«Սա բավականին լավ նախագիծ է, բայց…». Մանե Թանդիլյանը՝ Վախթանգ Միրումյանին
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ սա տնտեսվարող սուբյեկտներին շրջանառու միջոցներով ապահովելու և տնտեսական ակտիվությունը խրախուսելու հերթական նախաձեռնություններից է:
«Այս նախագծերի ընդունման արդյունքում ավելացված արժեքի հարկի վերադաս կստանան ոչ միայն ՀՀ-ից ապրանքներ արտահանող անձինք, այլև նման հնարավորություն կստանան ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող անձինք, ովքեր իրենց տնտեսական գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ ունեն իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարներ, և իրենց տնտեսական գործունեությունն արտահանումը չէ»,- նշեց Վ. Միրումյանը:
Նրա խոսքով՝ այս օրենքների ընդունմամբ՝ 2017 թվականի հուլիսի մեկից ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տնտեսվարող սուբյեկտները 6 ամսվա կտրվածքով եթե կունենան իրենց մատակարարներին վճարված կամ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարներ, որոնք իրենք չեն հասցրել օգտագործել իրենց տնտեսական գործունեության մեջ, կդիմեն հարկային մարմնին, և սահմանված ընթացակարգով այդ գումարները հետ կվերադարձվեն այնպես, ինչպես վերադարձվում են այդ գումարներն արտահանում իրականացնող անձանց:
Վ. Միրումյանի դիտարկմամբ՝ այս առաջարկությունը ևս դասվում է երկար սպասված առաջարկությունների շարքին: Ըստ նրա՝ սա լրացուցիչ շրջանառու միջոց է՝ ապահովելու բիզնեսին, որպեզի ընդլայնի իր տնտեսական գործունեությունը:
«Համեմատության կարգով նշեմ, թե ինչպիսին է իրավիճակը ներկայումս: Հիմա, եթե տնտեսվարող սուբյեկտը որոշել է, օրինակ, գործարան կառուցել, ինքն ունի իր մատակարարներից կատարած ձեռքբերումները, մատակարարներից կատարված ձեռքբերումների մասով հնարավոր է, որ տնտեսական գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ չհասցնի օգտագործել ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարվել են կամ վճարման ենթակա են մատակարարներին: Այսինքն՝ դեռևս չի հացրել իրացնել արտադրածը կամ կառուցածը: Այս պարագայում 6 ամսվա կտրվածքով մենք այդ գումարները հետ ենք վերադարձնում: Նշեմ, որ ներկայումս այդ գումարները չեն կարող հետ վերադարձվել»,- նկատեց հիմնական զեկուցողը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ բնական է, որ այս նախաձեռնությունը ողջունելի է. «Սա իրենից ենթադրում է այն, որ շատ հաճախ անգամ վնասով աշխատող կազմակերպությունները կարող են օգտվել այս միջոցից և ունենալ շրջանառու միջոցներ, որոնք իրենց տրամադրության տակ կլինեն, և կկարողանան օգտագործել:
Ըստ էության, սա բավականին լավ նախագիծ է, ու դա է պատճառը, որ ընդդիմադիր գործիչները կողմ են եղել այս նախագծին, բայց իրողությունն իրականում շատ տարբեր է: Այն կանխավճարները, որոնք վերադարձման ենթակա են լինում, դրանք դառնում են առևտրի առարկա: Նախևառաջ շարունակական պրակտիկա ունենք, որ հարկային տեսուչներն անընդմեջ զանգահարում են տնտեսվարող սուբյեկտներին և ակնկալում կանխավճարներ: Այսինքն՝ թեև մենք ունենք օրենք, որով հետ ենք ստանալու կանխավճարներ, բայց մեր հարկային տեսուչները շարունակաբար զանգահարում են, և այս պրակտիկան շարունակում է մնալ:
Այն, որ շրջանառու միջոցները, որ նախատեսված է, որ այս օրենքի կիրառումից հետո կմնան տնտեսվարողի մոտ, դե ֆակտո չի մնում: Իսկ ինչպե՞ս են մարվում այդ կանխավճարները, գալիս են հարկային տեսուչները, գոյություն ունեցող այդ կանխավճարների չափով գրում որոշակի ակտեր, և շարունակական է այն արտահայտությունը, թե՝ «դե, եկել ենք, մի բան պետք է գրենք»: Քանի դեռ այս պրակտիկան չի վերացել, պարոն Միրումյան, նմանատիպ նախաձեռնությունները մնալու են գեղեցիկ թղթի վրա շարադրված օրենքի դրույթներ»: