Աշխարհաքաղաքական կողմնորոշումը միջո՞ց է, թե՞ նպատակ

Դեռ չի ձևավորվել կառավարությունն, արդեն իշխանական հավաստի բամբասանքներին քաջատեղյակների համբավ ունեցողները շրջանառում են, թե այն գործելու է մինչև տարեվերջ: Փորձենք հասկանալ` այդպե՞ս է արդյոք:

Երևանի ավագանու ընտրությունները չեն ազդելու կառավարության ձևավորման վրա, կոալիցիոն նոր գործընկեր չի առաջանալու, հինն էլ կոալիցիայից դուրս չի գալու: Իսկ թե մեկ նախարար այս օրերին կփոխվի, մեկ-երկուսն էլ` ընթացքում, դա էական չէ: Երկրի տնտեսական վիճակն էլ չի հանգեցնի մի քանի ամիս հետո կառավարության հրաժարականին, քանի որ, եթե այն անցել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի միջով ու պահպանել սեփական դիրքերը, ապա առաջիկա ամիսներին հազիվ թե նրան լուրջ վտանգ սպառնա:

Մնում է աշխարհաքաղաքական գործոնը: Անվտանգության համակարգի փոփոխության հարցն օրակարգային չէ: Քաղաքական համակարգերի հարցում առանձնապես դժվարություններ չկան` պահելու հավասարակշռությունը Եվրամիության ու Եվրասիական միության միջև, երբ ԵՄ-ին մեր անդամակցությունը տեսանելի ապագայում չի սպասվում, իսկ ԵԱՏՄ-ն չի ստեղծվել, ու ընդամենը գործ ունենք նրա նախապատրաստական աշխատանքներն իրականացնող կառույցի հետ: Մինչդեռ տնտեսական տիրույթում վիճակն այլ է: Հայաստան-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունները թևակոխել են վճռական փուլ, իսկ դրան զուգահեռ` ՌԴ նախագահը հայտարարել է, որ այն երկրները, որոնք չեն անդամակցի իր նախաձեռնած Մաքսային միությանը` նրանց հետ հարաբերությունների խստացված ռեժիմ կսահմանվի: Փաստ է, որ մեր նկատմամբ երկու կողմից էլ իրականացվում է նույն` «Մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունը, ուղղակի տակտիկական մոտեցումներն են տարբեր. ԵՄ-ն գործընթացը սկսում է քաղցրաբլիթի գայթակղիչ համին ծանոթացնելով, իսկ ՌԴ-ն` մտրակի մասին հիշեցնելով:

Անվիճելի է, որ այդ երկու տնտեսական տիրույթներին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, ուստի առաջիկայում «համ-համի» քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է «կամ-կամի»: Բայց, եթե Պուտինը վերջնաժամկետ է նշանակել 2015թ. հունվարը, իսկ մենք այս տարի ԵՄ-ի հետ համաձայնագիր ենք ստորագրում, ապա դրանով բացառում ենք Մաքսային միություն մեր մտնելու հավանականությունը:

Կարդացեք նաև

Թեպետ նախատեսվում է Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ համաձայնագիրը ստորագրել Արևելյան գործընկերության նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, բայց ցանկանում եմ ինձ անզգուշություն թույլ տալ և նշել, որ իմ կարծիքով` հայկական կողմը «ռուբիկոնը» չի անցնի այս տարվա վերջին, ու ամենևին կարևոր չէ, թե ում նախաձեռնությամբ կհետաձգվի համաձայնագրի ստորագրումը: Արդյունքում` Արևմուտք-Արևելք դիլեմայի առջև կկանգնենք միաժամանակ, և վճիռը կկայացվի առարկայական ծանրութեթև անելուց հետո միայն: Իսկ հիմա հավանական վտանգներն ու սպասելիքները սոսկ փորձագիտական մակարդակի վրա են` հասարակությունը դրան չի մասնակցում, քանի որ սեփական մաշկի վրա չի զգում:

Ուստի կառավարությունն առաջիկայում հրաժարական կտա, երբ նրան չհաջողվի անդամակցելով մի կառույցին` նոր իրողության պայմաններում արդյունավետ համագործակցություն հաստատել մյուսի հետ, կամ էլ` երբ այս երկուսի հետ տարվող բանակցությունների անարդյունավետության մեղավորը հայկական կողմը լինի, ինչի արդյունքում հարվածներ ստանալով երկու կողմից էլ` վտանգվի մեր երկրի զարգացման հեռանկարը: Հետևաբար` ոչ թե կառավարությունը, այլ ողջ երկրով ենք կանգնելու ճամփաբաժանի առջև, քանզի առաջիկա ամիսներին ընտրվելու է տասնամյակների զարգացման ճամապարհը: Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրն ուժերի ներածի չափով պետք է մասնակից լինի` սկսած գործնական քայլերից, վերջացրած շահագրգիռ քննարկումներին ակտիվ մասնակցություն ունենալը, և անտարբերությունն այս հարցում պակաս դատապարտելի չէ, քան սխալ գործողություն կատարելը:

Միտքս հստակեցնելու համար մեջբերեմ «Ժամանակ» օրաթերթի 13.02.2007-ի համարում տպագրված հոդվածիցս մի հատված: «Իսկ ո՞վ է ասել, որ եթե ԽՍՀՄ-ին հաջողվեր ԵՄ-ի նման արդյունավետ համակարգ ստեղծել, մենք կձգտեինք ամեն գնով այդտեղից դուրս գալ, մանավանդ որ` ներկայիս ԵՄ-ում զգալի թվով պետություններ այդ դեպքում կլինեին հենց այդ բարեփոխված ԽՍՀՄ-ում: Անկախ պետականություն ունեցող երկրի համար կա մեկ դոմինանտ գաղափար. Հայաստանի Հանրապետության շահերը, իսկ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ընդամենը միջոց է` երկիրը ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու»:

Մինչդեռ ՌԴ նախագահի բարեփոխումներին միտված վճռական քայլերը, թեպետ որոշակի ոգևորություն են առաջացրել իր երկրի քաղաքացիների մոտ, բայց մեր տեսանկյունից դրանք չեն ընկալվում համակարգային, ինստիտուցիոնալ, Պուտինի նախաձեռնած կառույցներին անդամակցելուց հետո միջազգայնորեն ամրագրված երաշխիքներ չենք ունենա, որ ցանկության դեպքում կարող ենք առանց լուրջ կորուստների դուրս գալ դրանցից: Եվ վերջապես, դեռ պարզ չէ` ՌԴ-ն պատրաստվում է հին գործընկերների հետ նոր որակի ԵՄ ստեղծե՞լ, թե՞ ընդամենը` նոր փաթեթավորմամբ ԽՍՀՄ:

Իսկ ՌԴ-ի քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայությունը մեր երկրում այնքան շոշափելի է, որ, անկախ ամեն ինչից, մենք պակաս հետաքրքրված չենք նրա առաջընթացով: Ավելին, մի Հայաստանի չափ հայրենակից էլ այդ երկրում ունենք: Ցավն այն է, որ ազգային զարթոնքի պահին անկախության համար պայքարն այնպիսի բարբարոսական ռուսատյացության էր հանգեցրել, որ գործը ոմանք հասցրել էին ռուս գրողների արձանները Երևանում ոչնչացնելուն, իսկ ընդամենը մի քանի տարի հետո` նույն սերնդի աչքի առաջ, հանգելով մյուս ծայրահեղության, այնպես ինքնամոռաց «տրվեցին» Ռուսաստանին, որ հիմա ամենաթունդ արևմտամետն անգամ գա իշխանության` պարտավոր է հաշվի նստել Կրեմլի հետ:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս