Բաժիններ՝

Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել ներգրավված անձանց

Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում:

Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) անդամները հրապարակել են նոր հետաքննության արդյունքներն Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից Եվրոպայի տարածքում հակաօրինական գործունեության վերաբերյալ: Հետաքննություն իրականացրած վեց երկրի (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողները պարզել էին, որ Ալիևների ընտանիքը երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:

«Շոկային է տեսնել, որ հարգված այնպիսի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում և գումարի դիմաց փակում են աչքերը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտումների դիմաց: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- հայտարարել է Transparency International-ի ղեկավար Ժոզե Ուգազը: Նրա խոսքով՝ հետաքննությունը ցույց է տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, վերահսկող մարմինները ձախողում են գումարների լվացման դեմ օրենքի կիրառումը:

Transparency International-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք սեպտեմբերի 7-ին կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող ԵԽԽՎ հատուկ խմբին են ներկայացնելու ապացույցներ՝ պահանջելով դեպքի լիարժեք ու թափանցիկ հետաքննության իրականացում:

Գաղտնի հիմնադրամը, որի կեղծանունը եղել է «Ադրբեջանական լվացքատուն», գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:

Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:

Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում՝ երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Դրանք այժմ լուծարված են: Եվրոպական հայտնի բանկերից մեկը՝ դանիական Danske Bank-ը, այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս