Բաժիններ՝

«Ինչպե՞ս վարվեմ, Տեր հայր. եթե հորս լսեմ, այս կյանքում ոչնչի չեմ հասնի»

Հավատացյալ աղջնակի այս հարցը ինձ առիթ տվեց մտորելու…

Բոլոր ժամանակներում էլ առկա է եղել և այսօր էլ առկա է հայրերի և զավակների խնդիրը: Ի՞նչ խնդիր է դա և ինչո՞ւ է խնդիր: Յուրաքանչյուր մարդ գալիս է իր մանկությունից և իր մանուկ տարիներին ամբարած տպավորությունները, հույզերը, գիտելիքները դառնում են պատվանդան նրա կերտվող բնավորության համար:

Տարբեր սերունդներ տարբեր դիտանկյուններ են ունենում` շուրջը կատարվող իրադարձություններին, երևույթներին, իրողություններին նայելու:
Եվ հաճախ բախվում են հայացքները:

Եվ հաճախ բախվում են հենց հոր և որդու, մոր և դստեր հայացքները:
Զավակը կարծում է, թե ի դեմս իր ծնողի, այս աշխարհում իրեն ոչ ոք չի հասկանում: Ինքը ձգտում է ավելի լավ կանքի, հանդես է գալիս համարձակ նախաձեռնություններով, իսկ ծնողները պատնեշում են իր քայլերը` պաճառաբանելով. «Բա մեր ժամանակ էդպիսի բաներ կայի՞ն»:

Եվ, ըստ երկու կողմերի ստացած դաստիարակության մակարդակի, կարող է բռնկվել մեծ կամ փոքր բախում:

Խնդիրը կա, խնդիրը սակայն լուծում ունի: Պարզապես անհրաժեշտ է երկկողմանի կամք և ողջախոհություն դրսևորել:

Եթե մեր առջև ծառացած հարցերը դիտենք սուրբգրային խրատների, պատվերների ու պատվիրանների ներքո, հեշտությամբ կգտնենք նաև դրանց լուծման բանալին:
«Պատվիր քո հորն ու մորը»` 5-րդ պատվիրանն է սա, և «Անսա հորդ խրատին»:

Մյուս կողմից էլ`լսենք Սիրաքի իմաստուն այս պատգամը. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին»:

Ուրեմն, հոր խրատին ընդդիմանալուց առաջ, կարողանանք նժարել մեր ցանկությունը և ծնողի հանդեպ մեր սերն ու հարգանքը: Հարցնենք ինքներս մեզ` արժե՞ արդյոք մեր ցանկությունը կատարելու գնով վշտացնել, ցավ պատճառել ծնողին:
Եթե ազնիվ, բարի, լավ աշխատանք է մեր ձեռնարկածը, բայց, այդուհանդերձ, մեր ծնողը դեմ է, պատվիրում-պահանջում է չանել դա, միանգամից ըմբոստանալու փոխարեն փորձենք պարզապես հանդարտ զրույցի հրավիրել նրան` ընդհանուր հայտարարի հասնելու նպատակով:

Հայրերն էլ, սակայն, իրենց հերթին պետք է առաջնորդվեն որդիներին չզայրացնելու սուրբգրային իմաստությամբ. ողջախոհությամբ խրատեն, պահանջեն, ոչ թե սեփական ես-ի ձայնի ամրությունը ընտանիքում փորձարկելու կամ ստուգելու համար, այլ` միմիայն զավակի բարին և բարօրությունը ցանկանալով:

Մեկ կտրուկ քայլով իհարկե Գորդյան հանգույցի պես թնջուկը չի բացվի: Սակայն որդեգրելով քրիստոնեական կեցվածք` մեր քայլերը կարող ենք հաշտեցնել մեզ աշխարհ բերած հրաշքի` մեր ծնողի վախերի, մտավախությունների, ակնկալիքների և ցանկությունների հետ և չվշտացնել մեր ամենահարազատ մարդուն:

Եղիշե քահանա Նուրիջանյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս