«Կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմը լինելու է երկարաժամկետ»
ԱՄՆ Պետդեպարտամենտը հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ը՝ կոչ անելով կողմերին՝ զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից: Միաժամանակ ՄԱԿ-ը խստորեն հորդորում է կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա բռնությունը կանխելու նպատակով:
«Ամենասեղմ ժամկետներում բանակցային սեղանի շուրջ բարի կամքով վերադառնալը միակ ճանապարհն է՝ լուծելու այս երկարատև ու վտանգավոր հակամարտությունը»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարություն են տարածել` կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանն այս առնչությամբ ասել է. «Եղան դեպքեր, երբ ՄԽ-ն ինչ-որ տեղ փորձում էր հասցեական հայտարարություններ անել, բայց դա պետք է լինի պարբերաբար: Իհարկե, միջազգային ցանկացած կառույցի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը դեմ տեսանկարահանող, մշտադիտարկման սարքերի տեղադրմանը, որովհետև դա հիմք կհանդիսանա իրականությունը բացահայտելու համար:
Բայց նման սադրանքներով որևէ նպատակի հնարավոր չէ հասնել, ՄԽ-ն էլ է դա շատ լավ գիտակցում, որ իրենց կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմն անընդհատ ձգձգվող է և լինելու է երկարաժամկետ: Այդ պատճառով մենք նորից մոտակա հանդիպումների ժամանակ այս շեշտադրումը պետք է անենք, և դա արդեն իսկ սկսվել է տարբեր հանդիպումների ընթացքում, որ ՄԽ-ն իր հեղինակությունը բարձրացնելու և չհեղինակազրկվելու համար պետք է ավելի ինտենսիվ քայլերի անցնի և ավելի հասցեական գնահատականներ տա:
Սակայն իրականությունն այն է, ինչ նշում եք, և առայժմ չունենք այն, ինչ ցանկանում ենք` հասնել Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: Իսկ դրան հասնելու համար միջազգային կառույցների անմիջական միջամտությունն անհրաժեշտ է, որովհետև, երբ ասում ենք` սա երկու երկրների խնդիրն է, մեր թշնամին անկանխատեսելի է, որևէ պայման չի պահում, օրինակ` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, 1994թ. պայմանագրի կետերը, բանակցությունների, հանդիպումների ժամանակ նրանք ասում են մի բան, բայց գործողություններով անում են հակառակը: Այստեղ մեծ անելիք ունի Մինսկի խումբը, և ինձ թվում է, որ ՄԽ անմիջական միջամտությունը խիստ անհրաժեշտություն է, որովհետև այն միակ կառույցն է, որ դե ֆակտո և դե յուրե զբաղվում է այդ խնդրով»:
Իսկ քաղաքագետ Մանվել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել է.
«Ադրբեջանն այս անգամ այդքան էլ չի հասել իր քաղաքական նպատակներին։ Երևի հույս ունեին՝ մեծ աղմուկ բարձրացնել, մանավանդ՝ մանկահասակ երեխայի սպանության լուրը տարածելով, բայց դա այն արձագանքը չստացավ, ինչ իրենք էին ուզում։
Մյուս կողմից էլ՝ մեր այն կեղծ համոզմունքը, որ միջազգային հանրությունը պետք է այս անի, այն անի… Դա հայկական դիվանագիտության մանկամտությունն է, որ, չգիտես ինչու, միջազգային հանրությունը պետք է քո հարցերը լուծի: Ես չգիտեմ՝ դա ինչի՞ համար են անում, որովհետև Հայաստանում էլ, Արցախում էլ իշխանություններն ու տարբեր պաշտոնյաներ շատ են սիրում ասել՝ սա հարված է միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը սա պետք է անի, նա պետք է անի։ Դա մեր գործիքների ոչ կոմպետենտության և, ինչ-որ տեղ, ամեն կերպ արդարանալու ինչ-որ տեխնոլոգիա է։
Քաղաքականության մեջ այդպիսի հեքիաթներով ոչ ոք չի ապրում։ Եթե անելիք ունեն, ապա Հայաստանը կամ Արցախը պետք է իրենց քաղաքականությունը մշակեն, որ Ադրբեջանի սադրանքային քաղաքականությունը նրան քաղաքական կամ դիվանագիտական հաջողություններ չբերի։
Քանի դեռ տարիներ շարունակ Ադրբեջանն օգուտ է ստանում իր ռազմական դիվանագիտությունից, նա անընդհատ այդ սադրանքներին գնալու է։ Բայց ես չեմ նկատել, որ այստեղ քաղաքագիտական, դիվանագիտական կոնկրետ մշակված դիրքորոշում լինի, որը չեզոքացնի Ադրբեջանի նման քաղաքականությունը։ Դրա համար տարիներ շարունակ մենք գործ ունենք այդ քաղաքականության հետ, որովհետև դա ինչ-որ կերպ օգուտ բերում է Ադրբեջանին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: