Բաժիններ՝

«Եթե հնարավոր է ՀՀ-ից մաքսանենգ ապրանք արտահանել, ուրեմն Հայաստանը դիտարկվում է՝ որպես մաքսանենգությանն աջակցող երկիր»

2017 թվականի հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝  Օդեսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ՝ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ՝ այդ թվում՝ Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne և CENTER ապրանքատեսակները: Սրանից հետո «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում հերքել էր այդ փաստը:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության զարգացման գծով տնօրեն Վլադլեն Վլասենկոնի դիտարկմամբ՝ այն փաստը, որ ապրանքը եղել է առանց ակցիզային դրոշմանիշի, չի համապատասխանում իրականությանը, և անգամ Ուկրաինայի կողմից հրապարակված նկարներում են երևում ակցիզային դրոշմանիշերը: Բացի այդ՝ նրա դիտարկմամբ՝ տրամաբանորեն 840.000 տուփ ծխախոտ մի մեքենայում անհնար է տեղափոխել:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության ապրանքն արտադրվել է Հայաստանում լեհական ընկերության համար: «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադևոսյանի հաղորդմամբ՝ ընկերությունը Լեհաստանի հետ պայմանագիր է կնքել 2016 թվականի դեկտեմբերի 6-ին՝ իրենց արտադրանքը Լեհաստան արտահանելու համար: Նրա խոսքով՝ Եվրամիության պահանջներին համապատասխան արտադրանք են արտադրել, որը պետք է տեղափոխվեր Երևանի-Վրաստան-Ուկրաինա-Լեհաստան ուղով:

Ահարոն Թադևոսյանը նշեց, որ ֆիսկալ մարմինների կամայականությունների շնորհիվ արտադրանքը մայիսի 21-ից Ուկրաինայում է, իսկ ապրանքն Ուկրաինայում պահելու համար ոչ մի հիմնավոր պատճառ չեն ներկայացրել այնքան ժամանակ, մինչև չեն պահանջել ապրանքը Հայաստան ուղարկել:

Կարդացեք նաև

«Բեռը բարեհաջող անցավ Վրաստանով, բայց Ուկրաինայում շատ անհասկանալի պայմաններում, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, բեռը կանգնեցրեցին, ոչ թողեցին՝ բեռն արտահանենք Ուկրայինայից դեպի Վրաստան, ոչ էլ կարողացանք բերել Հայաստան»,- նշեց Ահարոն Թադևոսյանը:

Ընկերության ներկայիս նպատակն արտադրանքը Հայաստան բերելն է:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հանրային կապերի պատասխանատու Նվեր Սարգսյանի պնդմամբ՝ երբ ուզում էին ետ վերադարձնել ապրանքը, մաքսատունը տվել էր թույլտվություն, բայց դրանից հետո անմիջապես գործին են խառնվել ֆիսկալ ծառայության մարմինները, հետաքննչական մարմինները, և մի պահ եղավ, երբ առհասարակ տեղեկություն ապրանքից չունեին:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադևոսյանի հաղորդմամբ՝ 840.000 տուփից 126.000-ն է եղել իրենցը, մնացածը եղել է ԱՄԷ-ի արտադրանքը: Նրա դիտարկմամբ՝ եթե ապրանքը ոչնչացվի, կլինի ոչ միայն 70.000 դոլարի կորուստ, այլ նաև բաց կթողնվի հնարավորությունը լեհական շուկա մուտք գործելու:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը ներկայումս ցանկանում է կառավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրին, քանի որ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սա արդեն դուրս է միայն ընկերության շահերից, սա ընդհանուր խնդիր է: Տեղեկացնենք, որ ընկերությունն արդեն նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ստացվում է, որ, եթե հնարավոր է Հայաստանից մաքսանենգ ապրանք արտահանել, նշանակում է, որ Հայաստանը դիտարկվում է՝ որպես մաքսանենգությանն աջակցող երկիր»,- ասաց Նվեր Սարգսյանը:

Իսկ թե իրենց կարծիքով՝ ինչո՞ւ են ապրանքն Ուկրաինայում պահում, Ահարոն Թադևոսյանը պատասխանեց.

«Մեր արտադրանքը բավականին մեծ համբավ ունի Հայաստանից դուրս, ու երևի դուրներն եկել է, այդ իսկ պատճառով էլ չեն ուզում մեր ապրանքը բաց թողնել»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս