«ՌԴ նախագահն ընդունեց՝ ՌԴ քաղաքականությունը շարժվում է երկակի ստանդարտներով». Ստեփան Գրիգորյան

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին, ասաց, թե հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ նման հայտարարություն է արել այն երկրի նախագահը, որը տարիներ շարունակ մահաբեր զենքի խոշոր խմբաքանակներ է մատակարարել Արցախին մշտապես պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

«Այո, տարօրինակ է, ու դա խոսում է երկակի ստանդարտների մասին, որը կիրառում է Ռուսաստանը։ Եվ ուզում եմ մի ճշտում անել ձեր ասածի մեջ՝ ոչ միայն մատակարարել է, այլև շարունակում է ծանր զենքեր  մատակարարել Ադրբեջանին։ Երբ իրենք ասացին, որ անթույլատրելի է Ուկրաինային զենք մատակարարել, դա նշանակում է, որ ՌԴ նախագահն ընդունեց՝ Ռուսաստանի քաղաքականությունը շարժվում է երկակի ստանդարտներով»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն այս հայտարարությանը. «Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է ասեն՝ հուսով ենք, որ այդ սկզբունքը, որը ճիշտ սկզբունք է՝ զենք չմատակարարել կոնֆլիկտի գոտի, Ռուսաստանը կտարածի նաև Հարավային Կովկասի վրա»։

Բազմիցս հրապարակվել է, Ռուսաստանը 2011-2012թթ. կնքված պայմանագրերով Ադրբեջանին է մատակարարել շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հարձակվողական սպառազինություն, այդ թվում՝ համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, հրանետային «Սոլնցեպյոկ» ТОС-1А համակարգեր, T-90s տանկեր:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը՝ նշել է հետևյալը. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ, եթե իրենք չանեն, այլ պետություններ կանեն:  Ժամանակին ես անձամբ գաղափար էի առաջ քաշել, որ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո հակամարտող գոտիներում, մասնավորապես` մեզ մոտ: Ա՛յ, դա կլիներ հարցի լուծում, և որևէ պետություն չէր կարող ասել` եթե ես չմատակարարեմ, ուրիշից կառնի, որովհետև դա կլիներ համընդհանուր»։

Տեսանյութեր

Լրահոս