Բաժիններ՝

Խորհրդային սթափարաններ. Կամ՝ ինչպես էին ԽՍՀՄ-ում իրականացնում «սթափությունը՝ որպես կյանքի նորմա» լոզունգը

Կոմունիզմի շինարար խորհրդային մարդը պետք է ունենար «բարոյական բարձր նկարագիր», այլ ոչ թե միլիցիոներների թևերից կախված` հասցվեր սթափարան: Սթափարան ընկնելը կարող էր փչացնել մարդու կարիերան, զրկել նրան առաջխաղացման հնարավորությունից և անդառնալի վնաս բերել նրա վարկին:

Ինչպես ԽՍՀՄ-ում առաջացան սթափարաններ

Միակ խոշոր խորհրդային քաղաքը, ուր սթափարաններ չկային, Երևանն էր: Հայաստանում ընդհանրապես այդպիսի հաստատություններ չկային: Խորհրդային Միության մյուս բոլոր անկյուններում տեղակայված էին սթափարաններ՝ յուրաքանչյուր 150-200 000 մարդու համար` 1 սթափարան սկզբունքով:

Կարդացեք նաև

Խորհրդային Միությունում սթափարաններ ի հայտ եկան դեռևս 20-րդ դարի 30-ական թթ. սկզբում: Դրանք գտնվում էին Առողջապահության ժողկոմատի ենթակայության ներքո, իսկ աշխատակիցներն էլ բժիշկներ էին, ոչ թե միլիցիոներներ: 40-ական թթ. Բերիայի անձնական հրամանով սթափարաններն անցան Ներքին գործերի ժողկոմատի ենթակայության տակ: Այնտեղ սկսեց հերթապահություն անել միլիցիան, սակայն կային նաև ֆելդշերներ, որոնք զննում էին բերված անձանց:

Ինչպես էին ընկնում սթափարաններ

Սթափարանների գլխավոր խնդիրը համարվում էր այն անձանց մեկուսացումն ու պահպանությունը, ովքեր իրենց արտաքին տեսքով և պահվածքով վիրավորում էին «հասարակության բարոյական նկարագիրը»:

«Հատուկ բուժծառայություն» գրառմամբ ավտոմեքենաներ նստեցնում էին բոլոր նրանց, ովքեր փողոցում խմում էին, օրորվելով քայլում, կամ էլ արդեն չէին էլ կարողանում քայլել: Սթափարանները սպասարկող ստորաբաժանումները, խորհրդային բոլոր կազմակերպությունների պես, ունեին պլան, որը պիտի կատարվեր: Այդ իսկ պատճառով էլ եռամսյակի վերջում սթափարաններ էին տարվում բոլոր այն անձինք, ում վրայից սպիրտի հոտ էր գալիս: Միլիցիոներների հերթապահությունն իրականացվում էր պարահրապարակներում և ռեստորաններում, գործարանների և այլ հաստատությունների մոտ: Աշխատավարձի օրերին սթափարաններում բերման ենթարկվածների պակաս չէր լինում:

Գորբաչովյան հակաալկոհոլային միջոցառումների շրջանում միայն Մոսկվայի սթափարաններ տարվա ընթացքում մուտք էր գործում շուրջ 300 000 մարդ: Այն ակտիվիստները, ովքեր միլիցիոներներին օգնում էին բռնել հասարակական կարգը խախտողներին, պարգևատրվում էին դեֆիցիտ ապիրտային խմիչքներ ձեռք բերելու կտրոնով:

Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր ընթանում. Մի քանի անգամ ԽՍՀՄ-ում արձանագրվեցին հարբած բունտեր, երբ, օրինակ, Չիմքենդում և Մուրոմում չբացահայտված հանգամանքներում սթափարաններում զոհվեցին մարդիկ: Այդ ժամանակ հազարավոր քաղաքացիներ, որպես բողոքի նշան, գրոհեցին միլիցիայի բաժանմունքները: Իսկ սթափարան տանող մեքենայի թափքում մի քանի մարդու զոհվելը 1972թ. սկիզբ դրեց «դնեպրոձերժինսկյան հեղափոխությանը»:

Ինչ էր կատարվում սթափարաններում

Կախված իրենց գտնվելու վայրից` սթափարանների պայմանները կարող էին խստորեն տարբերվել միմյանցից: Սովորաբար բերման ենթարկվածներին նստեցնում էին հատուկ նստարանների վրա, երբեմն կապում էին, եթե նստել չէին կարողանում: Ապա վերցնում էին նրանց մոտ եղած փաստաթղթերն ու գումարը, լուսանկարում էին, գրանցում անձնական տվյալները և ֆիքսում խմածության աստիճանը: Վերաբերմունքը կոպիտ էր, անգամ վայրեր կային, ուր գրեթե խուզում էին մազերը: Եվ վերջում՝ անպայման սառը ցնցուղ և քուն: Եթե բախտները բերեր, քնելու տեղում ծածկոց և և բարձ կլիներ: Չենթարկվողներին կապում էին մահճակալներին, իսկ կանանց տեղավորում էին հատուկ սենյակում:

Առավոտյան կարգազանցներին պարտադիր արթնացնում էին: Հերթապահ միլիցիոներից ճշտում էին այն անձանց ինքնությունը, ովքեր նախօրեին ի վիճակի չէին եղել իրենց մասին որևէ տվյալ հաղորդել: Ապա ֆելդշերը կրկնակի ստուգայց էր կատարում: Բոլոր կարգազանցներն այնտեղ գտնվելու համար պետք է տուգանք վճարեին: Բրեժնևյան դարաշրջանում վճարվող գումարը 10-25 ռուբլի էր, այդ ժամանակների համար՝ հսկայական թիվ, եթե հաշվի առնենք, որ միջին աշխատավարձը 120-160 ռուբլի էր:

Ի՞նչ վտանգներով կարող էր հղի լինել սթափարան ընկնելը

Հարբեցողության դեմ պայքարը ԽՍՀՄ-ում տարվում էր խորհրդային իշխանության հենց 1-ին տարիներից: Տասնյակներով տպագրվում էին սպիրտային խմիչքների օգտագործման վնասների մասին գուժող պլակատներ, հարբեցողության դեմ պայքարի նպատակով կազմված դրուժինաները շրջանառության մեջ դրեցին խմող մարդկանց տեղում լուսանկարելու և այդ նկարները շրջանառության մեջ դնելու պրակտիկան: Այդպիսի «պատվո տախտակի»  վրա հայտնվելու վտանգի առաջ էին կանգնած նաև սթափարանում հայտնվածները:

Ահազանգը, որ ինչ-որ հիմնարկի աշխատող կամ ուսանող գիշերն անցկացրել է սթափարանում, անմիջապես հասցվում էր տվյալ անձի աշխատանքի կամ ուսման վայրի տնօրինությանը: Դրան պարտադիր հետևում էր կուսակցական կամ կոմերիտական ժողով, ուր քննարկվում էր պատահածը, և ավարտվում խիստ նկատողությամբ: Կուսակցական կարիերա անելու ցանկություն ունեցողների համար սա շատ լուրջ պատիժ էր: Ուսանողի պարագայում վերջինիս գլխին կախվում էր հեռացման վտանգը: Միջին վիճակագրական խորհրդային աշխատող քաղաքացին էլ այդ դեպքում կարող էր զրկվել պարգևատրումից և, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձից», ինչպես նաև կարող էր հետ ընկնել բնակարան ստացողների հավակնություն ունեցողների հերթում: Կարգազանցը կարող էր մոռանալ նաև զեղչված գներով հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու մասին: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր ապահովված էին, կարող էին կոնկրետ գումարի դիմաց չստանալ այդ «երջանիկ զանգերը»:

Եթե ինչ-որ մեկը տարվա ընթացքում սթափարան մի քանի անգամ էր ընկնում, ապա նրան ուղարկում էին նարկոլոգիական դիսպանսեր կամ հիվանդանոցային բաժանմունք՝ հետազոտվելու: Նրան այդ դեպքում սպառնում էր նաև բուժական-աշխատանքային պրոֆիլակտորիա:

Ում չէին տանում սթափարան

Սթափարան չէին տանում անչափահասներին, հաշմանդամներին և հղիներին: Եթե կարգազանցի մոտ նկատվում էր «սպիտակ տենդ» կամ վնասվածքներ, անմիջապես ուղարկում էին հիվանդանոց: Զինվորականներին, Միլիցիայի և Պետանվտանգության  աշխատակիցներին հանձնում էին իրենց աշխատավայրերի ղեկավարությանը: Բայց թե վերը նշվածների, թե ժողովրդական պատգամավորների դեպքում պատիժն անխուսափելի էր:

Օտարերկրյա դիվանագետներին ևս չէին տանում սթափարան. Այդ անզգույշ քայլը կարող էր ավարտվել միջազգային դիվանագիտական սկանդալով: Իսկ ահա շարքային օտարերկրացիները կարող էին հայտնվել սթափարանում և հետո դեռևս շատ երկար հիշել այդ արկածը:

Քաղաքացիների միակ կատեգորիան, ում հասցնում էին մինչև տուն ու հանձնում հարազատներին, պետական բարձրագույն շքանշանների ասպետներն ու Խորհրդային Միության հերոսներն էին:

Սթափարանները խորհրդային քաղաքակրթական մշակույթի մի մասն էին, և նրանց մասին հիշատակություններ կան և խորհրդային ֆիլմերում («Աշնանային մարաթոն», «Աֆոնյա»), և երգիծական կինոալմանախներում, և Վ. Շուկշինի ու Վ. Վիսոցկու ստեղծագործություններում: Այդ հաստատությունների մասին ժողովուրդը հորինում էր անեկդոտներ և երգեր:

Ի դեպ, 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Ռուսաստանի այն քաղաքներում, ուր խաղերը կանցկացվեն, նախատեսում են բացել սթափարաններ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս