Ինչո՞ւ են ԱՄՆ-ում մտահոգ, որ Իվանկա Թրամփը նստել էր հոր աթոռին

Գերմանիայի Համբուրգ քաղաքում վերջերս անցկացված Մեծ քսանյակի գագաթաժողովից մնացած հուշերից մեկը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի անվան հետ, որը գագաթաժողովի նիստերից առնվազն մեկի ժամանակ ներկայացրել էր հորը՝ նստելով նրա աթոռին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մեծ քսանյակի գագաթաժողովի մասին ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաները խոսում են մեծ ոգեւորությամբ։ Օրինակ Սպիտակ տան խոսնակ Ռեինս Փրիեբուսի խոսքերով, Դոնալդ Թրամփն այնտեղ աստղի էր վերածվել։

«Եվ փաստն այն է, որ նա իր խոստումի համաձայն, շարժվում է ՝՝Ամերիկան՝ առաջինը՛՛ նշանաբանով»։

Սակայն ոմանց թվում է, որ Թրամփն առաջին տեղում է դնում իր ընտանիքի անդամներին։ Նրան այժմ քննադատում են նրա համար, որ գագաթաժողովի նիստերից առնվազն մեկի, որոշ քննադատների կարծիքով՝ մի քանի նիստերի ժամանակ Թրամփը դուրս է եկել սրահից ու իր աթոռը հատկացրել դստերը՝ Իվանկային։

Թրամփի քննադատները սա համարում են աննախադեպ երեւույթ եւ դիվանագիտական արարողակարգի ոտնահարում։

Ֆինանսների նախկին նախարար Լորենս Սամերսը «Ֆայնենշըլ Թայմս» եւ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթերում գրում է. «Չկա որեւէ նախադեպ, երբ կառավարության որեւէ ղեկավարի չափահաս զավակը նման կերպ իր տեղն է գրավում։ Դա վիրավորական էր բոլոր ներկաների համար եւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր»։

Սակայն նախագահը ճիշտ է, երբ հայտարարում է, թե Մեծ քսանյակը պաշտպանել է Իվանկային այս հարցում։ Հիշեցնենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսքերն այն մասին, որ պատվիրակություններն իրենք են որոշում, թե որ հանդիպումների ընթացքում է նախագահը բացակայելու, եւ այդ դեպքում ով է զբաղեցնելու նրա տեղը։

«Չէ՞ որ Իվանկա Թրամփը պատվիրակության անդամ էր։ Նույն բանն անում են մյուս պատվիրակությունները եւս։ Բոլորին է հայտնի, որ Իվանկա Թրամփն աշխատում է Սպիտակ տանը, եւ այնտեղ ունի որոշակի պարտականություններ»։

Սպիտակ տան խոսնակներից Սառահ Հեքըբի Սանդերսն Իվանկա Թրամփի նկատմամբ հնչող քննադատությունները համարում է «վիրավորական հարձակում»։

«Եթե նա չկրեր նույն ազգանունը, նրա դեմ ոչ թե հարձակումներ կիրականացվեին, այլ գովեստի խոսքեր կհնչեին նրա հասցեին, այդ նիստին մասնակցելու համար»,- ասել է նա։

Այո, Դոնալդ Թրամփի դուստրը եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները նախագահի պաշտոնական խորհրդականներն են։ Եվ մտահոգիչը Թրամփի քննադատների համար այնքան այն չէ, թե ինչու էր Իվանկան նստել նրա աթոռին, այլ այն, որ Սպիտակ տունը կառավարելու եւ Թրամփի ընտանիքին պատկանող բիզնեսը ղեկավարելու միջեւ բաժանարար գիծն աստիճանաբար ավելի է դառնում անտեսանելի։

Տեսանյութեր

Լրահոս