս տեսակի գործունեության օրենսդրական բոլոր պահանջները, նաև անասնաբուժության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ եթե բակային մորթն անձնական նպատակներով չի իրականացվում, ապա ֆիզիկական անձը տուգանվում է՝ 20.000, իրավաբանական անձը՝ 60.000 դրամի չափով:

Քննարկման ժամանակ Վ.Գրիգորյանը հայտարարեց, որ սպանդանոցների կառուցումը բավական մեծ գումար արժե: Մասնավորապես, եթե այդ նպատակով բանկը 3-10 մլն դրամ վարկ է տրամադրում, ապա սպանդանոցի սարքավորումները մոտ 100.000 դոլար արժեն, այսինքն՝ բանկի տրամադրած վարկը շատ փոքր թիվ է կազմում:

ՍԱՊԾ Անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ սպանդանոցներում պետք է լինեն համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ, որպեսզի բացառվի կենդանիներից մարդկանց վարակման դեպքերը: Միս և հանրային սնունդ վերամշակողները պետք է լիարժեք սպանդանոցային մորթի անցնեն: Սպանդանոցային միսը նաև պետք է համապատասխան փաստաթուղթ ունենա:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի խոսքով՝ միսը և հացը պետք է համապատասխան տրանսպորտային միջոցներով տեղափոխել: Համաճարակների դեմ պայքարելու տեսանկյունից դա շատ կարևոր է:

Ագրարային համալսարանից Վարդգես Ստեփանյանը հայտարարեց, որ շարժական սպանդանոցների կառուցումը շատ կարևոր է: Բակային սպանդը չարիք է բերելու մեզ: Եթե այն առայժմ թույլատրվում է, ապա միայն՝ անասնաբույժի թույլտվությամբ: Ըստ նրա՝ բակային մորթը վտանգավոր է նաև սիբիրախտով վարակվելու տեսանկյունից. հիմա մեքենայի տակ ընկած կովն էլ են մարդիկ ուտում:

Հանդիպման արդյունքում ներկաները եկան այն եզրակացության, որ սպանդանոցների կառուցումն անհրաժեշտ է, սակայն գյուղացին սպանդանոցում միսը մորթելու համար գումար է վճարելու, իսկ դա կհանգեցնի մսի գնի բարձրացման: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ գյուղացու միսը միայն սպանդանոցում մորթվելուց և համապատասխան մեքենաներով տեղափոխվելուց հետո է հայտնվելու վաճառակետերում:

Ինչ վերաբերում է մսի գնին, ապա մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հաջորդ տարի 1 կգ միսը կարժենա մինչև 5000 դրամ: Մարդիկ կատակում են՝ մսի գինը ոսկու գնին է հավասարվելու:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս