«Մինչև վստահություն չլինի երկրի և պետական ինստիտուտների հանդեպ, ոչ մի խոսք չի կարող լինել ներգաղթի մասին». Թևան Պողոսյան

«Ցանկացած նպատակադրման դեպքում պետք է հասկանալ, թե ինչն է գրավիչ դառնալու, որպեսզի մարդիկ այդ նպատակի հետևից գնան։ Եթե խնդիրը ներգաղթն է՝ ո՞ր երկիր են մարդիկ տեղափոխվում ապրելու։ Որտեղ ավելի հարմարավետ է, որտեղ հնարավոր է՝ մարդ ինքնադրսևորվի, լավ կրթություն ստանա, անվտանգ ու ապահով ապրի, արդարություն ունենա, և դրանով այդ երկիրը դառնա գրավիչ, որ մարդիկ տեղափոխվեն։

Այդ իմաստով Հայաստանը պետք է հասկանա՝ ինչո՞ւ են հայերը տեղափոխվում այս կամ այն երկիր։ Ռուսաստան շատերը գնում են աշխատանքի համար, բնականաբար, այլ առումներով այն գրավիչ չէ, եվրոպական երկրներն ունեն իրենց գրավչությունը՝ սոցիալական ապահովություն, աշխատանք, ժողովրդավարություն, իրավունքների պաշտպանություն, և այլն։ Պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ պետք է անենք մենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ներգաղթի լուրջ ցուցանիշներ են հարկավոր։

Ըստ նրա՝ պետք է զարկ տալ տնտեսության հնարավորություններին, օրենքի գերակայություն լինի, ապահովել բոլոր այն ինստիտուտները, որ կապահովեն ներգաղթ։ Թ. Պողոսյանի կարծիքով՝ երբ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որ սկսվի ներգաղթ, ոչ միայն հայերն են ձգտելու գալ այստեղ ապրելու, այլ շատ ու շատ այլ մարդիկ, որոնց երկրների համեմատ՝ Հայաստանը կատարյալ երկիր է լինելու։ Նրա խոսքով՝ ճանապարհը ցավոտ է, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, անարդարությունների վերացումը. «Վստահություն պետք է լինի երկրի նկատմամբ, որ հայերը նորից տեղափոխվեն Հայաստան։ Մինչև վստահություն չլինի երկրի և պետական ինստիտուտների հանդեպ, ոչ մի խոսք չի կարող լինել ներգաղթի մասին»։

Թ.Պողոսյանը նշեց, որ, թեև իշխանությունը սկսել է խոսել ներգաղթի անհրաժեշտության մասին, բայց գործնական քայլեր դեռևս չկան. «Եթե այդպես լիներ, այսօրվա դրությամբ անվազն կկարողանայինք ասել՝ արտագաղթ չունենք։ Իսկ ինչքան արտագաղթ լինի, անիմաստ է խոսել ներգաղթի մասին։ Սկզբից պետք է արտագաղթը կանգ առնի, հետո դառնաս այն գրավիչ երկիրը, որտեղ մարդիկ կգան»։

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական միտումները մեր երկրում «խիստ մտահոգիչ» է անվանել, և շեշտել, որ առաջիկա բոլոր տարիների իշխանության քայլերն ուղղվելու են բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը: 2040 թվականին առնվազն 4 մլն բնակիչ ունենալու նպատակադրմանը, ըստ Սարգսյանի, դժվար կլինի հասնել միայն ծնելիության մակարդակի ավելացմամբ, մարդկանց կյանքի տևողության երկարացմամբ և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով, հետևաբար՝ դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշներ պետք է ապահովել։

Տեսանյութեր

Լրահոս