«Միջազգային հանրությանը շանտաժի ենթարկող Ալիևի հետ միջնորդները բիլյարդի գնդակի նման կվարվեն». Տարասով

«Միջազգային հանրությանը շանտաժի ենթարկող Ալիևի հետ միջնորդները բիլյարդի գնդակի նման կվարվեն». Տարասով

«Նախապայմաններ ասելով՝ Ադրբեջանի նախագահն ամենայն հավանականությամբ նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնց կողմ էր Երևանը և միջազգային հանրությունը: Շանտաժի միջոցով Ադրբեջանի նախագահը փորձում է հրաժարվել դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի: Ալիևը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձախողելու փորձերի մեջ` նշելով, թե Երևանը տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում, որպեսզի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները չվերականգնվեն:

«Միայն թե ես միանգամից հայտարարել էի, որ նախապայմաններից ոչ մեկը չի բավարարվի: Նման քայլը Հայաստանին հիմար վիճակի մեջ է դրել, և  Հայաստանը հիմա ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Իլհամ Ալիևը` հավելելով, թե Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ:

«Բանակցային գործընթացի վերականգնումը շնորհ չէ Ադրբեջանին: Հայաստանի հիստերիկ հայտարարությունները և վախով լի դիմումներն այլ երկրներին բացահայտ ցույց են տալիս, որ նրանք ի վիճակի չեն դիմակայել մեզ մարտի ժամանակ: Շփման գծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության տակ են լավագույն դիրքերը: Իհարկե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի բանակցային գործընթացը վերականգնելու հարցում»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ միջնորդները նույնպես ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը: Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ:

Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Բաքուն ի սկզբանե փորձում էր խոչընդոտել, խափանել ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, պահանջելով սկսել բովանդակային բանակցություններ մաքուր էջից, որը միջնորդները չէին ընդունում առանց համապատասխան երաշխիքների՝ հետաքննությունների մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի թիմի ընդլայնում:

Ռուս վերլուծաբանը հիշեցրեց Ալիևի հայտարարություններն այն մասին, թե միջազգային հանրությունն իրեն ճնշում է ճանաչել Արցախի անկախությունը, ներդնել այդ մեխանիզմները, ինչը եղել է բանակցային գործընթացի վերջին մեկուկես տարվա գլխավոր խնդիրը: Ըստ նրա, հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը երբեք էլ Ադրբեջանի քաղաքական օրակարգում չէր, քանի որ Ադրբեջանն է շփման գծում միջադեպերի սադրիչը:

Ուստի, Տարասովի կարծիքով, օգտվելով մի շարք հարմար հանգամանքներից, Ադրբեջանի նախագահը որոշել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը և ժամանակավորապես օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Տարասովի խոսքով, պատահական չէր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ տարածած հայտարարությունից բացակայում էր անդրադարձը վերոնշյալ համաձայնագրերին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահը Եվրոպային սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, ուստի ԵՄ-ն պետք է փորձի ինչ-որ կերպ ժամանակավորապես ճնշել Հայաստանին՝ Ադրբեջանին խորհրդում պահելու և այդ երկրների նկատմամբ վերջին լծակները պահպանելու նպատակով, իսկ դրա համար հարմար առիթ է ստեղծվել. առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ստորագրել համաձայնագիր Եվրոպական միության հետ:

Այսինքն՝ ճնշում նման պատճառներից ելնելով՝ հնարավոր է, բայց թե որքանով է համապատասխանում իրականությանը դժվար է ասել, քանի որ բովանդակային բանակցությունների համար անհրաժեշտ է բանակցություններին Արցախի մասնակցությունը, այնինչ նման հարց այսօր չի էլ դիտարկվում և քննարկվում:

Իմ կարծիքով, երբ հստակ դառնա, թե երբ են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը, Հայաստանի նկատմամբ ճնշումները կմեղմվեն և կսկսվի ճնշում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ միջազգային հանրության տեսանկյունից ևս հետաքննության մեխանիզմների տեղակայումը ժամանակավոր խաղաղության երաշխիքներ են, որի ընթացքում գուցե սկսվի լայնածավալ կարգավորման գործընթացը Արցախի մասնակցությամբ:

Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը, գլխավորաբար՝ ԱՄՆ-ը, չի հրաժարվել այդ երեք առաջարկներից: Հենց դա հաստատելու համար օրերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարություն տարածեց, որ աջակցում է Արցախի ականազերծման աշխատանքներին: Սա ուղերձ էր այն մասին, որ ամերիկյան կողմը չի հրաժարվել այդ մեխանիզմների ներդրումից, ուստի վերջին պահին միջազգային հանրությունն Ադրբեջանին բիլյարդի գնդակի նման անկյուն կմղի»,- եզրակացրեց Ստանիսլավ Տարասովը:

Նրա համոզմամբ, նախագահների առաջիկա հանդիպման թեման հենց այս պայմանավորվածությունների կատարումը քննարկելն է լինելու, քանի որ այլ օրակարգ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ներկայումս չկա, քանի որ բովանդակային օրակարգի համար այդ բանակցություններին անպայմանորեն պետք է միանա Արցախը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։