«Ադրբեջանն իրեն դուրս է դնում համաշխարհային խաղի կանոններից և արհամարհում է միջազգային հանրության կարծիքը». Սամվել Ֆարմանյան
«Համաշխարհային հանրության համար սա հետաքրքիր նորություն պետք է լինի: Մեզ համար, կարծում եմ, այդքան էլ հետաքրքրություն կամ նորություն չի պարունակում այն առումով, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, մեզ համար ավելի ճանաչելի և տեսանելի է: Բայց, անշուշտ, սա խոսում է մի հանգամանքի մասին, որ այդ երկիրը, ըստ էության, իրեն դուրս է դնում համաշխարհային խաղի կանոններից և խոշոր հաշվով արհամարհում է միջազգային հանրության կարծիքը: Սա է իրականությունը, և սա ևս մեկ ապացույց է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով բուլղարական «Տրուդ» թերթի բացահայտումները, որ Ադրբեջանի պետական Silk Way բեռնատար ավիաընկերությունը դիվանագիտական չվերթերով ահաբեկիչներին զենք է մատակարարել:
Դիտարկմանը, որ, փաստորեն, Ադրբեջանն աջակցում է ահաբեկչությանը, իսկ Ռուսաստանը և մյուս գերտերությունները պատերազմ են հայտարարել ծայրահեղականներին, պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, Ս.Ֆամանյանը պատասխանեց, որ միանշանակ ակնհայտ է, որ առանց պետական իշխանության նախաձեռնության, առանց պետական իշխանության մասնակցության, նաև՝ դեսպանությունների, նման ընկերությունը նման ծավալի թռիչքներ չէր իրականացնի, և զենքը, որը մատակարարվել է տարբեր, նաև, ինչպես ընդունված է ասել՝ թեժ կետերում, նույն ձևով հայտնվել է նաև միջազգային խմբավորումների ձեռքին, որոնք որակվում են՝ որպես ահաբեկիչներ:
Ըստ նրա` գնահատականներ պետք է տան միջազգային այն կազմակերպությունները, որոնք պատասխանատվություն ունեն, բայց դա խոսում է Ադրբեջանի` որպես պետության, դեմքի և ունեցած օրակարգի մասին:
«Հայաստանի Հանրապետությունն այդ հարցերում, որքան էլ կարևոր, բայց փոքր խաղացող է, մենք մեր կարծիքն ունենք, ամեն անգամ բարձրաձայնում ենք այդ մասին: Դա շարունակությունն է նրա, ինչ իրենք կատարում են շփման գծում, դա շարունակությունն է նրա, ինչ կատարվում է երկրի ներսում, և այլն: Մենք գործ ունենք ժողովրդավարական վերահսկողության տեսանկյունից ձախողված, խանական պետության հետ` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ ժամանակակից միջազգային հարաբերությունները, թեև կան կարգավորումներ, միջազգային իրավունքի նորմեր, կազմակերպություններ, կանոնադրություններ, բայց գործում է քաղաքական նպատակահարմարության հանգամանքը, որը մենք պետք է իմանայինք նաև մեր պատմությունից:
Հարցին` քանի դեռ Ադրբեջանը նավթ ունի, այդ միջազգային հանրությունը ոչինչ էլ չի՞ անի, Ս.Ֆարմանյանը պատասխանեց. «Չգիտեմ` նավթը կամ այլ հանգամանք, բայց գործում է քաղաքական նպատակահարմարությունը, և, եթե դա համարվի քաղաքականապես նպատակահարմար, վստահ եմ՝ այդ դեպքը բավարար է ոչ միայն խոսելու, այլ նաև սանկցիաներ կիրառելու համար: Եթե քաղաքականապես աննպատակահարմար է, կարելի է լուռ անցնել դրա կողքով»: