Թե՛-թե՛-ն նաև ռազմաքաղաքական ոլորտում
Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»։
Այս հայտարարության բովանդակային տարբաղադրումը հետեւյան կետերում է ամփոփում մեր պաշտոնական ռազմաքաղաքական հայեցակարգը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկու բեւեռային միաւորների նկատմամբ.
ՀԱՊԿ-ի առնչությամբ` ՀՀ-ի զինված ուժերն ու ՀԱՊԿ-ի համակարգը փոխադարձաբար ունեն շատ կարեւոր նշանակություն։ Այստեղ շեշտվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգության ընդհանուր համակարգում. այս նշանակությունը որակվել է նույնիսկ առանցքային։
ՆԱՏՕ-ի առնչությամբ` նշվել են երեք ուղղությունները (քաղաքական, ժողովրդավարական եւ խաղաղար առաքելություններ) եւ շեշտվել ՀՀ լայն համագործակցությունը հաւասարապես այս երեք ուղղություններով։
Բացատրությունների հիմնական նպատակը այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։
Անդամակցելով ՀԱՊԿ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, այսուհանդերձ պաշտոնական Երեւանը շարունակում է հաւասարակշիռ եւ այս դեպքում երկկողմ հարաբերությունները։ Ուղղությունների հաւասարակշիռ պահպանման այս վարքագիծը թե՜ ռազմաքաղաքական, թե՜ դիւանագիտական եւ թե՜ ընդհանրապես միջազգային հարաբերություններում առանցքային բնույթ է ստացել հայկական կողմի համար։
Աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում կիրառվող աշխարհաքաղաքականությունը, տարբեր պետությունների շահագրգռվածության նշաձողի անվերջանալի բարձրացումը, անտանգության հետ առնչված տարբեր իրադարձությունների արձանագրումը` հանգամանքներ են, որոնք հաշվի են առնվում հայկական կողմից եւ մղում, որ նշված ոլորտների վերաբերյալ մշակված հայեցակարգերում ներառվեն։
Համապատասխան գերատեսչությունն առանց նախապես հայտարարելու թե պիտի մասնակցի թե ոչ Վրաստանում կայացող զորավարժություններին, որոշել է այս հանգրվանին չմասնակցել։ Իհարկե, որոշումը բնականաբար կունենա իր պատճառականությունը։
Եւ եթե ռազմաքաղաքական մի բեւեռային միաւորի հետ համագործակցությունը առանցքային բնույթ ունի, մինչ երկրորդի դեպքում երկարամյա եւ լայն ձեւաչափ, այդ բնականաբար ենթադրում է, որ առանցքայինի նման բոլոր ծրագրերին ինքնաբերաբար մասնակցություն չի արձանագրվում։
Այստեղ կա տարբերություն, որը բացատրվում է ռազմական, քաղաքական, դիւանագիտական եւ ապահովական հարթությունների վրա տիրող իրավիճակներով եւ դրանցից մեկնած կայացած անդամակցություններով։ Մեկի դեպքում լիարժեք անդամակցություն է, մյուսի` համագործակցություն։
Այս հանգամանքները նկատի ունենալով արտառոց երեւույթ չպետք է փնտրել ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններից մեկին Երեւանի չմասնակցելու որոշման մեջ։ Այս բոլորով հանդերձ, այս ոլորտում եւս թե՜, թե՜-ն կիրառվում է հայկական կողմից։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր