«Հայաստանից ապաստան խնդրողների մեծ մասը մերժում է ստանում». Գագիկ Եգանյան

Հայաստանից ապաստան խնդրողների մեծ մասը` առնվազն 60-65%-ը, մերժում է ստանում: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան, թե ապաստան խնդրողների ո՞ր մասն է մերժվում, հայտարարեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ-ն տարեկան միջինում 200 հայց է ստանում, այդ թիվը միանգամից բարձրանում է, եթե նոր օջախ է առաջանում, օրինակ` 2014-15թթ. հոսքն ավելացավ Սիրիայից, 2003-ին` Իրաքից, 2008-ին` Վրաստանից: Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Եգանյանը, վերջին 18 տարում մոտ 4300 հայց է ստացվել, որի մեծ մասը, չհաշված սիրիահայերին և նման այլ դեպքերը, քաղաքական ապաստան են հայցում.

«Յուրաքանչյուրի հետ անհատական ընթացակարգ կա, փորձում ենք պարզել, թե ապաստան պահանջելու իրական դրդապատճառը ո՞րն է: Մերժվում է հայտերի առնվազն 60-65%-ը: Օրինակ` պատճառ են բերում, թե հավատափոխ են եղել, բայց մի քանի հարցից պարզվում է, որ մեր հավատքի մեջ պարզունակ ճշմարտությունների չի տիրապետում: Եվ կարելի է եզրակացնել, որ այլ նպատակների համար են այս ճանապարհն ընտրել»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ նախագահից փոխանցվում են կառավարության կողմից հաստատված լիազոր մարմնին: Քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն ոչ թե 10 օրում, այլ՝ 30, իսկ բողոքարկումները կիրականացվեն դատական կարգով` անվճար:

Տեսանյութեր

Լրահոս