«Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան առանցքին պետք է հակադրվի Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքը». Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նշեց, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ է արվում Հարավային Կովկասում ստեղծել մի առանցք` Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, որը, ըստ նրա, բացի տնտեսական, հումանիտար, քաղաքական խնդիրներից, պետք է իր առաջ դնի և որոշ առումով դնում է ռազմական համագործակցության խնդիրներ։
«Մենք տեսնում ենք, որ 2012թ. այդ գործընթացը թափ է առնում ու կշարունակվի։ Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունն այս գործընթացին պետք է փորձի հակադրել Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծումը և խորացումը: Սա է մեզ մնում, այլ ճանապարհ չեմ տեսնում դրան հակադրելու։ Այս գործընթացը ես գնահատում եմ բացասական՝ տարածաշրջանային տեսանկյունից, Հայաստանին մեկուսացնելու տեսանկյունից և, իհարկե, ռազմական իր բաղկացուցիչ մասի տեսանկյունից»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան առանցք ստեղծելու գործընթացը, ըստ էության, մեծ վնաս է հասցնում Հարավային Կովկասի ապագային.
«Հարավային Կովկասի ապագան, իմ խորին համոզմամբ, ինտեգրված պետություններն են, որոնք պետք է լուծեն համատեղ՝ առաջնահերթ տնտեսական զարգացման խնդիրներ, իսկ առանձին-առանձին շանսերը պակասում են»։
Ինչ վերաբերում է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած վերջին սկանդալային պատմությանը, ապա նա նշեց, որ դա բավական կխորանա. «Աշխարհում հետաքրքրություն կա այս գործի նկատմամբ։ Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանն օգտագործում է ոչ օրինական միջոցներ՝ իր շահերն առաջ տանելու համար։ Այնպես որ, գալիս է այն պահը, որ հույս ունենանք, որ նրանք պատասխան կտան։ Այս հարցը հասարակական կազմակերպությունները պետք է բարձրացնեն, իսկ եթե որոշակի միջազգային կառույցներում հարցը դրվի քննարկման, ապա նոր մեր դիվանագիտությունը պիտի իր բոլոր ջանքերը գործադրի»։
Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քրդստանի հանրաքվեի մասին խոսելով՝ նա նշեց, որ համոզված չէ, թե դրան կհետևեն իրական քայլեր.
«Որոշակի նախանշաններ կան, որ Քրդստանի Ինքնավար շրջանի ղեկավարությունը նպատակ ունի հանրաքվեն օգտագործել իր քաղաքական գործունեության մեջ, այլ ոչ թե սկսել անկախացման գործընթաց։ Նրանց առաջնահերթ խնդիրն է՝ հասնել այն բանին, որ մեծ տերությունները համակերպվեն այն գաղափարի հետ, որ կարող է ստեղծվել անկախ Քրդաստան։ Սա մի քայլ է՝ դեպի անկախացում, բայց այն որոշիչ չի լինի»։