«Հետո կխոսենք պարոն Ջավադյանի հետ՝ ինչու ենք իրենք ավելի համեստ աճ նախատեսում». Կարեն Կարապետյան
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Կառավարության եզրակացության նախագծին։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ ապագային միտված ընդհանուր քաղաքականությունը և մակրոտնտեսական զարգացումները, որոնք Կենտրոնական բանկը կանխատեսում է, համահունչ են կառավարության կանխատեսումներին, մի փոքր տարբերություն կա տնտեսական աճի կանխատեսման հետ կապված։
«Մեր եզրակացությունն այն է, որ ապագային միտված ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի գնաճը հնարավորինս արագ վերադառնա իր թիրախին՝ 4±1.5 տոկոսին։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ այս տարի՝ 2017թ. վերջին, արդեն թիրախի ներքին սահմանագծում կլինենք։
Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ պետք է պահպանվի ճկուն փոխարժեքի ռեժիմը, որն իրականացվել է 2016թ., այսինքն՝ հնարավորին չափով քիչ միջամտություն պետք է իրականացվի։ 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին արդեն փաստացի վկայություն ունենք, որ Կենտրոնական բանկը գրեթե չի միջամտում արժութային շուկաներին, որը շատ լավ է։ Ջանքներ պետք է գործադրվեն նաև փոխանցման մեխանիզմների ուժեղացման մասով։ Այս մասով երևի թե մենք էլ անելիք ունենք՝ կապիտալի շուկայի զարգացման առումով և ապադոլարացման քաղաքականության առումով»,- ասաց Վարդան Արամյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչում է Կառավարության և Կենտրոնական բանկի տեսակետի տարբերությունը։
Վարդան Արամյանը պարզաբանեց, որ իրենք տնտեսական աճի՝ ավելի բարձր տեմպեր են նախատեսում։
«Հիմնական տարբերությունն այն է, որ պահանջարկի և ներդրումների մասով համեմատաբար ավելի համեստ աճեր է նախատեսում Կենտրոնական բանկը, մենք համեմատար ավելի ագրեսիվ ջանքեր ենք նախատեսում։ Դրանից էլ ածանցված գնաճային միջավայրը 2017թ. վերջում կարծում ենք՝ մի փոքր ավելի բարձր կլինի։ Խոսքն ընդամենը 0.5-0.6 տոկոսային կետերի մասին է, բայց ընդհանուր մակրոտնտեսական սցենարը համահունչ է»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը։
«Հետո կխոսենք պարոն Ջավադյանի հետ՝ ինչու ենք իրենք ավելի համեստ աճ նախատեսում»,- ասաց Կարեն Կարապետյանը։