Բաժիններ՝

Ալիևյան ռեժիմը շարունակում է գնալ ընդդիմադիրների մեկուսացման ճանապարհով

Ադրբեջանում Սաբաիլի շրջանի դատարանի կողմից 3 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահի օգնական, «Ազադլըգ» թերթի շրջանառության գծով տնօրեն Ֆաիգ Ամիրլին, ով մշտապես վարել է ընդդիմադիր գործունեություն և հակադրվել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դատավճռի ընթերցումից առաջ, Ամիրլիի դատապաշտպանները ելույթ են ունեցել և նշել, որ իրենց պաշտպանյալն անմեղ է և իրենք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Ադրբեջանում արդար և անկախ դատական համակարգ գոյություն չունի, եթե արդար դատավարություն լիներ մեր պաշտպանյալը պետք է անմեղ ճանաչվեր»,- ասել են Ամիրլիի փաստաբանները:

Ֆաիք Ամիրլին ձերբակալվել է 2016-ի օգոստոսի 20-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ազգային արժանապատվությունը ոտնահարելու, ԶԼՄ-ների միջոցով և հրապարակայնորեն ռասսայական, կրոնական, ազգային թշնամանք հրահրելու, այլ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու» հատկանիշներով:

Ամիրլին մեղադրվում է նաև կրոնական քարոզ, ծիսակատարություններ և այլ միջոցառումներ իրականացնելու համար խումբ ստեղծելու, հասարակական կարգը խախտելու, գյուլենականության և այլ հատկանիշներով:

Ոստիկանությունը հետախուզական գործողությունների ընթացքում, իբր Ամիրլիի մեքենայից հայտնաբերել էր Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի գրքերը:

Ադրբեջանում նման մեղադրանքներով ընդդիմադիրներին ձերբակալելու և մեկուսացնելու պրակտիկան բավականին տարածված է:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում:

Այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության իշխանավորների, մասնավորապես, դատական իշխանության միջոցով, արտաքսվում են վարձակալված տարածքներից, նրանց արգելվում է օտարերկրյա աղբյուրներից ֆինանսական միջոցների ստացումը, ինչպես նաև գովազդատուներին պարտադրում են հրաժարվել նման ԶԼՄ-ների գովազդները տեղադրելուց:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչ Խալիգ Բահադըրի խոսքով` ընդդիմադիր մամուլը սովետական շրջանում և Ա. Մութալիբովի նախագահության շրջանում նույնպես ունեցել է դժվարություններ, սակայն այդ դժվարությունները շատ փոքր կարելի է համարել Ալիևյան ընտանիքի կառավարման շրջանում խոսքի ազատության նկատմամբ իրականացված քայլերի համեմատ:

Խալիգ Բահադըրի փոխանցմամբ` Ադրբեջանում մամուլի ազատության լուրջ սահմանափակումներն սկսվել են Հեյդար Ալիևի շրջանից: Այն ԶԼՄ-ները, որոնք տպագրել են օբյեկտիվ ճշմարտություններ, արժանացել են Հեյդար Ալիևի թշնամանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս