Բաժիններ՝

«Մենք, գիտե՞ս, երբ կհիշվինք, երբ որ ընտրություն է». Գյումրու հանրակացարանի բնակչուհի

Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի վրա է գտնվում նախկին «Լուկաշինի» մանվածքային ֆաբրիկայի հանրակացարանի շենքը: Տեղի բնակիչներից 57-ամյա Նատաշա Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում բողոքեց հանրակացարանի շենքում առկա անտանելի պայմաններից:

– Պատերը ճաքած են, հիմքերը՝ խարխլված, զուգարան, բաղնիք չկա: Մարդիկ վառելիք չունեին, շենքի պատերի կողքի փետերը քանդեցին, վառեցին: Ո՞ւմ, ինչ կռնաս սես, հավաքածու ժողովուրդ: Ես չգիտեմ՝ ում կարելի է դիմել, ինչ կարելի է էնել: Կառավարություն գոյություն չունի: Քաղաք էլ ղեկավար չկա: Մեկնումեկը չսավ, թե վերջապես ստեղ մարդ կա ապրող: Կարելի է մոտենալ, էդ մարդկանց հոգսերն իմանալ: 1982 թվից ստեղ կապրիմ, օրդեր տվեցին, որոշեցի սեփականաշնորհել, հասա մինչև կադաստր, մերժեցին, թե՝ սեփականատեր կա:

Մեր շենքի սեփականատերը ոմն Էդիկն է, բայց ինչ պատճառով կադաստրը կուտա՝ որպես «Լուկաշինի» մանվածքային ֆաբրիկայի սեփականատեր, երբ գործարանը լուծարված է: Երկրաշարժից հետո՝ 90-ականներին, առաջին հարկը ծախեցին: Երկրորդ, երրորդ հարկը բնակիչները կապրին, մոտավորապես 16 ընտանիք, բայց տեր էղնող չկա: Մեծամասնությունն էլ տուն ստացել, գնացել են:

Մենք, գիտե՞ս, երբ կհիշվինք, երբ որ ընտրություն է: Ա´յ, էկող տարի ընտրություն է: Կմտածեն՝ կարելի է խաբել, ձայն հավաքել: 2008 թվին, երբ որ քաղաքապետի ընտրություններ էր, 6 տան բնակիչներով գնացինք քաղաքապետարան, ահագին փող ընկանք, գծագրողներ և այլն, ոչ էլ կարողացանք սեփականաշնորհել: Նախքան երկրաշարժը մենք տան վարձ ենք մուծել ֆաբիրկային: Հմի տան վարձ չենք տա, օդի մեջ կախված ենք,- բողոքեց Նատաշա Մխիթարյանը:

Կարդացեք նաև

Գարեգին Նժդեհ փողոցի վրա է գտնվում նաև Տեքստիլ կոմբինատի նախկին հանրակացարանի շենքը, որը վաղուց վաճառված է, մասնավոր անձի է պատկանում:

Տիգրան Մեծ փողոցում գտնվող նախկին հանրակացարանի շենքի բնակիչներից Սպարտակ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 20 տարի է, ինչ բնակվում է մի շենքում, որն անուշադրության է մատնված իշխանությունների կողմից:

– Շենքը վթարային է, մուծում չենք էնե, չեն վերանորոգե: Մարդիկ, որ վարձ տային, կարող է բողոքեին: Հմի իրանց սպես ձեռ կուտա: Շենքն էլ վերջը կբլի: Տները շեփականաշնորհած է, բայց շենքի շքամուտքը ու կտուրը շատ վատ վիճակում են գտնվում,- նշեց Սպատակ Միքայելյանը:

Նշենք, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականություն է համարվում շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական սարքավորումները, նաև շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ:

Շինության սեփականատիրոջ կողմից անձամբ կամ նրա հետ համատեղ ապրող անձանց, ինչպես նաև վարձակալության պայմանագրի համաձայն կամ շինության սեփականատիրոջ կողմից վերապահված այլ որևէ իրավունքով շինությունը զբաղեցնող անձանց կողմից այլ շինություններին կամ ընդհանուր բաժնային սեփականությանը վնաս պատճառելու դեպքում շինության սեփականատերը պարտավոր է իր հաշվին վերացնել հասցված վնասը:

Հավելենք՝ չնայած Գյումրու հանրակացարանները խայտառակ վիճակում են գտնվում, դրանք զուրկ են տարրական կոմունալ-կենցաղային պայմաններից, ՀՀ կառավարությունը, մարզային, քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ աչք են փակում այդ հանգամանքի վրա:

Հանրակացարանների վերաբերյալ կառավարությունը վերջերս մեկ որոշում կայացրեց՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին», սակայն հանրապետության տարածքում առկա հանրակացարանների վատ վիճակին անդրադարձ չեղավ:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս