«Կիբեռանվտանգության խնդիրը ոչ միայն համապետական, այլև համազգային խնդիր է». Հայկ Քոթանջյան

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում  մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ընթացքում տեղի են ունենում 2  լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:

Համաժողովի ընթացքում քննարկվում էին ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, այդ թվում՝ կիբեռանվտանգություն խնդիրները:

ՀՀ պաշտպանական քաղաքականության մասին քննարկման ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ  ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Ըստ Հայկ Քոթանջյանի՝ չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջանում կան նոր սպառնալիքներ և մարտահրավերներ:

«Կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն, ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: Ուստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա՝ որպես այդ առումով փոխգործակցելի պետություն»,- ասաց նա:

Հայկ Քոթանջյանի խոսքով՝ Հայաստանը միշտ ենթարկվում է հարձակման ագրեսիվ հարևանի կողմից, ինչը ոչ միայն՝ ֆիզիկական, այլև՝ վիրտուալ բնույթ է կրում: Այս համատեքստում Հայկ Քոթանջյանը շատ է կարևորում կիբեռանվտանգությունը:

«Եվ միջազգային համագործակցությունն այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահով­մանը և միջազգային գործընկերության տեսակետից՝ գրավչության մեծացմանը:

Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցն ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության գլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումներն ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ»,- ներկայացրեց Հայկ Քոթանջյանը:

Հայկ Քոթանջյանը նշեց նաև, որ այստեղ մեծ դեր ունի ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Համագործակցության արդյունքում քննարկվում են նաև կիբեռանվտանգության խնդիրները: Հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել Ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց:

Այդ համագործակցության շրջանակներում մշակվել և  ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնա­խմբում գիտական փորձարկման են ենթարկվել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի վերջերս  լույս տեսած համարում: Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների  արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը:

Հայկ Քոթանջյանի խոսքով՝ կիբեռանվտանգության խնդիրը ոչ միայն համապետական, այլև համազգային խնդիր է, և պահանջում է ոչ միայն՝ մարդկային ու նյութատեխնիկական, այլև՝ կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ:

«Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքա­հայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը»:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս