«Դժվար է հիմա ասել՝ որքանով է կառավարության ծրագիրն իրատեսական, քանի որ մինչև հիմա որևէ տեղաշարժ չի երևացել». Վարդան Խաչատրյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ նշեց, որ դժվար է հիմա ասել, թե որքանով է այն իրատեսական, քանի որ մինչև հիմա, ըստ էության, որևէ տեղաշարժ չի երևացել:

«Եղել են խոստումներ, եղել է ծրագրային դրույթների հայտարարագրում, և ինչ-որ չափով նաև դրանց մեկնաբանություն է տրվել, բայց ուղղակի տեղաշարժերը, որ մենք ենթադրում ենք՝ կապված հասարակական բարեկեցության բարձրացման հետ, առանց որի երկրի դիմակայություն գոյություն չունի, առայժմ չկան»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի իրավիճակում, որ պետք է պատրաստ լինի կուտակել մաքսիմալ դիմակայության պոտենցիալ: Իսկ Հայաստանը դա չի կուտակել և չունի ինչ-որ բազա, որի վրա կարելի է հենվել համանման զարգացումներում հաջող հաղթահարում ապահովելու համար:

Նրա կարծիքով՝ ներկայումս ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, թե ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը, ինչպիսի՞ ելքեր կան:
Իսկ Վարդան Խաչատրյանի առաջարկած ելքը համայն հայության հնարավորությունների մեկտեղումն է, որն իր խոսքով՝ դեռևս առաջ չի շարժվում:

Կարդացեք նաև

Խոսելով 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածության մասին, նա ասաց, թե հավանական տարբերակ է, որ կարող է լինել այնպիսի գործիչ, որը շատ երկար ժամանակ մնացել է քաղաքական դաշտում, ինչպես, օրինակ՝ ՀՀ նախագահն է: Բայց այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է, թե ինչպիսին կլինի կողմնորոշումը տվյալ ժամանակահատվածում:

«ՀՀ-ն միայն Հայաստանով չի սահմանափակվում, նրա ներսում գոյություն ունեցող տատանումները, հնարավոր ուժերի ազդեցությունը կարող են արմատական փոփոխություններ իրենց մեջ կրել: Այդ իսկ պատճառով կանխատեսումներ անելը դժվար է: Կլինի ընտրությունը՝ կտեսնենք»,- հավելեց բանախոսը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս