«Վստահ եմ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի, ու դա միանշանակ բխում է մեր երկրի շահերից». Էդվարդ Անտինյան
Իշխանական շրջանակներից վստահաբար պնդում են, որ այս տարվա նոյեմբերին Հայաստանը կստորագրի Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը: Խոսում են նաև, որ ՀՀ-ի Մաքսային Միություն մտնելու առիթով հենց ԵՄ-ն ժամանակին հրաժարվեց մեզ հետ ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման ու նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, իսկ հիմա կարծես «խելքի» են եկել ու համաձայնել են ստորագրել այն: Հիշենք, որ 2013թ. էլ իշխանությունները, ընդհուպ՝ մինչև սեպտեմբերի 3-ը, վստահեցնում էին, որ ԵՄ-ի հետ այդ երկու համաձայնագրերը պարտադիր կստորագրվեն, ու նաև ավելացնում, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը մեր երկրի համար քաղաքակրթական ու արժեհամակարգային ընտրություն է: Բայց հետագայում տեսանք, թե ինչ եղավ սեպտեմբերի 3-ին, ու դրանով ինչ եղավ մեր քաղաքակրթական ընտրության հետ:
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը 168.am-ում 2013թ. ապրիլին «Աշխարհաքաղաքական կողմնորոշումը միջո՞ց է, թե՞ նպատակ» իր հոդվածում նշել էր. «Անվիճելի է, որ այդ երկու տնտեսական տիրույթներին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, ուստի առաջիկայում «համ-համի» քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է «կամ-կամի»: Բայց, եթե Պուտինը վերջնաժամկետ է նշանակել 2015-ի հունվարը, իսկ մենք այս տարի ԵՄ-ի հետ համաձայնագիր ենք ստորագրում, ապա դրանով բացառում ենք Մաքսային միություն մեր մտնելու հավանականությունը: Թեպետ նախատեսվում է Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ համաձայնագիրը ստորագրել Արևելյան գործընկերության 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, բայց ցանկանում եմ ինձ անզգուշություն թույլ տալ և նշել, որ իմ կարծիքով՝ հայկական կողմը «ռուբիկոնը» չի անցնի այս տարվա վերջին, ու ամենևին կարևոր չէ, թե ում նախաձեռնությամբ կհետաձգվի համաձայնագրի ստորագրումը: Արդյունքում՝ Արևմուտք-Արևելք դիլեմայի առջև կկանգնենք միաժամանակ, և վճիռը կկայացվի առարկայական ծանրութեթև անելուց հետո միայն»:
Դիմեցինք Էդվարդ Անտինյանին՝ պարզաբանելու համար, թե արդյոք հիմա չի՞ ձախողվի այս համաձայնագրի ստորագրումը՝ նկատի ունենալով անցյալի դառը փորձը:
– Նախ, անկախ նրանից, թե մեր իշխանավորներն ինչ էին հավաստիացնում, ես ոչ միայն նշել էի, որ 2013-ին չի ստորագրվելու, այլև պարզաբանել, թե՝ ինչո՞ւ: Ում հետաքրքիր է՝ կարող է կարդալ, չկրկնվեմ: Երկրորդ, երբ խոսվում է, որ այն ժամանակ ԵՄ-ն հրաժարվեց, իսկ հիմա համաձայնել է, կնշանակի՝ նրանք են զիջել իրենց դիրքերը, մի քիչ կոռեկտ չէ, քանի որ 2013-ին միանգամայն այլ փաստաթուղթ էր նախապատրաստված ստորագրման, իսկ այս մեկը՝ մեր երկրի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսական մասով՝ ավելի շատ լինելու է բարի կամքի դրսևորման ու մտադրությունների դեկլարացիա: Թեպետ սա էլ բավական զգալի քայլ է, որը պետք է արվի, ու անգամ, եթե բովանդակային առումով այս համաձայնագրի կշիռը զգալիորեն նվազել է, սակայն քաղաքական կշիռը՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, բավական բարձրացել է: Իսկ կասկածել՝ այս անգամ կստորագրվի՞, թե՞ ՀՀ-ն հերթական անգամ կհրաժարվի՝ ՌԴ-ի ճնշման տակ, մի տեսակ անլուրջ է ստացվում: Ի՞նչ իմաստ ուներ այս երկրորդ նախաձեռնությունը հանդես բերելը, հետո էլ հրաժարվելը:
Բացի այդ, եթե անգամ բարի կամքի դրսևորման մակարդակի փաստաթուղթ չպետք է կարողանանք ստորագրել, ուրեմն դրանով փաստում ենք, որ մեր երկիրն ինքնիշխանությունը կորցրել է վերջնականապես ու ստորագրել իր կապիտուլյացիայի ակտի տակ:
Առիթներ ունեցել եմ ասելու, որ սխալ կլիներ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրելը, սխալ էր նաև ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը, բայց իշխանությունները պարզաբանումներ էին ներկայացնում, թե ԵԱՏՄ-ին չանդամակցելը կարող էր վտանգավոր լինել անվտանգության տեսանկյունից, հատկապես՝ Արցախի համար, էլ չասենք, որ ոմանք անգամ փորձում էին համոզել, թե ԵԱՏՄ-ին անդամակցելը նաև տնտեսական առումով է շահավետ մեր երկրի համար: Թե ինչ տեղի ունեցավ, տեսանք ու գնահատեցինք, բայց համարենք, որ այդ քայլն այդուհանդերձ վիճելի է. ինչ տեղի կունենար չանդամակցելու կամ ԵՄ-ի հետ համաձայնագրերը ստորագրելու դեպքերում:
Բայց հիմա ի՞նչ պատճառաբանություն է բերվելու, եթե ի սկզբանե գիտեին, որ ստորագրել չենք կարողանալու, մանավանդ՝ տառապանքներս փորձ ունի, էլ ինչի՞ նախաձեռնեցին այս անգամ, ինչ եղել էր, եղել էր 2013-ին: Այնպես որ, կարծում եմ՝ ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, այս համաձայնագիրը ԵՄ-ի հետ պետք է ստորագրվի: Ի վերջո, որքան էլ հարգենք մեր ռազմավարական դաշնակցի կենսական շահերը մեր տարածաշրջանում, պետք է կարողանանք հստակ հասկացնել նրան (ոչ միայն նրան), որ հենց իրենք պետք է առաջին հերթին շահագրգռված լինեն, որ այս բարդ տարածաշրջանում գտնվող իրենց դաշնակից պետությունը լինի ուժեղ, ու մեր երկրի հզորացման ցանկացած քայլ մեծապես բխում է ՌԴ-ի շահերից, ու ոչ մի պարագայում այն չի կարող լինել ընդդեմ մեր դաշնակցի կենսական շահերի: Մենք շահագրգռված ենք, չէ՞, ՌԴ-ի հզորացմամբ, ինչո՞ւ պետք է մեր դաշնակիցը շահագրգռված չլինի մեր զարգացմամբ, եթե իսկապես դաշնակից է:
Առավել ևս, որ ԵՄ-ի հետ այս համաձայնագիրը հստակ նախանշելու է այն տիրույթը, որում գործելը չի հակասելու ոչ ՌԴ-ի հետ մեր միջպետական պայմանագրերին, ոչ էլ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին:
Այնպես որ, եթե այն ժամանակ բոլորը վստահեցնում էին, որ ստորագրվելու է, ես համոզված էի հակառակում, իսկ այժմ, անցյալի փորձը հաշվի անելով՝ շատերը կասկածի տակ են դնում, որ այս անգամ կստորագրվի, ապա ես վստահ եմ, որ այն տեղի կունենա, ու դա միանշանակ բխում է մեր երկրի շահերից: