«Մնջախաղն ազնվացնող արվեստ է». Ժիրայր Դադասյան
Ծաղկաձորում հուլիսի 22-26-ն անցկացվեց հանրահայտ ծաղրածու, մնջախաղաց, դերասան Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որին շատերն էին սպասում: Փառատոնի և մնջախաղին վերաբերող հարցերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի հետ:
-Արդեն 6-րդ անգամ է իրականացվում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց եք նկատել:
-Ամեն տարի մի փառատոնը մյուսից տարբերվում է նախևառաջ մասնակիցների կազմով, նրանց բեմադրություններով, թեմաներով: Թատերախմբերն ու անհատ մնջախաղացներն են թելադրում տվյալ տարվա փառատոնի տրամաբանությունն ու տրամադրությունը: Տարիների ընթացքում քչացել են կազմակերպչական խնդիրները, անհարթությունները: Քանի որ փառատոնն ամենամյա է դարձել, շատ ավելի լարված ու ակտիվ աշխատանք ենք կատարել ամեն բան լավ և գեղեցիկ ներկայացնելու համար:
-Այս տարի դիտե՞լ եք մի ներկայացում, որը ձեզ զարմացրել է, հիացրել:
-Տպավորվեցի և ուրախացա այն աճի համար, որը տեսա Ֆրանսիան ներկայացնող Դիանա Ներսիսյանի «Մարգարիտը» բեմադրության մեջ: Նախկինում Դիանան մեր թատերախմբում է աշխատել. նա կարողանում է մնալ ժամանակակից, քանի որ թատրոնն արդի արվեստ է և հնարավոր չէ հին մեթոդներով պահել 21-րդ դարի հանդիսատեսին: Հավանեցի թատերական ինստիտուտի շրջանավարտների «Պարֆյումեր»-ը, որը, ըստ իս, փայլուն ներկայացում է: Դասավանդել եմ նրանց ու հաճելի է տեսնել, որ իզուր չեն անցել մեր ջանքերը:
Ընդգծեմ, որ մնջախաղն ազնվացնող արվեստ է: Փառատոնի մասնակիցները ներկայացնում են բազմաոճ համարներ, վարպետության դասեր անցկացնում՝ թատերասերներին և իրենց կոլեգաներին ծանոթացնելով տարբեր դպրոցներին: Մնջախաղի միջոցով հնարավոր է դառնում ճանաչել սեփական մարմինը:
-Քանի որ մնջախաղը ներառում է պար, տեխնիկական ժամանակակից լուծումներ, կրկես, Ֆրանսիայում ներկայիս մնջախաղն անվանում են շարժման թատրոն, ժեստերի թատրոն, բայց ոչ մնջախաղի թատրոն: Ի՞նչպես է ստացվել, որ Հայաստանում այն դեռ մնջախաղի թատրոն է:
-Դրանք ժամանակային տերմիններ են, որոնք կվերանան, իսկ մնջախաղը հազարամյակների պատմություն ունի և միշտ կմնա՝ չնայած այն փոխակերպումների է ենթարկվել դարերի ընթացքում: Մարսել Մարսոյի մնջախաղային գեղագիտության շնորհիվ այն որոշակի ձև ընդունեց, և մարդիկ մտածեցին, որ մնջախաղը Մարսոն է:
Աշխարհում շատերն են Մարսոյի շնորհիվ ճանաչել մնջախաղը, բայց արվեստի այդ տեսակն ավելի լայն է ու ընդգրկուն: Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ ամեն տեղ կօգտագործեն մնջախաղ բառը, որն առանց խոսքերի մարմնի միջոցով պատում ներկայացնելու արվեստ է և կարող է տարբեր արտահայտչամիջոցներ ունենալ:
-Այս տարի Երևանի մնջախաղի պետական թատրոնը, վերջապես, շենք ունեցավ: Ի՞նչ վիճակում է այն այսօր, և ի՞նչ ծրագրեր ունի թատրոնը:
-Մենք պատրաստվում ենք ազատ հարթակ ստեղծել երիտասարդ ստեղծագործողների համար, որպեսզի նրանք բեմադրություններ անեն, չկաշկանդվեն ու իրականություն դարձնեն իրենց մտահղացումները: Սա մեր ապագա թատրոնի կարևորագույն ծրագրերից է: Մտադիր ենք նաև մանկական ստուդիա բացել, որպեսզի սերնդափոխության խնդիր չլինի: Նոր շենքում տարբեր բնույթի միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ կանցկացվեն. այն պետք է մշակութային վայր դառնա: Փառատոնից անմիջապես հետո աշխատելու ենք շենքի նախագծի վրա, որից հետո պիտի սկսվի շինարարության համար անցկացվող մրցույթը:
Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի