Կայացավ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը

Եվ այսպես, հուլիսի 7-ին Համբուրգում տեղի ունեցեավ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը։ Հանդիպումն ինքնին պատմական կարելի է համարել՝ հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունների ներկայիս մակարդակը և համաշխարհային գործընթացներում երկու գերտերությունների ներգրավվածությունն ու շահերի բախումները։ Դրանից զատ, եթե հաշվի առնենք, թե ինչ մեղադրանքներ են հնչում ԱՄՆ-ում վերջին ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, պատկերն առավել հետաքրքրական է դառնում։

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև Պուտինի անձնական գործոնն ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում, հանդիպումն իրոք սպասված էր։ Ի սկզբանե պարզ էր, որ համաշխարհային խնդիրների թնջուկը հնարավոր չէր քննարկել և որոշակի արդյունքների հասնել նախատեսված 45 րոպեների ընթացքում, այդ իսկ պատճառով հանդիպումն ավելի երկար տևեց։ Ընդհանուր առմամբ «ճանաչողական» հանդիպումը կարելի է համարել կայացած։ Ի դեպ, հատկանշական է, որ Պուտինն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է հանդիպել ԱՄՆ չորս նախագահների՝ Քլինթոնի, Բուշի, Օբամայի և արդեն՝ Թրամփի հետ։ Պուտին-Թրամփ առաջին ձեռքսեղմումը տեղի ունեցավ այլ պետությունների առաջնորդների ներկայությամբ՝ ընդհանուր սրահում։ Միայն դրանից հետո էր նախանշված երկկողմ հանդիպումը։

Հանդիպման նախաշեմին փորձել էի շարադրել հարցերի այն շրջանակը, որոնք երկու գերտերությունների ղեկավարները պետք է քննարկեին իրենց առաջին հանդիպման ընթացքում։ Իհարկե, դրանք հիմնականում վերաբերում էին երկկողմ հարաբերություններին՝ մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև   մի շարք միջազգային խնդիրների, մասնավորապես՝ Ուկրաինային, Սիրիային, Հյուսիսային Կորեային և Մերձավոր Արևելքում և Կատարի շուրջ զարգացող ճգնաժամին։ Իհարկե, երկու պետությունների ղեկավարները չէին կարող շրջանցել համաշխարհային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի թեման, ինչը ժամանակակից աշխարհի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։

Ինչպես և կանխատեսել էի, Ուկրաինայի վերաբերյալ անդրադարձը կրեց զուտ ցուցադրական բնույթ։ Որևէ հայտարարություն կամ տեղեկատվական արտահոսք չեղավ այն մասին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Ղրիմը, վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականութունը, կամ, ասենք, որպես նախապայման է դրել այս հարցը պատժամիջոցները հանելու համար։ Իհարկե, քննարկվեց Սիրիան, որտեղ բախվում են ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլև Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլ պետությունների և ահաբեկչական կազմակերպությունների շահերը։

Երկու պետությունների ղեկավարները հստակ գիտակցում են, որ չեն կարող լուծել Սիրիական ճգնաժամը՝ առանց փոխգործակցության, և սա չափազանց կարևոր է։ Կանխատեսել էի նաև Հյուսիսային Կորեայի խնդրի քննարկումը միջուկային անվտանգության կոնտեքստում։ Այս հարցում Թրամփը վճռական է տրամադրված, սակայն կարծես դեռևս չի կարողանում հստակ գործողությունների և քայլերի հերթականություն շարադրել։ Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին և Կատարի շուրջ զարգացումներին, ապա այստեղ նույնպես լուրջ ներգրավվածություն ունեն երկու պետություններն էլ, առավել ևս, որ Թրամփն ամիսներ առաջ միլիարդավոր դոլարների զենք ու զինատեսակներ է վաճառել Սաուդյան Արաբիային (360 մլրդ դոլարի) և Կատարին (12 մլրդ դոլարի)։

Աշխարհի համար՝ ընդհանրապես, և փոքր երկրների համար՝ մասնավորապես, չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվում, երբ գերտերությունների հարաբերությունները լարված են, և փոքր պետությունները ստիպված են լինում որոշակի կողմնակալ դիրքորոշում ունենալ, կամ չափազանց բարդ պայմաններում մանևրել: Դա առավել ցցուն է լինում, եթե այդ երկրները գտնվում են այնպիսի տարածաշրջանում, որտեղ շահերի բախումը զգալի մասշտաբների է հասնում։ Այս առումով, իհարկե, Հայաստանը նույնպես բացառություն չէ, և երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվեցին, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, դրա բացասական ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի և տնտեսության վրա անխուսափելի եղավ։

Օրեր առաջ կանխատեսել էի նաև, որ երկու նախագաների կարճատև հանդիպումը կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա առավել ընդգրկուն քննարկման և հանդիպման համար։ Այդպես էլ եղավ, երկու նախագահները հայտարարեցին, որ լուրջ անելիքներ ունեն, և անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն այն խնդիրների մասին, որոնց շուրջ առաջին հանդիպման ժամանակ միայն մտքեր էին փոխանակել։ Սա, ինչ խոսք, կարևոր նախադրյալ է հետագա համագործակցության համար, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու կողմերի համար էլ համագործակցությունը կենսական նշանակություն ունի. Պուտինի համար՝ տնտեսության զարգացման տեսանկյունից, իսկ Թրամփի համար՝ միջազգային խնդիրները կարգավորելու տեսանկյունից:

ՍՈւՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս