Երբ սերը պայքարելու ուժ է տալիս. ակադեմիկոս Անդրեյ Սախարով և Ելենա Բոներ
Անդրեյ Սախարովին ու Ելենա Բոներին ընդհանուր երջանկության ընդամենը 17 տարիներ էին ընձեռված: Դրանք պայքարի տարիներ էին և միշտ իրար թիկունքի կանգնած:
Նրանց ծանոթությունը կայացավ Սախարովի առաջին կնոջ մահից և հանճարեղ ֆիզիկոսին աշխատանքից հեռացնելուց հետո, այն աշխատանքից, որին նա նվիրել էր իր կյանքի 19 տարիները:
1-ին անգամ նրանք հանդիպեցին 1970 թ. ընդհանուր ծանոթներից մեկի տանը: Երիտասարդ, աշխույժ կինը շարժեց Սախարովի հետաքրքրությունը, սակայն նա շատ արագ հեռացավ: 2-րդ անգամ նրանք արդեն Կալուգայում` հերթական իրավապաշտպան գործընթացի ժամանակ հանդիպեցին:
Իրենց ծանոթության օրը նրանք համարում էին 1970թ. դեկտեմբերի 26-ը: Բավականին երկար ձգված գործնական հանդիպումից հետո Սախարովը հարցրեց Բոների տարիքը և շատ զարմացավ, երբ որպես պատասխան` լսեց` արդեն 47: Նա շատ ավելի երիտասարդ էր երևում:
Ամռանը Սախարովը երեխաների հետ մեկնում է Սուխում` հանգստանալու, և երբ այնտեղից վերադառնում է հիվանդ, ողջ պատերազմի ընթացքում բուժքույր աշխատած Ելենա Բոները շտապում է նրան բուժելու: Հետագայում Անդրեյ Դմիտրիևիչը պիտի ասի, որ շատ տպավորիչ էր Ելենայի` օգնության հասնելու ոչ սենտիմենտալ պատրաստակամությունը:
Շուտով կուսակցության ղեկավարության առջև դրվում է զեկույց այն մասին, որ ընդհատակում գտնվող հանճարեղ գիտնականի անձնական կյանքում փոփոխություն կա, և նա հանդիպում է բժշկական ուսումնարանի դասախոս Ե. Բոների հետ, ով խրախուսում է Սախարովի իրավապաշտպան գործունեությունը: Հասկանալի էր, որ սա նույն կերպ մտածող, նույն հայացքներն ունեցող մարդկանց միություն էր, սակայն պետական անվտանգության մարմինները նրանց փոխհարաբերությունների պատմության լրիվ այլ տարբերակ տարածեցին, որովհետև չափազանց անսովոր էր այդ զույգը, բոլորից տարբերվող, և նրանց միությունը կարող էր վտանգավոր լինել: ՊԱԿ-ի` մամուլով ակտիվորեն տարածված տարբերակում հիմնականում բամբասանք էր, ընտանեկան հարաբերությունների ոչ ճիշտ ներկայացում, Արևմուտքի հետ կապ և հակասեմիտիզմ: Այս պատմությունն էլ հենց դարձավ հասարակության սեփականությունը:
1972թ. նրանք ամուսնացան: Դա հեշտ որոշում չէր, և թեպետ զգացմունքների մեջ կասկած չկար, բայց 2-ն էլ հասկանում էին, որ այդ ամուսնությունը կարող էր շատ ցավոտ հարվածներ հասցնել նրանց մտերիմներին: Այնուամենայնիվ, նրանք պաշտոնապես օրինականացրին իրենց հարաբերությունները: Սրան հետևեցին Բոների դստեր հեռացումը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնից, ապա և որդուն հրաժարվեցին ընդունել համալսարան: Արդյունքում` բազմիցս պահանջելով Սախարովի գործունեության դադարեցում, ապա թե ոչ, կլիներ ֆիզիկական հաշվեհարդար, Ելենա Բոների երեխաներին արտաքսեցին երկրից:
Հետագայում` Սախարովի` ԽՍՀՄ զորքերն Աֆղանստան մտցնելու մասին հարցազրույցից հետո, նրան աքսորում են Գորկի: Սակայն նրանք երջանիկ էին, քանի որ միասին էին: Սակայն այս պատմության մեջ ամենասարսափելին այն էր, որ նրան արգելվելու էր արտասահմանում գտնվող որևէ մեկի հետ ցանկացած շփում, իսկ արտասահմանում էին Բոների երեխաները, որոնց Սախարովը ևս իրենն էր համարում: Գորկիում ևս Ա. Սախարովը չդադարեցրեց իր գործունեությունը, և քանի որ Բոների շփումների վրա արգելանք չկար դրված, նա թաքուն բերում էր օտարերկրյա լրագրողների կողմից գրված հարցերը, ապա նույն կերպ փոխանցում պատասխանները: Հենց Գորկիում Սախարովը սկսեց օրագիր վարել և անպայման տալիս էր Ելենային կարդալու, և, երբ վերջինս հրաժարվում էր` ասելով, որ չի կարելի կարդալ ուրիշի օրագրերը, Սախարովը պարզապես ասաց` դու այդ ես եմ:
Նրանց դեմ պայքարում էր մի ողջ համակարգ, իսկ նրանք այնուամենայնիվ միասին էին: Սկսեցին թունավորել նրանց կյանքը` չխորշելով ոչ մի բանից, անգամ Բոների անցյալի մասին կեղտոտ լուրեր տարածելուց:
Երբ Բոների տղայի հարսնացուին արգելեցին մեկնել վերջինիս մոտ, Սախարովն ու կինը հացադուլ սկսեցին և հասան սիրահարների վերամիավորմանը: Երբ բոլոր այս իրադարձություններից հետո Բոները տարավ 2-րդ ինֆարկտը, Սախարովը հասկացավ, որ նա պիտի վիրահատվի արտասահմանում, և կրկին հացադուլ սկսեց, որպեսզի իր կինը կարողանա ապրել: Նրան ստիպեցին ընդհատել հացադուլը, սակայն Անդրեյ Դմիտրիևիչը նորից բաղաքի այդ ձևն ընտրեց, որովհետև գիտեր, որ չի կարող ապրել առանց իր կնոջ: Եվ Ելենա Բոների սրտի շունտավորման վիրահատությունը կատարվեց ԱՄՆ-ում:
Սախարովն ու Բոներն աքսորում անցկացրին 6 տարի, մինչև 1986 թ. մի գեղեցիկ օր նրանց մոտ եկան ինչ-որ մասնագետներ և լուռ, առանց քննարկումների՝ հեռախոսակապ անցկացրին տանը: Իսկ հաջորդ օրը նրանց զանգահարեց Մ. Գորբաչովը և ասաց, որ նրանք կարող են վերադառնալ Մոսկվա:
Սախարով-Բոներ զույգը վերադարձավ Մոսկվա: Սախարովն աշխատանքի անցավ Ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Բոներն ակտիվորեն սկսեց զբաղվել հասարակական գործունեությամբ: Ապա Անդրեյ Դմիտրիևիչն ընտրվեց ժողովրդական պատգամավոր: Նրանք նախկինի պես սիրում էին իրար: Ի դեմս կնոջ` Ա. Սախարովը գտել էր հարազատ հոգի, նվիրված համախոհի և հավատարիմ ամուսնու:
1989 թ. դեկտեմբերի 14-ին ակադեմիկոս Սախարովի սիրտը դադարեց բաբախել: Ելենա Բոները լաց էր լինում ու գոռում` դու ինձ խաբեցիր. չէ՞ որ ինձ ևս 3 տարի էիր խոստացել (Սախարովը կարծում էր, որ ավելի երկար է ապրելու): Սախարովի մահից հետո Ելենա Բոներն ամեն ինչ արեց, որ նրա մասին չմոռանան: Բոները մահացավ 2011թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը