Բաժիններ՝

«Պաղպաղակ արտադրող 5 ընկերություններում նկատելի թերություններ չեն արձանագրվել». Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի փոխանցմամբ՝ սպառողների ազգային ակադեմիան և ասոցիացիան համատեղ որոշում են կայացրել այցելել պաղպաղակ արտադրող բոլոր ընկերություններ՝ պարզելու համար, թե ի՞նչ վիճակում են գտնվում արտադրամասերը: Նրա խոսքով՝ պաղպաղակ արտադրող 15 ընկերությունների էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել, որ թույլ տան իրենց այցելել արտադրամասեր և ազգաբնակչությանը ներկայիս պաղպաղակների պատրաստման վիճակի մասին ստույգ տեղեկություն տալ:

Պաղպաղակ արտադրող 15 արտադրամասից պատասխան նամակ են ուղարկել միայն 5 ընկերություն՝ «Թամարա», «Աշտարակ կաթ», «Grand Candy», «Armsweet», «Ice dessert»: Մելիտա Հակոբյանի խոսքով՝ նշված ընկերություններում արտադրական գործընթացում մասնագետները նկատելի թերություն չեն արձանագրել:

Մելիտա Հակոբյանը նաև նշեց, որ պիտակավորումը և՛ շուկայում, և՛ հենց արտադրամասում, ուսումնասիրության ժամանակ նորմալ էր: Ուսումնասիրելով հումքի ամբողջ բաղադրամասը՝ նա փաստեց, որ տվյալ ընկերություններն ինչ գրում են մակնշման վրա, նույն բաղադրությամբ էլ արտադրում են:

«Այս 5 ընկերությունները մակնշման վրա նշում են՝ կոկոսի յուղ, իսկ մնացած շատ ընկերություններում մենք տեսնում ենք, որ պիտակավորման վրա գրած է՝ բուսական յուղ, բայց ինչի՞ յուղ, ոչ ոք չի իմանում: Ինչպես նաև չի նշվում, թե ի՞նչ քանակությամբ են օգտագործում այն»,- ասաց Մելիտա Հակոբյանը

Կարդացեք նաև

Նրա պնդմամբ՝ շուկան ուսումնասիրելու ժամանակ շատ խախտումներ են արձանագրել այն կետերում, որտեղ պաղպաղակ են վաճառում: Նրա նշած առաջին խախտումը ջերմաստիճանային պայմանների սխալ պահպանումն է: Կան տեղեր, որտեղ գիշերն անջատում են, առավոտյան՝ միացնում:

«Անցած տարվանից այս շուկան ողողվել է ռուսական արտադրությունով: Կան խանութներ, որտեղ տեղադրված են տեղական արտադրամասերի սառնարաններ, բայց լցված են Ռուսաստանից ներկրված պաղպաղակներով: Եթե պաղպաղակ եք ներկրում, բարի եղեք սառնարանն էլ ներկրել: Ինչի՞ եք ուրիշների սառնարանում լցնում դրանք: Մեր սպառողը պետք է գիտակցի, որ տեղական արտադրանքը թարմ է, անընդհատ մեր հսկողության տակ է», – նկատեց Մելիտա Հակոբյանը:

Մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի պնդմամբ՝ սպառողական շուկայում մոտ 15-%-ը ռուսական արտադրանք է, որը գնի առումով մեր տեղական արտադրանքից բավականին բարձր է:

Ռուբեն Հայթյանը նաև անդրադարձավ լցնովի պաղպաղակներին.

«Շուկաներում, փողոցներում, օբյեկտների դիմաց հաճախ տեսնում եք լցնովի պաղպաղակ: Պաղպաղակը ֆրեզի մեջ լցնելու խառնուրդը չպետք է կամայական լցվի, պետք է հստակ մի կազմակերպությունից ունենա սերտիֆիկատ: Երեկ 5 տեղ նայել եմ, որից միայն մեկն ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթ: Բայց չգիտեմ՝ միայն թո՞ւղթն է վերցրել, թե՞ խառնուրդն էլ հետը»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս