«Շուտով անցնելու ենք պարտադիր սպանդանոցային մորթին». Հովհաննես Մկրտչյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության անասնապահության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի դիտարկմամբ՝ համար առաջին վերահսկողական գործառույթը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի նկատմամբ կատարված աշխատանքն է: Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ունենալու համար իրականացվել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների՝ ավելի քան 3.5 մլն անասնահակահամաճարակային միջոցառումներ:
Առաջին կիսամյակի տվյալներով՝ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ, դաբաղ և այլ հիվանդությունների նկատմամբ իրականացվել են 3.037.359 միջոցառումներ: Նա նաև նշեց, որ մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ, դաբաղ, սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ իրականացվել է 537.927 միջոցառում, իսկ ձիերի սիբիրախտ հիվանդության նկատմամբ՝ 9257 միջոցառում:
Հովհաննես Մկրտչյանի հաղորդմամբ՝ անասնաբուժության ոլորտում պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսվարողների մոտ մսի իրացման 43 վայրերում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպությունում, 5 ֆերմայում և 5 սպանդանոցում:
«Այցելություններ են իրականացվել Երևան քաղաքից դուրս եկող ճանապարհների վրա մանր եղջերավորների մորթ իրականացնող կազմակերպություններում, որ իրենք էլ արդեն իսկ սանիտարահիգիենիկ պայմանները փոփոխությունների ենթարկեն, բերեն պատշաճ վիճակի: Մինչև սեպտեմբեր նաև այդ ոլորտում կտեսնենք փոփոխություններ»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով՝ 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ տարածք հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով որոշակի սահմանափակումենր են իրականացվել այն երկրներում, որտեղ գրանցվել են կենդանիների վարակիչ հիվանդություններ:
«Համաձայն կառավարության որդեգրած քաղաքականության՝ մենք շուտով անցնելու ենք պարտադիր սպանդանոցային մորթին»,- հայտարարեց Հովհաննես Մկրտչյանը:
Նա նաև նշեց, որ ՍԱՊԾ-ի սննդի շղթայի օպերատորների բազայում մինչ 2017 թվականը գրանցված 6 սպանդանոցների թիվը հասել է 15-ի: Հիմք ընդունելով կառավարության ծրագրով և արձանագրային որոշմամբ սահմանված՝ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման պարտադիր նորմը՝ ստուգում է իրականացվել պետական գնումների գործընթացով կնքված պայմանագրերին համաձայն՝ մատակարարումներ իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակները սկսել են ձեռք բերել սպանդանոցից:
Անի Թորոսյան