![](/banners/BeFunky-design.jpg)
«Երևանը չի կարող դառնալ Հայաստանի միակ ուղեղային կենտրոնը. մարզերն են մեր երկրի հենարանը». Դավիթ Հարությունյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/Davit-Harutyunyan.jpg)
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում շեշտեց, որ միջոցառմանը մասնակցում է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ.
«Երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումն արտահայտի, և ես այստեղ եմ, որ ասեմ՝ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես և անկեղծ համագործակցելու։ Ես հայտնում եմ վարչապետի խոսքը՝ ողջ կառավարության անունից»։
Ըստ Հարությունյանի՝ կառավարությունն է քաղաքականության մշակման հիմնական պատասխանատուն, ինչպես նաև՝ դրա իրագործման պատասխանատուն․ «Սակայն, երբ մենք խոսում ենք պատասխանատվության մասին, պետք է հստակ գիտակցենք, որ պատասխանատվությունն ամենևին չի նշանակում՝ մեկուսացում։ Կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միմիայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիներից։ Դա հատկապես կարևորվում է Հայաստանում․մի երկրում, որն այդքան էլ հարուստ չէ բնական ռեսուրսներով, չունի ելք դեպի ծով, և մեր հիմնական ռեսուրսն արժանապատիվ մարդն է։ Այս առումով՝ մեր համատեղ աշխատանքը քաղհասարակության հետ, վստահ եմ, որ պետք է տա իր արդյունքները»։
Հետևաբար, ըստ նախարարի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն առաջին հերթին՝ կարևոր է նրանով, որ զարգանալու են քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները՝ մի քանի առումով․ «Խոսքը չի վերաբերում զուտ դժգոհությանը, այլ վերաբերում է փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն և հասարակական վերահսկողություն իրականացնելուն։ Սա հեշտ կարողություն չէ, շատ ավելի հեշտ է քննադատելը»։
Նրա խոսքով՝ ամենակարևորն իրար հետ աշխատել սովորելն է․
«Կապ չունի՝ քաղհասարակություն և իշխանությո՞ւն, թե՞ հենց քաղհասարակության ներսում. պետք է սովորել միմյանց հետ աշխատել։ Բայց, ցավոք, մենք ունենք շատ լուրջ անհանդուրժողականություն, շատ հաճախ աշխարհը տեսնում ենք միմիայն սև և սպիտակ գույներով։ Ի սկզբանե կառավարությունը ողջունել էր այս ծրագիրը։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, և ողջունելի է, որ աշխատանքն ակտիվորեն կազմակերպվելու է նաև մարզերում։ Չի կարող Երևանը դառնալ Հայաստանի միակ և հիմնական ուղեղային կենտրոնը։ Ավելին, քաղաքականության մշակումը զուտ կենտրոնում կարող է քաղաքականությունն ուղղել զուտ կենտրոն։ Մարզերն են մեր երկրի հենարանը, և ես կարծում եմ, որ ծրագիրն այս առումով գնահատելի է»։