
Թուրքիայի կառավարությունում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ կլինեն

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է ընդունել երկրի կառավարության աշխատակազմերում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ իրականացնելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Գործողությունները մեկնարկել են հուլիսի 10-ի առավոտյան, 43 մարդու ձերբակալման հրաման կա: Նշվում է, որ բոլոր կասկածյալները ByLock հավելվածի օգտատերեր են:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: