Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. Սպասելիքներ և իրականություն
Ներածություն
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ): Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրից հրաժարման հիմնավորումը լայն քննարկման առարկա դարձավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ դա տնտեսության համար շահավետ է, և որ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու կենսունակությունը վճռորոշ գործոն են եղել այդ որոշման համար:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ–ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության բնագավառում:
Ըստ պայմանագրի՝ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Բելառուսի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության որոշման կողմնակիցները ԵԱՏՄ-ին անդամակցությունը համարում են անխուսափելի, քանի որ «դրանով Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը»: Անդամակցության ընձեռած տնտեսական հնարավորություններից նշվում են տնտեսական անվտանգությունը, ուղղակի ներդրումների և զբաղվածության աճը։ Տրանսպորտային մեկուսացման հաղթահարմանն ու էներգապոտենցիալի հզորացման խնդիրների լուծմանը կնպաստեն Հայաստանում ԵԱՏՄ երկրների ներդրողների մասնակցությամբ իրականացվող հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերը` նոր ատոմակայանի կառուցումը, դեպի Իրան երկաթուղու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:
Ըստ միության կողմնակիցների՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը և ներկա իրավիճակը, այն է՝ Արցախի Հանրապետության փաստացի ինքնորոշման իրավական կարգավորման ձգձգումը, երկրի պաշտպանական և անվտանգության համապատասխան երաշխիքների հեռանկարը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող ապրանքների՝ դեռևս եվրոպական ստանդարտներից հեռու լինելու գործոնը և այլն, ընտրությունը դեպի Ռուսաստան այս փուլում արդյունավետ և առավել սակավ ռիսկերով քայլ է: Այլ հարց է, որ անցած չորս տարիների բանակցային գործընթացները Եվրամիության հետ եվրոասոցացման պայմանագրի շուրջ և ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինչպես կազդեն մեր երկրի հանդեպ գործընկերային վստահության մակարդակի վրա:
Վերջիններս (Միության կողմնակիցները) նաև նշում են, որ ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ, որի պարագայում նրանք ավելի շատ պահանջներ են ներկայացնում գնվող ապրանքների մակնիշին, որակին և հատկություններին, քան ԵԱՏՄ անդամ երկրների սպառողները:
Հիմնականում սա է պատճառը, որ թեև Եվրամիության երկրների արտադրողներն ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների ապրանքների ներմուծմամբ առաջատար գործընկերներ են, սակայն պատրաստի արտադրանքի ներմուծման բնագավառում լրջորեն զիջում են երրորդ երկրներին՝ կենտրոնանալով Հայաստանից ու ԵԱՏՄ երկրներից հումքի ներկրման վրա:
Սակայն մյուս կողմից խորացնելով մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունն այդ երկրից և դարձել ավելի խոցելի Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ (որոնք պայմանավորված են Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ)։
Իսկ ընդդիմախոսների կարծիքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելը ենթադրում է որոշակի բարդություններ, քանի որ միության անդամ երկրների հետ Հայաստանի ցամաքային սահման չունենալու հետևանքով մաքսային արտոնությունների ռեժիմն արդյունավետ չի գործի: ԵԱՏՄ երկրներ ՀՀ-ից արտահանվում են հիմնականում սննդամթերք, խմիչքներ և գյուղատնտեսական ապրանքներ, իսկ Եվրամիության երկրներ՝ հանքաքար, պղնձի խտանյութ, ֆերոմոլիբդեն և նմանատիպ այլ արտադրանք: Ուշագրավ է, որ նշված երկու տնտեսական միությունների մասնակից երկրներն էլ ՀՀ արտաքին առևտրում ունեն զգալի տեսակարար կշիռներ: Ֆիզիկական ծավալների տեսանկյունից Եվրամիությունը ՀՀ արտահանման և ներմուծման առաջին, իսկ Ռուսաստանը երկրորդ գործընկերն է:
Մի կողմ դնելով տնտեսական օգուտները կամ բացասական կողմերը՝ երկիրը որոշում է միանալ միասնական շուկայով կամ արժեքներով որևէ պայմանագրի կամ ազգերի խմբի, այն հույսով, որ դա կարող է մեծացնել երկրի ներուժը: Մամուլի ազատության, ժողովրդավարության, կոռուպցիայի և օրենքի գերակայության համաշխարհային ցուցանիշներին հայացք նետելով՝ տեսնում ենք, որ այդ ոլորտում միանշանակ առաջատար են եվրոպական երկրները, իսկ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը հետնապահների դիրքերում են: Հայաստանի ցուցանիշներն ավելի բարձր են, քան ԵԱՏՄ բոլոր երկրներինը:
Անկախ այս նոր արտաքին ու տնտեսական քաղաքականության ընտրության պատճառներից ու հիմնավորումներից՝ հարց է մնում` ի՞նչ կշահի Հայաստանն այս անդամակցությունից:
Արդյո՞ք ճիշտ էր ԵԱՏՄ անդամակցությունը, և այն ի՞նչ տնտեսական ռիսկեր է կրում
Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ և պատասխանել հետևյալ չափազանց կարևոր հարցերի.
- ԵԱՏՄ, թե՞ ԵՄ. ինտեգրացիայի ու հեռանկարների համեմատում
- Ի՞նչ է տվել ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին. երկու տարիների ամփոփում
ԵԱՏՄ և ԵՄ. Ինտեգրացիայի ու հեռանկարների համեմատում
Այլընտրանքը: Հայաստանը 2010թ.-ից բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013թ. հուլիս ամսին բանակցություններն ավարտվեցին, իսկ սեպտեմբերի 3-ին այն տապալվեց, քանի որ որոշվեց բռնել ԵԱՏՄ-ին ինտեգրացիայի ճանապարհը: Այսինքն, եթե ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի ճանապարհը չբռնեինք, ապա կստորագրեինք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։ Այդ պայմանագրի ստորագրման արդյունքները հաշվարկված էին աշխարհահռչակ ՛՛Ecorys՛՛ կազմակերպության կողմից:
Ըստ դրա՝ ԵՄ ասոցացման արդյունքում մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կունենար լրացուցիչ 2.3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146.0 մլն դոլարով, 15.0%-ով ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները, լինելու էր սպառողական ապրանքների գնաճի 1.2 տոկոսանոց կոմպենսացիա, աշխատավարձերի 2.7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացում, աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակի լրացուցիչ 7 տոկոսանոց աճ և այլն: Սա այս թեմայի շուրջ միակ միջազգային բարձրորակ հետազոտությունն է, որը, ըստ էության, նկարագրում է այն, թե ինչից Հայաստանը զրկվեց՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին:
Ո՞ր միությունն ավելի շահավետ կլիներ ՀՀ-ի համար, դա պարզելու համար տանենք զուգահեռներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև.
1) Տնտեսական հզորություն: 2015թ. տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության բնակչության թիվը մոտ 183.0 միլիոն է, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն)՝ 4,360.4 մլրդ ԱՄՆ դոլար: Մինչդեռ Եվրոպական միության բնակչությունը 510.0 միլիոն մարդ է, իսկ ՀՆԱ-ն՝ 16,220.0 մլրդ դոլար: Առաջինը բաղկացած է 5, իսկ երկրորդը 28 անդամ պետություններից: Կոպիտ ասած՝ ԵՄ-ը, ունենալով մոտ 3 անգամ ավելի շատ բնակչություն, քան ԵԱՏՄ-ը, տալիս է մոտ 4 անգամ ավելի շատ համախառն ներքին արդյունք: Հետևաբար ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն զգալիորեն (2.4 անգամ) ավելի շատ է, քան ԵԱՏՄ-ում:
ԵԱՏՄ երկրների դեպքում համապատասխան ցուցանիշները բացարձակապես տարբեր են: ԵԱՏՄ-ում 2016թ. մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵԱՏՄ անդամ ամենահարուստ պետության՝ Ռուսաստանի Դաշնության կողմից և կազմել է 26,490.0 դոլար, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ղրղզստանում՝ կազմելով 3,521.0 դոլար: Իսկ ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵՄ անդամ Լյուքսեմբուրգում՝ կազմելով 104,003.0 դոլար, ամենացածր ցուցանիշը՝ Բուլղարիայում՝ 20,327.0 դոլար: Այսինքն ԵՄ ամենաբարձր ցուցանիշը գերազանցում է ԵԱՏՄ-ի ամենաբարձր ցուցանիշին մոտ 4 անգամ, իսկ ամենացածր ցուցանիշը՝ մոտ 6 անգամ: Հետևաբար, թե՛ ընդհանուր տնտեսական ներուժի և թե՛ բնակչության տնտեսական կացության տեսանկյունից ԵԱՏՄ-ը շատ հեռու է ԵՄ-ից:
ԵՄ անդամ երկրների 2016թ. 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի միջին ցուցանիշը դոլարով, այդ թվում` | 39,110.0 |
Լյուքսեմբուրգ | 104,003.0 |
Իռլանդիա | 69,231.0 |
Նիդերլանդներ | 51,049.0 |
Շվեդիա | 49,836.0 |
Գերմանիա | 48,111.0 |
Ավստրիա | 48,005.0 |
Դանիա | 47,985.0 |
Բելգիա | 45,047.0 |
Մեծ Բրիտանիա | 42,481.0 |
Ֆրանսիա | 42,314.0 |
Ֆինլանդիա | 42,165.0 |
Մալթա | 39,834.0 |
Իտալիա | 36,833.0 |
Իսպանիա | 36,416.0 |
Կիպրոս | 34,970.0 |
Չեխիա | 33,232.0 |
Սլովենիա | 32,085.0 |
Սլովակիա | 31,339.0 |
Լիտվա | 29,972.0 |
Էստոնիա | 29,313.0 |
Պորտուգալիա | 28,933.0 |
Լեհաստան | 27,764.0 |
Հունգարիա | 27,482.0 |
Հունաստան | 26,669.0 |
Լատվիա | 25,710.0 |
Ռումինիա | 22,348.0 |
Խորվաթիա | 21,625.0 |
Բուլղարիա | 20,327.0 |
ԵԱՏՄ անդամ երկրների 2016թ. 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը դոլարով, այդ թվում` | 16,355.4 |
Ռուսաստան | 26,490.0 |
Ղազախստան | 25,145.0 |
Բելառուսիա | 18,000.0 |
Հայաստան | 8,621.0 |
Ղրղզստան | 3,521.0 |
2) Արտաքին տնտեսական ինտեգրացիան որպես չափանիշ: Ցանկացած տնտեսական միության կարևորությունը վկայող կարևորագույն ցուցանիշներից մեկն այդ կառույցին այլ երկրների միանալու ցանկությունն է: Թեև ԵԱՏՄ ղեկավարներն իրենց նպատակների մեջ հիշատակում են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ շահագրգիռ պետությունների ու ինտեգրացիոն համակարգերի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, մինչ օրս միայն Տաջիկստանն է ցանկություն հայտնել միանալու ԵԱՏՄ-ին: Մինչդեռ ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող երկրների թիվը զգալիորեն ավելի մեծ է՝ ընդգրկելով Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Եվ քանի դեռ ԵՄ-ը ցանկություն չունի ընդլայնվելու՝ հաշվի առնելով արդեն իսկ բավականաչափ անդամներ ունենալու փաստը, ԵԱՏՄ-ն ուրախ կլիներ իր կազմի մեջ տեսնել ևս մի քանի տարածաշրջանային (թեկուզ՝ անկում ապրող տնտեսությամբ) երկրներ: Ավելին՝ ԵԱՏՄ համաշխարհային տնտեսական ինտեգրացիային և առևտրին զգալիորեն խոչընդոտում են Ռուսաստանի տարաձայնությունները ԵՄ-ի հետ:
Նմանատիպ պատկեր է նաև Ազատ առևտրի գոտիների դեպքում. եթե ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի ունի միայն Վիետնամի հետ, մինչդեռ ԵՄ-ն ունի ազատ առևտուր եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրների հետ՝ Նորվեգիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի, Մոլդովայի, Թունիսի, Թուրքիայի և մոտ 3 տասնյակ այլ երկրների հետ: Հայաստանը ևս կարող էր լինել այս երկրների ցանկում, եթե 2013թ. հանկարծակի չորոշվեր միանալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տնտեսական դաշինքին ԵՄ-ի փոխարեն:
3) Տնտեսական համաչափություն կամ ներքին ինտեգրացիա: ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի առյուծի բաժինը` 86.2 %-ը, պատկանում է ՌԴ-ին: Մինչդեռ ԵՄ դեպքում նմանօրինակ ցուցանիշ գոյություն չունի: 2015թ. ԵՄ 5 ամենախոշոր տնտեսությունները (Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան) միասին կազմել էին Եվրամիության համախառն ներքին արդյունքի մոտ 80.3 %-ը: Հետևաբար որևէ կոնկրետ երկիր չունի բացարձակ տնտեսական գերակշռություն ԵՄ-ում: Սա նաև ամրացնում է ԵՄ երկրների դիվանագիտական կառույցների փոխշահավետ եզրահանգումների գալու ներուժը՝ որևէ երկրի թույլ չտալով դառնալ իրավիճակի միանձնյա տեր (ինչպես ԵԱՏՄ դեպքում Ռուսաստանն է): Ռուսաստանի՝ իրավիճակի միանձնյա տեր լինելու հանգամանքը խոչընդոտում է ներքին առողջ ինտեգրացիան ԵԱՏՄ անդամ երկրների միջև՝ զոհասեղանին դնելով փոքր երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը: Նմանօրինակ անհամաչափությունը վաղ թե ուշ հանգեցնելու է կամ տնտեսական աղետի, կամ էլ միության փլուզմանը:
4) Հեռանկարներ: Այսպիսով ԵԱՏՄ-ը թե՛ ներքին և թե՛ արտաքին ինտեգրացիոն գործընթացների և թե՛ տնտեսական հզորության տեսանկյունից թերի կառույց է՝ մշուշոտ հեռանկարով՝ հիմնականում կենտրոնացած Միջին Ասիայի, արևելքի և հեռավոր արևելքի ոչ այնքան զարգացած երկրների հետ համագործակցության զարգացման վրա:
Ի՞նչ է տվել ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին. Երկու տարիների ամփոփում
Այս հարցն ամենից շատ հնչող և միևնույն ժամանակ լիարժեք պատասխան չստացած հարցերից մեկն է։ Դա զարմանալի չէ, որովհետև ԵԱՏՄ-ին անդամակցության ազդեցության գնահատումը (ինչպե՞ս է ազդել, որքանո՞վ է ազդել) լուրջ վերլուծական աշխատանք է ենթադրում։ Նման աշխատանք կատարվել է կառավարության պատվերով, որով գնահատվել է 2015թ. առաջին կիսամյակի տնտեսական ազդեցությունը, սակայն 2 տարվա պատկերը չունենք։
Սա հիմք է տալիս, որ եվրոպամետներն ու եվրասիամետները ԵԱՏՄ-ի ազդեցությունը ներկայացնեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Օրինակ, եվրոպամետները համոզված են, որ խորացնելով մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունն այդ երկրից և դարձել ավելի խոցելի Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ (որոնք պայմանավորված են Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ)։
Մյուսները հակառակը՝ պնդում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լրջագույն հնարավորություններ է բացել Հայաստանի առջև՝ գրեթե 200 միլիոն բնակչություն ունեցող շուկային մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Նրանք համոզված են, որ եթե չենք կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման հետ կապված՝ նրանք ասում են, որ եթե չանդամակցեինք, ապա ամեն ինչ կարող էր առավել վատ լինել։
Իսկ երկրի նախագահի դիրքորոշումը համեմատաբար ավելի հավասարակշռված է. Հանրապետության նախագահը մի կողմից ակնարկում է, որ ակնկալիքները չեն արդարացել կամ ամբողջությամբ չեն արդարացել, ու նշում, որ հասարակությունը դեռ սպասում է, մյուս կողմից, ակնկալիքների չարդարանալը պայմանավորում է միջազգային տնտեսական գործընթացների հետ։ Ու այս ամենով հանդերձ՝ վստահություն է հայտնում, որ չանդամակցելու պարագայում բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին: Այնուամենայնիվ, չկա հստակ վերլուծություն՝ ինչպիսին կլինեին մեր տնտեսական ցուցանիշները չանդամակցելու պարագայում։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է տվել ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին, անհրաժեշտ է նշել, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է ուսումնասիրվեն 2014-2016թթ. մի շարք առանցքային ցուցանիշներ, որոնց հիման վրա կարելի է անել որոշակի եզրահանգումներ. ի՞նչ ունեինք մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը, և ի՞նչ ունենք անդամակցության արդյունքում:
1) Տնտեսական աճ և տնտեսական ակտիվության ցուցանիշ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014թ. տնտեսական աճը կազմել է 3.6%։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում՝ 2015թ., աճը նվազեց մինչև 3.2%, իսկ 2016թ. այն կազմեց 0.2%. ի դեպ, նշենք, որ ի սկզբանե կառավարության կողմից 2016թ. համար նախատեսվում էր 2.2% տնտեսական աճ: Սակայն կանխատեսվածը համարյա ամբողջությամբ մնաց թղթի վրա: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա այն նույնպես նվազել է. եթե 2014թ. այն կազմել է 4.1 %, ապա 2015թ.՝ 3.0 %, իսկ 2016թ.՝ 0.7 %: Նշենք, որ այսպիսի վատ ցուցանիշներ Հայաստանը չի ունեցել 2009-ի ճգնաժամային տարվանից ի վեր։
2) Մասնավոր տրանսֆերտների ներհոսք: Ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ մասնավոր տրանսֆերտները) շարունակում են նվազել: 2015թ. տրանսֆերտների ներհոսքը 2014թ. համեմատ նվազեց 23.2%-ով կամ 492.0 մլն դոլարով։ Այդ թվում, Ռուսաստանից ներհոսքը նվազեց 35.1%-ով կամ 546.2 մլն դոլարով: Իսկ 2016թ. անկման տեմպը թուլացել է, բայց անկում կա. 2016թ. ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 532.9 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա համեմատ մասնավոր տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 98.8 մլն դոլարով կամ 6.1 %-ով: Բայց միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այդ ցուցանիշն ավելի քիչ է, քան ճգնաժամային 2009թ.. 2009թ. այն կազմել էր 1 մլրդ 575.7 մլն ԱՄՆ դոլար:
Ուշագրավն այն է, որ 2016թ. տոկոսային առումով ամենից շատ նվազել են հենց ԵԱՏՄ-ի անդամ Ղազախստանից ու Ռուսաստանից ստացվող գումարները։ Եվ հակառակը՝ ամենից շատ աճել են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան ու Ղազախստան ուղարկվող գումարները։
3) Օտարերկրյա և ուղղակի ներդրումներ: Վերոնշյալին գումարենք նաև այն, որ 2016թ. ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա և ուղղակի ներդրումները նվազել են 31.1 %-ով: Այսպես, 2016թ. Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 81.6 մլրդ դրամ (մոտ 170.0 մլն դոլար)։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 62.7 մլրդ դրամ (մոտ 130.0 մլն դոլար)։ Անհրաժեշտ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում զուտ հոսքերն օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են. 2016 թվականին 2015թ. համեմատ ներդրումները կրճատվել են ընդամենը 36.8 մլրդ դրամով կամ 31.1%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։ Այս դեպքում նույնպես նվազման առյուծի բաժինը Ռուսաստանից կատարվող ներդրումներն են։ Բացի դրանից հիմնական ներդրումները կատարվում էին Եվրոպայից, այսինքն մի խոշոր բաժին գալիս էր եվրոպական երկրներից, և պայմանագրից հետ կանգնելուց հետո այդ ներդրումները նույնպես դանդաղեցին, կրճատվեցին: Կա ևս մի գործոն, որն ազդեց ներդրումների վրա․ դա Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն էին եվրոպական երկրների և Ամերիկայի կողմից:
4) Պետական պարտք: Այս ամենից հետո արդեն զարմանալի չէ, որ սրընթաց աճող միակ բանը ՀՀ պետական պարտքն է։ 2014թ. այն կազմել է 4.4 մլրդ դոլար, 2015թ.՝ 5.0 մլրդ դոլար, իսկ 2016թ. վերջին՝ 5.9 մլրդ դոլար` պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցնելով 55.0%-ի: Անհրաժեշտ է նշել, որ պետական պարտքի աճին զուգընթաց կավելանան նաև պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները (տոկոսագումարները):
Տնտեսական այլ ցուցանիշների վերլուծությունը կարելի է երկար շարունակել: Սակայն, եթե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքների մասին պետք է դատենք տնտեսական ցուցանիշներով, ապա «սպասելիքները չարդարացան» արտահայտությունը բավականին մեղմ է հնչում։
Հայաստան-ԵԱՏՄ առեվտրի մասին
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն առաջին հերթին պետք է դրական անդրադառնար ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության վրա։ Սակայն այս դեպքում գնահատականներ տալը չափազանց դժվար է, որովհետև առևտրի վրա ազդեցին բազմաթիվ գործոններ։ Օրինակ, 2014թ. վերջին ռուսաստանյան ռուբլու արժեզրկումը լուրջ դժվարությունների առաջ կանգնեցրեց Հայաստանի արտահանողներին. հայկական արտադրանքը դարձավ թանկ և անմրցունակ։ Ամեն դեպքում Հայաստան-ԵԱՏՄ առևտրային հարաբերություններ ասելը չափազանցություն է, որովհետև Ռուսաստանից բացի ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները չափազանց փոքր են։
Համաձայն ԱՎԾ-ի հրապարակման՝ 2016թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 75.3 մլն դոլար, որը 7.4 %-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին: Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար, ներմուծումը՝ 3 մլրդ 292 մլն դոլար: Ներմուծումը գերազանցել է արտահանմանն ավելի քան 1.8 անգամ: Արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ-ի տեսակարար կշիռը կազմել է 27.7%, իսկ ԵՄ-ի տեսակարար կշիռը՝ 24.0%:
Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ, առանձին վերցրած, երկրներից ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է՝ 26.9% (1 մլրդ 367 մլն դոլար): Թերևս ավելորդ չէ նշել, որ վերջին մեկ տարում մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ՌԴ-ի մասնաբաժինն աճել է շուրջ 1.8%-ով: Հայաստանի «առաջնային» գործընկերներ հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանի հետ առևտուրը, ինչպես և նախորդ տարում, կազմել է ՀՀ-ի ընդհանուր առևտրաշրջանառության 0.1%-ը: Բելառուսի հետ ինչպես 2015թ., այնպես էլ 2016թ. մեր ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 0.7%-ը: Բացարձակ թվերով՝ 2016թ. տնտեսական միության երկիր, մեր առաջնային գործընկեր Ղազախստանի հետ կատարել ենք 6.6 մլն դոլարի առևտուր, Բելառուսի հետ՝ 37.5 մլն դոլարի: Պատկերն ավելի թափանցիկ ու «տեսանելի» լինելու համար նշենք, որ Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և նաև մի քանի պետություններից յուրաքանչյուրի հետ մեր առևտրաշրջանառությունը բազմապատիկ է, քան Բելառուսի հետ: Իսկ Ղազախստանի դեպքում մեր երկրների առևտրային ծավալները զիջում են ԵՄ բոլոր երկրների հետ մեր ունեցած առևտրի ծավալներին, բացառությամբ Կիպրոսի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի մյուս անդամին՝ Ղրղզստանին, ապա վերջինիս հետ մեր ունեցած առևտրաշրջանառության ծավալներն այնքան փոքր են, որ ԱՎԾ-ը դրանք չի հրապարակում:
Առևտրատնտեսական զարգացումների միտումը «քաղաքական հարթությունում» հասկանալու համար դիտարկենք նաև մեր արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2014թ., մինչ Հայաստանը կանդամակցեր այդ միությանը, որպեսզի զուգահեռներ տանելով հասկանանք Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու տնտեսական արդյունավետության աստիճանը:
2014թ. ՀՀ-ի առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 971.6 մլն դոլար, որից արտահանումը՝ 1մլրդ 547.2 մլն դոլար, ներմուծումը՝ 4 մլրդ 424.4 մլն դոլար: ՌԴ-ի հետ մեր ունեցած առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1 մլրդ 109 մլն դոլար կամ 23.7%, որից արտահանումը՝ 308.2 մլն դոլար, ներմուծումը՝ 800.6 մլն դոլար: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 39.0 մլն դոլար, Ղազախստանի հետ՝ 12.5 մլն դոլար: Ինչպես նշվեց վերևում, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները չեն հրապարակվում աննշան լինելու պատճառով:
2011թ. ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության միայն 20.3%-ն էր իրականացվում ՌԴ-ի հետ, 2014թ.՝ 23.7%-ը, 2015թ.՝ 24.8%-ը և անցած տարի արդեն գրեթե 27%-ը: Եթե 2011-2012թթ. ՌԴ-ի հետ մեր առևտրաշրջանառության ծավալները տարեկան աճում էին 1.0%-ի չափով, ապա վերջին տարիներին՝ 1.5-2.0%-ով: Միևնույն ժամանակ կայունորեն նվազում են ԵՄ-ի հետ առևտրի ծավալները, այսպես՝ 2014թ.՝ 26.6%, 2015թ.՝ 25.3% և 2016թ.՝ 24.0%: Այսինքն Եվրոպական տնտեսությունից դանդաղ ու կայուն հետ ենք քաշվում՝ ավելի քիչ օգտվելով եվրոպական արտադրության սարքավորումներից, տեխնոլոգիաներից, բրենդներից: Ինչո՞վ ենք դրանք փոխարինում՝ ռուսականով:
Ներկայացված ընդամենը մի քանի թվերից միանշանակ պարզ է դառնում, որ իրականում ԵԱՏՄ ասվածը Հայաստանի համար գոյություն չունի (թերևս ՌԴ-ից բացի ոչ մեկի համար էլ գոյություն չունի): Դրա անդամ երկրները (բացառությամբ ՌԴ-ի) գործնականում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ չունեն: Պարզապես Ղազախստանի պարագայում ֆիզիկական անձանց հետ տարվող-բերվող ապրանքների ընդհանուր գումարը հասնում է մի քանի միլիոն դոլարի, ինչն էլ ամրագրվում է որպես ցուցանիշ: Բելառուսի դեպքում էլ ամեն ինչ ավարտվում է մի քանի միլիոնի կաուչուկով: Ավելին, մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանը բացարձակ թվով կրկնակի «առևտուր էր անում» Ղազախստանի հետ: Բելառուսի հետ էլ ավելին էր անում, քան հիմա: ԵԱՏՄ-ի անվան տակ Հայաստանը սահուն ու հաստատակամ ավելի է խորացնում իր կախվածությունը Ռուսաստանից:
Օգտագործված գրականություն
- Եվրոասոցացո՞ւմ, թե՞ Մաքսային միություն. Հայաստանի Հանրապետությունը պետք Է իրականացնի փոխլրացնող քաղաքականություն, Միքայել Մելքումյան
- ԵԱՏՄ-ԵՄ. Ինտեգրացիայի ու հեռանկարների համեմատում, Աննա Փամբուխչյան
- Հայաստան-ԵԱՏՄ. ի՞նչ են տվել անդամակցության երկու տարիները՝ ա՞ճ, թե՞ անկում, Բաբկեն Թունյան
- ”Армения и Таможенный союз: оценка экономического эффекта интеграции”, СПб., 2013г.
- ‘‘Eurostat, Population on 1 January 2016։ European Commission’’
- ‘‘IMF World Economic Outlook Database, April 2016’’, International Monetary Fund
- ‘‘IMF GDP based on purchasing-power-parity (PPP) per capita’’, 18.04.2017
- Հայաստանի վիճակագրական տարեգրքեր, 2014-2016թթ., ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, http://www.armstat.am
- ՀՀ մաքսային ծառայության կայքէջում արտահանման և ներմուծման վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալներ, http://www.petekamutner.am/DefaultCs.aspx?itn=cs
- ՀՀ ԿԲ-ի կայքէջում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած տարեկան փոխանցումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալներ, https://www.cba.am/
Անի Հասան-Ջալալյան
Տնտեսագետ, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)