«Վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ». Էդվարդ Նալբանդյանը հիշեց Կիկոսի պատմությունը

«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ, եթե Ադբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, ապա կստանա շատ խիստ պատասխան: Ինչ վերաբերում է հողերը հանձնելու վերաբերյալ հարցին, նախարարն ասաց. «Մի կարծեք՝ մենք միամիտ ենք, դուք՝ չէ, և  կարող ենք հավատալ և հանձնել»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զենքի գնմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Փող ունեն` առնում են, այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրար միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը փող ունի»:

Նա ընդգծեց, որ մեր զինվորները ոչ թե կռվում են ոստիկանական ատրճանակով, այլ ունենք ժամանակակից զենք ու զինամթերք. «Տասներորդ համաձայնագրում ասվում է՝ ռուսական բազան ապահովելու է Հայաստանի անվտանգությունը և տրամադրելու է ժամանակակից զենք ու զինամթերք: Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք՝ Ադրբեջանի բյուջեն ինչ թվերի է: Մենք մեր հնարավորությունների սահմանում ձեռք ենք բերում զինամթերք, որ պահենք բալանսը, և դա է պատճառը, որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»:

Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն և Ադբեջանի կողմից այդ հողերի վրա զենք տեղադրելուն՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մենք չենք վերադարձրել հողեր. «Դուք խոսում եք Կիկոսի մահվան պատմության մասին՝  վեր ընկավ քարին, վա՜յ-վա՜յ»:

Մարսելի համայնքի ներկայացուցիչներից մեկը նշեց, որ մարսելահայերը սարսափում են «փոխզիջում» բառից, և հարցրեց, թե ինչ ունենք մենք զիջելու: Էդվարդ Նալբանդյան այսպես արձագանքեց, թե չի կարծում, որ մարսելահայերն այդքան վախկոտ են:

«Բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե որտեղ ենք և որտեղ հասանք,  և միջազգային հանությունը մեր դիրքորոշման ընկալման առումով որտեղ էր և որտեղ է հասել: Եթե առաջարկներն օգուտ լինեին Ադրբեջանին, նա դրանք չէր մերժի: Հռոմի պապն ասում էր՝ մի վախեցեք»,- ասաց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա նախարարն ասաց, որ մոտակա օրերս բարձր մակարդակի այցելություններ ենք ունենալու: «Մենք շատ ինտենսիվ կապեր ունենք Իրանի հետ»,- ասաց նա և նկատեց, որ արցախյան հարցում Իրանն ունի բալանսավորված մոտեցում:

Տեսանյութեր

Լրահոս