Գիտնականները երկրորդ տիպի շաքարախտը բուժել են «քաղցի» միջոցով
Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիվանդություն չէ, որն անդառնալիորեն փոխում է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի է հետ շրջել ցածր կալորիականության սննդակարգի միջոցով, Լիսաբոնում հայտարարել է բրիտանացի հայտնի շաքարախտաբան Ռոյ Թեյլորը՝ ելույթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ընկերության խորհրդաժողովում։
«Շաքարախտավորների համար լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե դուք 10 տարվա ընթացքում շաքարախտ եք ունեցել, ապա դրա բոլոր ախտանիշերը կարելի է վերացնել՝ ոչ մեծ քանակությամբ ճարպ կրճատելով ենթաստամոքսային գեղձից: Վատ նորությունն այն է, որ դա առայժմ կարելի անել սոսկ քաշի կտրուկ պակասեցման միջոցով»,- հայտարարել է գիտնականը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության՝ աշխարհում կա 347 միլիոն շաքարախտով հիվանդ, ընդ որում 10 շաքարախտավորից մոտավորապես յուրաքանչյուր 9-ը տառապում է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակության աճի հետեւանքով:
Երկու տարի առաջ Թեյլորը եւ նրա գործընկերները, գիտափորձեր կատարելով մկների վրա, հայտնաբերել են, որ երկրորդ տիպի շաքարախտի զարգացման պատճառը ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ճարպակալումն է: Այդ օրգաններից ընդամեը մեկ գրամ ճարպի հեռացումն, ինչպես ցույց են տվել գիտնականների փորձերը, լիովին վերացրել է հիվանդության բոլոր ախտանիշերը, այդ թվում նաեւ մարմնի մնացած բջիջներին հարկադրել է «նորմալ» ընդունել ինսուլինի մոլեկուլները:
Այս հայտնագործությունը ոգեշնչել է գիտնականներին, եւ նրանք ստուգել են, թե նման եղանակը գործում է արդյոք նաեւ մարդու համար՝ հավաքելով երկրորդ տիպի շաքարախտով տառապող մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբ, եւ նրանց նստեցրել հատուկ սննդակարգի, որը նպաստում է ճարպի հեռացմանը լյարդից եւ ենթաստամոքսային գեղձից:
Այդ սննդակարգն, ինչպես նշել է շաքարախտաբանը, շատ է դուր եկել իր խնամարկյաներին, քանի որ այն նրանց թույլ է տվել դադարել մշտապես քաղց եւ հոգնածություն զգալուց, եւ ըստ որում ազատվել հիվանդությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: