Ջրվեժում ինժեներական քաղաք կստեղծվի
Հայաստանի կառավարությունը քննարկում է ինժեներական քաղաք ստեղծելու գաղափարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հույս հայտնեց, որ ինժեներական քաղաքի ստեղծման մեկնարկի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում: «Խոսքը Ջրվեժի ինժեներական քաղաքի մասին: Արդեն տեղը որոշված է, հիմա լուծվում են հողերի հատկացման հարցերը: Այն լինելու է հայկական ստարտափերի էկոհամակարգ: Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություններ կան, որոնք պատրաստ են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր»,- ասաց Տարասյանը:
Նա տեղեկացրեց, որ ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: Սա շատ կարևոր է, քանի որ ինժեներինգով զբաղվելը պահանջում է լուրջ գումարների և տեխնոլոգիաների ներդրում, իսկ հատկապես նոր ստեղծվող կազմակերպություններն այդ գումարները չունեն: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին»,- մանրամասնեց փոխնախարարը:
Էմիլ Տարասյանը հստակեցրեց, որ ինժեներական քաղաքը ստեղծվելու է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Պետությունն այս հարցեում կհամագործակցի National Instruments կազմակերպության հետ: Ներդրումները կկատարվեն 50/50 սկզբունքով: «Այսինքն, որքան ներդրում կատարի պետությունը, նույնքան էլ պետք է կատարի National Instruments կազմակերպությունը»,- նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը:
Ստեղծվելիք ինժեներական քաղաքում կտեղակայվի նաև Philip Moris ընկերության առևտրի կենտրոնը: Էմիլ Տարասյանը նկատում է, որ ի տարբերություն ՏՏ ոլորտի, որտեղ ավելի հեշտ է մեկ կազմակերպության համար ստեղծել որևէ արտադրանք և նույնիսկ արտահանել դա, ապա ինժեներինգում դա շատ բարդ է անել, ուստի ինժեներական քաղաքը լավ հնարավորություն կլինի, որպեսզի տարբեր կազմակերպություններ հավաքվեն մեկ վայրում և կարողանան համատեղ ուժերով որևէ արտադրանքի սկիզբ դնել: Տարասյանի գնահատմամբ` Հայաստանի համար շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե այդ կազմակերպությունները կարողանան գոնե մեկ արտադրանք ունենալ և դրանով ներկայանալ աշխարհին: