Բաժիններ՝

«Քանի դեռ Ադրբեջանն օգուտ է ստանում իր ռազմական դիվանագիտությունից, նա անընդհատ այդ սադրանքներին գնալու է». Մանվել Սարգսյան

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, Ադրբեջանի վերջին օրերի ակտիվացումը շատերը պայմանավորում են բուլղարական թերթի հայտնի սկանդալային բացահայտումներով։ Կարծիքներ կան, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ հրապարակումից։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի ագրեսիան։

– Ես տարիներ շարունակ նկատում եմ, որ, երբ ինչ-որ դիվանագիտական աշխուժություն է լինում, կամ հիմա նշանակել են արտգործնախարարների հանդիպում, սովորաբար Ադրբեջանն օգտագործում է իր, այսպես ասած՝ ռազմական դիվանագիտությունը։ Մինչ այդ նման մթնոլորտ է ստեղծում՝ որպես ճնշման լծակ։ Հիմա էլ է նույնն անում, որովհետև արտգործնախարարները պետք է հանդիպեն։ Անցած հանդիպման ժամանակ էլ տեսանք, որ անգամ հանդիպման օրը զինվոր սպանեցին։ Ադրբեջանն այդ մեխանիզմն օգտագործում է՝ որպես ճնշման լծակ Հայաստանի, միջնորդների վրա։

– Միջազգային հանրության արձագանքը բուլղարական թերթի հրապարակմանն ինչպե՞ս կգնահատեք, չէ՞ որ հենց նրանք էին միշտ հայտարարում ահաբեկչության դեմ պայքարի մասին, բայց, ինչպես հրապարակումը ցույց տվեց, նրանցից շատերն էլ են ներգրավված եղել ահաբեկիչներին զինելու գործում։

– Սովորաբար նման բաները սենսացիա են դառնում, բայց այս անգամ կարծես մեզնից այն կողմ որևէ մեկը դա չի նկատել։ Դա ոչ ոքի չհետաքրքրեց, դա Հայաստանին հետաքրքրող նյութ էր, և դրա համար միայն մեզ մոտ է խոսվում։

– Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ հրապարակման բացահայտումները։

– Դա ընդամենը հրապարակում է, ուրիշ ոչինչ, և որևէ կերպ չենք կարող օգտագործել։

– ԱՄՆ Պետդեպարտամենտը հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած դեպքերի հետ կապված հայտարարություն տարածեց, որտեղ իր խիստ մտահոգությունն էր հայտնում։ Ժամանակը չէ՞ ավելի կտրուկ գործողությունների դիմել, ի՞նչ կարող է անել ԱՄՆ Պետդեպն այս ուղղությամբ։

– Ընդհանրապես նկատել եմ, որ Ադրբեջանն այս անգամ այդքան էլ չի հասել իր քաղաքական նպատակներին։ Երևի հույս ունեին՝ մեծ աղմուկ բարձրացնել, մանավանդ՝ մանկահասակ երեխայի սպանության լուրը տարածելով, բայց դա այն արձագանքը չստացավ, ինչ իրենք էին ուզում։ Մյուս կողմից էլ՝ մեր այն կեղծ համոզմունքը, որ միջազգային հանրությունը պետք է այս անի, այն անի… Դա հայկական դիվանագիտության մանկամտությունն է, որ, չգիտես ինչու, միջազգային հանրությունը պետք է քո հարցերը լուծի։ Ես չգիտեմ՝ դա ինչի՞ համար են անում, որովհետև Հայաստանում էլ, Արցախում էլ իշխանություններն ու տարբեր պաշտոնյաներ շատ են սիրում ասել՝ սա հարված է միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը սա պետք է անի, նա պետք է անի։

Դա մեր գործիքների ոչ կոմպետենտության և, ինչ-որ տեղ, ամեն կերպ արդարանալու ինչ-որ տեխնոլոգիա է։ Քաղաքականության մեջ այդպիսի հեքիաթներով ոչ ոք չի ապրում։ Եթե անելիք ունեն, ապա Հայաստանը կամ Արցախը պետք է իրենց քաղաքականությունը մշակեն, որ Ադրբեջանի սադրանքային քաղաքականությունը նրան քաղաքական կամ դիվանագիտական հաջողություններ չբերի։ Քանի դեռ տարիներ շարունակ Ադրբեջանն օգուտ է ստանում իր ռազմական դիվանագիտությունից, նա անընդհատ այդ սադրանքներին գնալու է։ Բայց ես չեմ նկատել, որ այստեղ քաղաքագիտական, դիվանագիտական կոնկրետ մշակված դիրքորոշում լինի, որը չեզոքացնի Ադրբեջանի նման քաղաքականությունը։ Դրա համար տարիներ շարունակ մենք գործ ունենք այդ քաղաքականության հետ, որովհետև դա ինչ-որ կերպ օգուտ բերում է Ադրբեջանին։

– Իսկ ի՞նչ քայլեր պետք է արվեն մեր կողմից։

– Եթե գիտեք, որ ձեր հակառակորդն այդ քաղաքականությունն է որդեգրել, պետք է մտածեք, չէ՞, այնպես անել, որ այդ քաղաքականությունը հակառակ էֆեկտն ունենա. ամեն կրակոց բերի նրան, որ Ադրբեջանն անընդհատ քաղաքական և դիվանագիտական կորուստներ ունենա։ Կարո՞ղ եք դա անել, արեք, չե՞ք կարող, շարունակելու ենք այս մանկական դիվանագիտությունը՝ միջազգային հանրությունն այսպես է, այնպես է, մեր դիրքորոշումները նույնն են, Ադրբեջանն իզոլյացված է, և այլն։

– Խոսակցություններ կան, որ Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Արցախի հարցը. ըստ Ձեզ՝ Արցախի հարցն այս պահին ընդգրկվա՞ծ է ԱՄՆ-ի օրակարգում։

– Եթե ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարություններ են արվում, ինչպես, օրինակ՝ Պետդեպի, դեսպանների հայտարարությունները, բնական է, որ հարցը կա իրենց քաղաքականության մեջ։ Բայց թե նոր նախագահն ինչ մոտեցումներ ունի այս հարցի հետ կապված՝ մենք դեռ հստակ պատկերացումներ չունենք։ Եթե այդ մասին ելույթ կամ հայտարարություն լինի Թրամփի կողմից, ապա կարելի է ինչ-որ եզրակացությունների գալ։ Օբամայի ժամանակ նմանատիպ հայտարարություններ մի քանի անգամ եղել են, և դրանից կարելի էր ենթադրություն անել՝ որն էր ԱՄՆ-ի շահագրգռվածությունը, հետաքրքրությունը։

Թրամփի հետ կապված դեռ չունենք նախադեպ, որ կարողանանք հստակ եզրակացություններ անել։

– Առհասարակ ուրվագծվո՞ւմ է, թե որոնք են Թրամփի վարչակարգի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և մեր տարածաշրջանն արդյո՞ք դրանց մեջ է։ Մենք տեսանք, որ Թրամփը հատկապես կարևորում է Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները։

– Դա բնական է. Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականության կիզակետում է, ամեն ինչ այնտեղ է կենտրոնացած։ Հայաստանում նման բաներ չկան։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունը մենք հստակ տեսնում ենք։ Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Օբամայի վարչակարգը մեծ խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, նրանք հեռացան, բայց այդ վիճակը կարծես թե մնաց։ Հիմա նոր բան չենք տեսնում, որովհետև երևում է, որ, օրինակ՝ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ նոր հարաբերություններ ստեղծել, հայտարարություններ են անում, բայց որևէ կոնկրետություն չկա՝ փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Իսկ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մոտեցումները մենք հստակ տեսնում ենք։ Այս տարի էլ ԱՄՆ-ը հստակ խնդիր է դրել՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումներ անելու։ Հստակ երևում է, որ ԱՄՆ-ի կողմից շահագրգռվածությունը շատ մեծ է, բայց արդյունք դեռ չկա, որևէ բան չի վերածվել ծրագրերի։ Ես չգիտեմ՝ դա մեր իշխանության պահվածքի հե՞տ է կապված, թե՞ ոչ։

– Պարոն Սարգսյան, ԱՄՆ-ը առնվազն հայտարարությունների մակարդակով կոշտ դիրքորոշում է հայտնում Իրանի նկատմամբ։ Շատ փորձագետներ ասում են, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի նաև Հայաստանի վրա։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։

– Գուցե ազդի, գուցե՝ ոչ, որովհետև անցյալի փորձը ցույց է տվել, որ ունենալով մեծ խնդիրներ Իրանի հետ՝ ԱՄՆ-ը Հայաստանին որևէ կերպ պարտադրանքների տակ չի դրել։ Հայաստանն ավելի ազատ է Իրանի հետ հարաբերություններում, և ես կարծում եմ՝ դեռ փոփոխություն չկա այդ դիրքորոշման մեջ։ Այլ հարց է, որ դա կարող է հենց Իրանի պահվածքով ազդել մեզ վրա, նայած, թե ինչ քաղաքականություն է վարում Իրանը Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։ Այստեղ մենք կարող ենք ինչ-որ վտանգներ տեսնել, բայց դեռ Իրանի կողմից էլ չի երևում որևէ տեղաշարժ իր դիրքորոշման մեջ՝ կապված ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշման հետ։ Ընդամենը դիրքորոշումը կա, ընդամենն Իրանը հայտարարված է չարիք, և դեռ հստակ չէ, թե Իրանն ինչպես է իրեն դրսևորելու։ Որևէ փոփոխություն չկա նրա վարքագծում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս